Անցնել բովանդակությանը

ՀՈՒԼԻՍԻ 7, 2015
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի դատարանները պատրա՞ստ են ընդունել զինծառայությունից հրաժարվելուն առնչվող միջազգային չափանիշները

Հարավային Կորեայի դատարանները պատրա՞ստ են ընդունել զինծառայությունից հրաժարվելուն առնչվող միջազգային չափանիշները

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը մեկ անգամ ևս կքննի, թե արդյոք կառավարության կողմից համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը չճանաչելը բխում է Սահմանադրությունից։ * Ընդամենը չորս տարի առաջ՝ 2011թ.-ին, դատարանը սահմանեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին «Զինծառայության մասին» Հարավային Կորեայի օրենքի համաձայն հետապնդելը չի ոտնահարում սահմանադրությունը։ Դատարանը նույն դիրքորոշումն է հայտնել նաև 2004 թվականի իր որոշման մեջ։

Այս անգամ դատարանը աննախադեպ քայլի կդիմի՝ 2015թ. հուլիսի 9-ին քննելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների երեք գործեր համատեղ։ Տարբեր կազմակերպություններ երրորդ կողմի կարծիք (amicus curiae) են ներկայացրել դատարան՝ ի պաշտպանություն այդ իրավունքի։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարումը համարվում է միջազգային իրավունքի ճանաչված չափանիշ, այդ պատճառով Հարավային Կորեայի կողմից այդ փոփոխությունը կատարելուց հրաժարվելը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։

Միջազգային հանրության ուշադրությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն կոչ է արել Հարավային Կորեային փոխել իր դիրքորոշումը։ 2006թ.-ից այս Կոմիտեն հինգ որոշում է կայացրել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող ավելի քան 500 քաղաքացիների առնչությամբ * և սահմանել է, որ Հարավային Կորեան պետք է օրենսդրական փոփոխություններ կատարի, որպեսզի երաշխավորի համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների իրավունքը։

Լոնդոնում գործող հեղինակավոր «Միջազգային համաներում» իրավապաշտպան կազմակերպությունը նշել է համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների միջազգային օրը՝ 2015թ. մայիսի 13-ին հրապարակված հոդվածում ուշադրություն հրավիրելով համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների նկատմամբ Հարավային Կորեայի վերաբերմունքի վրա։ Հոդվածը հիմնական շեշտը դնում էր զորակոչային տարիքի Եհովայի վկաների և նրանց ծանր կացության վրա, որը առաջացել է Հարավային Կորեայի գործող օրենսդրության պատճառով։ Նույն շաբաթ տարբեր միջազգային լրատվական միջոցներ, օրինակ՝ Սի-Էն-Էն-ը և «Վաշինգտոն փոստը» հրապարակեցին հոդվածներ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի մասին և այդ դիրքորոշումը ունեցող երիտասարդ Վկաների մասին։

Դատավորները դիլեմայի առաջ են

Երբ Եհովայի վկաներից մեկը հրաժարվում է զինծառայությունից, դատավորները սովորաբար նրանց մեղավոր են ճանաչում զորակոչից խուսափելու համար։ Սակայն դատավորները հաճախ դեմ են գնում իրենց խղճին, երբ դատապարտում են Վկաներից մեկին, որի միակ «հանցանքը» անկեղծ կրոնական համոզմունքներ դավանելն է։ * Մի անգամ Սուվոնի շրջանային դատարանի նախագահող դատավորը արտասվեց, երբ մի Վկայի նկատմամբ մեղադրական վճիռ կայացրեց, քանի որ օրենքով այլընտրանք չկար։

2015թ. մարտի 12-ին Քվանգջուի շրջանային դատարանի դատավորը արդարացման վճիռ կայացրեց երեք Վկաների գործով։ Դատավորը այդ որոշումը կայացրեց հակառակ հաստատված նախադեպին՝ լսելով իր խղճի ձայնին։ Փորձելով փոխել դեպքերի ընթացքը՝ նա ասաց. «Սա ընդամենը մի կայծ է, որը դուք կարող եք մեծ հրդեհի վերածել»։ Դատախազը բողոքարկել է վճիռը։

Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին դատապարտելու փոխարեն՝ շրջանային դատարանների յոթ դատավորներ նրանց գործերը ուղարկեցին Սահմանադրական դատարան՝ չնայած 2004-ից 2011 թվականներին Սահմանադրական դատարանի կայացրած որոշումներին։ Նշված դատավորները հրաժարվում են ազատազրկել այս երիտասարդներին զուտ այն պատճառով, որ նրանք հետևում են իրենց խղճի թելադրանքին։ Սեուլի Հյուսիսային մարզի դատարանի դատավոր Յանգ-հուն Գանը, որը քննում է այդ գործերից մեկը, նշեց, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժելը «հավասարազոր է նրանց իրավունքները և ինքնությունը մերժելուն։ Միանշանակ դա ոտնահարում է մարդու արժանապատվությունը»։

Դատավորներին կոչ արվեց «ճնշում բանեցնել դատարանների վրա»

2014թ. դեկտեմբերին Կորեայի փաստաբանների միությունը համաժողով անցկացրեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների վերաբերյալ։ Գլխավոր ելույթի ժամանակ Գերագույն դատարանի նախկին դատավոր Սու Ան Չենը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի որոշումները և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերը կոչեց «ազգային անպատվություն»։ Նա նշեց, որ «հարյուրավոր երիտասարդներին ազատազրկելը չի կարող արդարացվել» և կոչ արեց համաժողովին ներկա դատավորներին և փաստաբաններին «ճնշում բանեցնել դատարանների վրա», որպեսզի այդ գործերը քննվեն միջազգային չափանիշներին ներդաշնակ։

Տիկին Չենը իր ելույթը եզրափակեց՝ նշելով. «Մենք պետք է հնարավորինս շուտ ընդունենք այլընտրանքային ծառայությունը.... Այլընտրանքային ծառայության մասին օրենքի ընդունումը Կորեայի պատմության մեջ շրջադարձային կլինի և առաջին կին-նախագահի իշխանության ներքո մարդու իրավունքների ոլորտում մեծ ձեռքբերում։ Միայն այս կերպ կարող ենք վերացնել մարդու իրավունքների հարցերում հետամնաց երկիր լինելու համբավը»։

Արդյոք Սահմանադրական դատարանը կհետևի՞ միջազգային չափանիշներին

Տասնամյակներ շարունակ Եհովայի վկաները Հարավային Կորեայում բանտարկության մեջ են եղել իրենց կրոնական համոզմունքների պատճառով։ Անհամբերությամբ սպասելով դատարանի որոշմանը՝ Վկաները հարցնում են. «Սահմանադրական դատարանի դատավորները պատրա՞ստ են պաշտպանելու համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Արդյոք Հարավային Կորեայի դատարանների որոշումները ներդաշնակ կլինե՞ն մարդու իրավունքների առնչությամբ միջազգային չափանիշներին»։

^ պարբ. 2 Կորեայի Հանրապետությունը չի ճանաչում համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը։ Անցած 60 տարիներին բանտարկվել են ավելի քան 18000 Եհովայի վկաներ, ովքեր հրաժարվել են զինծառայությունից իրենց անկեղծ կրոնական համոզմունքները դավանելու համար։ Հարավային Կորեայում բանտարկված Վկաների ներկայիս ցուցակը կարող եք տեսնել «Ազատազրկված՝ հավատի համար—Հարավային Կորեա» վերնագրի տակ։

^ պարբ. 5 Որոշումներ թիվ 1321/2004 և 1322/2004, U.N. Doc. CCPR/C/88/D/1321-1322/2004, 3 նոյեմբերի 2006թ.; որոշումներ թիվ 1593-ից 1603/2007, U.N. Doc. CCPR/C/98/D/1593-1603/2007, 23 մարտի 2010թ.; որոշում թիվ 1642-1741/2007, U.N. Doc. CCPR/C/101/D/1642-1741/2007, 24 մարտի 2011թ.; որոշում թիվ 1786/2008, U.N. Doc. CCPR/C/106/D/1786/2008, 25 հոկտեմբերի 2012թ.; որոշում թիվ 2179/2012, U.N. Doc. CCPR/C/112/D/2179/2012, 15 հոկտեմբերի 2014թ.