Անցնել բովանդակությանը

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի գլխավոր վարչությունը Սեուլում (Հարավային Կորեա)

ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2017
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը կոչ է անում հարգել խղճի ազատությունը

Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը կոչ է անում հարգել խղճի ազատությունը

2016թ. դեկտեմբերի 9-ին Կորեայի Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) հրապարակել է իր կարծիքը Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող գործերի վերաբերյալ։ Այնտեղ նշվում էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի մասին։ Վերլուծելով մարդու իրավունքների ներկայիս չափանիշները՝ այն եզրակացրեց, որ մարդու հիմնարար իրավունքը ենթակա չէ որևէ սահմանափակման և պետք է պաշտպանվի կառավարության կողմից։

Հատկանշական է, որ Հանձնաժողովի կարծիքում նշվում էր, որ մարդու այս հիմնարար իրավունքը «արդարացի հիմք է» զինծառայությունից հրաժարվելու համար։ Այն կոչ էր անում կառավարությանը «հասարակության համար օգտակար այլընտրանքային ծառայության» հնարավորություն ստեղծելու միջոցով ներդաշնակեցնել խղճի ազատության սահմանադրական արժեքները զինծառայություն կատարելու պարտավորությանը։

Կարծիքում նշվում էր, որ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու ներկայիս պրակտիկան որևէ նպատակ չի հետապնդում։ Այնտեղ ասվում էր. «Պատժի նպատակը պետք է լինի հանցագործությունները զսպելը կամ կանխելը։ Սակայն համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների մեծ մասը չի զղջում իր որոշման համար կամ չի փոխում իր որոշումը պատժի սպառնալիքի ներքո.... Հետևաբար պատիժը իր նպատակին չի ծառայում»։

Հանձնաժողովը կրկին հաստատեց 2005թ. դեկտեմբերի 26-ի իր որոշման մեջ արտահայտած դիրքորոշումը, ըստ որի՝ Կորեայի Հանրապետությունը պետք է ստեղծի այլընտրանքային ծառայության հնարավորություն, որը թույլ կտա համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքի և ազգը պաշտպանելու պարտավորության ներդաշնակ գոյակցումը *։ Մարդու իրավունքները պաշտպանելու պարտավորությունից դրդված՝ Հանձնաժողովը իր կարծիքը ներկայացրել է Սահմանադրական դատարան։

«Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը պաշտպանվում է խղճի ազատությամբ, ինչը ամրագրված է Սահմանադրությամբ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային իրավունքով։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին զինապարտության մասին օրենքը խախտելու համար պատժելը, երբ հնարավորություն կա թույլատրելու նրանց կատարել իրենց պարտավորությունը այլընտրանքային ծառայության տեսքով, միջամտում է խղճի ազատության իրավունքին» (Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովի՝ 2016թ. նոյեմբերի 28-ի որոշում)։

Հաջողության հասնելու հնարավորություն

Հանձնաժողովի որոշման վերաբերյալ իր մեկնաբանության մեջ իրավագիտության պրոֆեսոր Ջաե-սեունգ Լին նշում է. «Եթե Հարավային Կորեայի կառավարությունը վճռի պաշտպանել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու «մարդու հիմնարար իրավունքը», գուցե ստեղծի քաղաքացիական բնույթի այլընտրանքային ծառայության հնարավորություն։ Եթե այդպես վարվի, ես կառաջարկեի հետևել այլընտրանքային ծառայության վերաբերյալ միջազգային չափանիշներին, որպեսզի այդ ծրագիրը լիովին հաջողվի»։

Եհովայի վկաների տեղի խոսնակ Դաե-իլ Հոնգը ասում է. «2012թ. օգոստոսից ի վեր, երբ Սահմանադրական դատարանը կրկին քննեց այս հարցը, ավելի քան 2000 Վկա երիտասարդներ են ազատազրկվել։ Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ Սահմանադրական դատարանը այնպիսի որոշում կկայացնի, որը ներդաշնակ կլինի միջազգային չափանիշներին, որոնցով հարգվում են խաղաղությունն ու մարդկային կյանքը։ Հուսով ենք, որ Վկա երիտասարդները այլևս չեն ազատազրկվի և հնարավորություն կունենան ծառայելու հանրությանը՝ առանց իրենց խղճին դեմ գնալու»։

^ պարբ. 5 2008թ. հուլիսի 11-ին Մարդու իրավունքների ազգային հանձնաժողովը երկրորդ անգամ կոչ արեց պաշտպանության նախարարին համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների համար ստեղծել այլընտրանքային ծառայության հնարավորություն։ Բացի այդ, 2007թ. նոյեմբերի 26-ին Հանձնաժողովը մի կարծիք հրապարակեց, որում դատապարտում էր համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող պահեստազորայիններին կրկին ազատազրկելը։