Անցնել բովանդակությանը

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանի՝ 2015թ. հուլիսի 9-ի դատական նիստը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 2016
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը շուտով նշանակալից որոշում կհրապարակի

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը շուտով նշանակալից որոշում կհրապարակի

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը կրկին քննում է զինծառայության մասին օրենքի հիման վրա զինծառայությունից հրաժարվողներին պատժի ենթարկելու սահմանադրականության հարցը, որի վերաբերյալ շուտով շրջադարձային որոշում կկայացնի։ Դատարանի որոշումը ակնկալվում էր դեռ վաղուց, քանի որ այս հարցի վերաբերյալ դռնբաց դատական նիստը տեղի է ունեցել 2015թ. հուլիսին։ Վերջերս Դատարանի նախագահ Հան-չուլ Պարկը հաստատեց, որ որոշումը պետք է կայացվի նախքան իր պաշտոնավարման ժամկետի լրանալը՝ 2017թ. հունվարի 30-ը։

Որոշում, որը կանդրադառնա հազարավորների վրա

Հարավային Կորեայի սահմանադրական դատարանը երկրի բարձրագույն ատյանն է, որը օժտված է օրենքի սահմանադրականությունը որոշելու իշխանությամբ։ Դատարանին կրկին խնդրանք է ներկայացվել նորից քննելու զինծառայության մասին օրենքի այն դրույթը, որի հիման վրա կրոնական համոզմունքների հիմքով զենք վերցնելուց հրաժարվող անձանց նկատմամբ ազատազրկման տեսքով պատիժ է նշանակվում։ Դատարանը պետք է սահմանի, թե արդյոք պատիժը հակասում է Հարավային Կորեայի Սահմանադրությանն ու խղճի և կրոնի ազատության երաշխիքներին։

Եթե Դատարանը սահմանի, որ կառավարության կողմից տասնամյակներ շարունակ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելը հակասահմանադրական է, Հարավային Կորեան ստիպված կլինի վերանայել վերջիններիս հանդեպ իր վերաբերմունքը։ Դրական արդյունքը հավանաբար կհանգեցնի նրան, որ կառավարությունը կդադարի հետապնդել, դատապարտել և ազատազրկել այն երիտասարդներին, ովքեր խղճի հիմնավորմամբ հրաժարվում են զինծառայությանը մասնակցելուց։

Խառնաշփոթ դատական պրակտիկայում

Սահմանադրական դատարանը նախկինում՝ 2004 և 2011թթ.-ին, քննել է այս հարցը։ Երկու անգամ էլ դատարանը սահմանել է, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին պատժող օրենքի դրույթը սահմանադրական է։ Նմանապես Գերագույն դատարանը, որը Հարավային Կորեայում բողոքներ քննող գլխավոր և վերջին ատյանն է, 2004թ.-ին և 2007թ.-ին կայացրած իր որոշումներով սահմանել է, որ կրոնական համոզմունքներ ունենալը հիմնավոր պատճառ չէ զորակոչից հրաժարվելու համար։ Չնայած բարձրագույն ատյանի այս որոշումներին՝ օրենքի կիրառման հարցը դեռ լուծված չի համարվում նույնիսկ դատարաններում։

Հարավային Կորեայի տարբեր դատական ատյաններ իրենց անհանգստությունն են հայտնել համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին ազատազրկելու կապակցությամբ։ Այս հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2011թ. որոշումից հետո Դատարանը վարույթ է ընդունել այդ հարցի վերաբերյալ մարզային դատարանների կողմից ներկայացված 7 և անհատների կողմից ներկայացված 22 դիմումները։ Գերագույն դատարանի որոշումները նույնպես վիճարկվել են, և զինծառայությունից հրաժարվելու վերաբերյալ ավելի քան 40 գործ գտնվում է Սահմանադրական դատարանի վարույթում։ 2015թ. մայիսից սկսած՝ առաջին ատյանի դատարանները կայացրել են համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներին անմեղ ճանաչելու վերաբերյալ ինը որոշում։

2016թ. հոկտեմբերին վերաքննիչ դատարանը նշեց այն ներքին պայքարի մասին, որ կա ստորին և բարձր դատական ատյաններում. «Դեռ երբեք այսքան խառնաշփոթ չէր եղել օրենքի ընդամենը մեկ դրույթի կիրառման և մեկնաբանման շուրջ»։ Այդ նույն վերաքննիչ դատարանը իր որոշմամբ առաջին անգամ անմեղ ճանաչեց համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երեք անձանց։ Սեուլի փաստաբանների միությունը ողջունեց այդ որոշումը՝ համարելով այն «պատմական»։ Սեուլի փաստաբանների միության նախագահ Հան-կյու Կիմը նշեց, որ այժմ վերջին խոսքը Սահմանադրական դատարանինն է։

«Դեռ երբեք այսքան խառնաշփոթ չէր եղել ընդամենը օրենքի մեկ դրույթի կիրառման և մեկնաբանման շուրջ» (Քվանգջուի շրջանային դատարան, քրեական երրորդ վարչություն, Լակ-հուն Չոյի գործով դատավճիռ, 2016թ. հոկտեմբերի 18)։

Երկար սպասված հանգուցալուծումը մոտ է

Պրն Կիմը նաև նշեց. «Հանրությունը մեծ ակնկալիքներով սպասում է այս հարցի հետ կապված [Սահմանադրական դատարանի] դրական որոշմանը։ Համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողները շարունակում են պատժվել՝ չունենալով այլընտրանքային ծառայություն կատարելու հնարավորություն։ Կոչ է արվում, որ Սահմանադրական դատարանը՝ մարդու իրավունքների պաշտպանության վերջին օղակը, հնարավորինս շուտ հրապարակի իր որոշումը»։

Վերջին ավելի քան 60 տարվա ընթացքում Հարավային Կորեայում Եհովայի վկաների գրեթե յուրաքանչյուր ընտանիք առնչվել է այս հարցին, քանի որ ընտանիքում հայրը, որդին կամ եղբայրը ազատազրկվել են զինծառայությունից հրաժարվելու համար։ Զինծառայությունից հրաժարվողների օգտին կայացրած որոշումը վերջ կդնի բազմաթիվ երիտասարդների ազատազրկմանն ու դատապարտմանը, ինչը անարդյունավետ է և բացասական ազդեցություն է ունենում, ինչպես նաև կապահովի խղճի և կրոնի ազատության իրավունքի իրականացումը բոլոր քաղաքացիների համար։

Բոլորի ուշադրությունը այժմ կենտրոնացած է Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշման վրա։