ՀՈՒՆՎԱՐԻ 25, 2017
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ
«Տարվա լավագույն դատական որոշումը»
Երեք երիտասարդներ Հյե-մին Կիմը, Լակ-հուն Չոն և Հյոնգ-գեուն Կիմը թեթևացած դուրս եկան վերաքննիչ դատարանից. նրանք ուրախ էին, որ դատարանը նրանց չէր դատապարտել ազատազրկման։ Նման որոշումը անակնկալ էր, քանի որ նրանց գործերը կապված էին խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու հետ, ինչի պատճառով Հարավային Կորեայում յուրաքանչյուր տարի հարյուրավոր երիտասարդներ դատապարտվում են ազատազրկման։ Քանի որ երկար ժամանակ չլուծվող այս հարցի պատճառով նրանց հայրերն ու ավելի քան 19000 այլ անհատներ նախկինում ազատազրկվում էին, այդ երեքը սպասում էին, որ նույն պատիժը կկրեն։ Քվանգջուի վերաքննիչ դատարանի արդարացման պատմական որոշումը հիմք դրեց այս հարցի դրական լուծմանը։
Վերաքննիչ դատարանը կայացնում է «տարվա լավագույն դատական որոշումը»
Առնվազն 200 լրատվական միջոցներ հաղորդեցին այդ որոշման մասին՝ ոչ միայն ընդգծելով վերաքննիչ դատարանի կայացրած առաջին արդարացման որոշման արդյունքները, այլև հետաքրքրություն առաջացնելով այդ հարցի վերաբերյալ։ Թերթերից մեկը այն անվանեց «տարվա լավագույն դատական որոշումը», իսկ մեկ ուրիշը այն դասեց 2016թ.-ին Հարավային Կորեայում կայացված լավագույն հինգ դատական որոշումների շարքին։
Վերաքննիչ դատարանի որոշումը ցույց է տալիս, որ այս հարցի հետ կապված դատավորների և իրավական ոլորտում մասնագետների դիրքորոշումը դրական զարգացում է ստանում։ Վերջերս մի քանի գործերի քննության ընթացքում դատավորները նկատեցին, որ այդ երիտասարդները ունեն անկեղծ և խոր բարոյական համոզմունքներ, և հասկացան, որ իրենց կայացրած որոշմամբ, որով կա՛մ ստիպում են նրանց կատարել զինծառայություն, կա՛մ պատժում են դրանից հրաժարվելու համար, ոտնահարվում է այդ անհատների խղճի ազատությունը։ Դատավորները եզրակացրին, որ այդ երիտասարդները «հիմնավոր պատճառ» ունեն զինծառայությունից հրաժարվելու համար։ Նրանց զինծառայությունից խուսափողներ համարելու փոխարեն՝ վերջին 20 ամիսներին դատարանները կայացրել են 16 արդարացման որոշում։
«Այս միտումը ուշագրավ է»,— ասում է փաստաբան Դու-ջին Օհը, որը ներկայացրել է խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողներից շատերին։ Նա նշում է. «Ուրախ եմ տեսնել, որ առաջին ատյանի դատարաններում արդարացման դատավճիռների թիվը գնալով մեծանում է, իսկ վերջերս նման որոշում կայացրեց նաև բարձր ատյանի դատարանը։ Ճիշտ է, յուրաքանչյուր գործով ակնկալվում է, որ դատախազը կբողոքարկի այդ որոշումները, սակայն դրանք արդեն իսկ ընդգծում են Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող խղճի ազատության իրավունքի վերաբերյալ հարցի կարևորությունը և ցույց են տալիս, որ Հարավային Կորեայի դատական մարմինների դիրքորոշումը ակնհայտորեն փոփոխվել է»։
Փնտրում են լուծում
Հարավային Կորեայի բնակիչները սպասում են Սահմանադրական դատարանի որոշմանը։ Այդ բարձրագույն ատյանը քննում է խղճի ազատության սահմանադրական երաշխիքները և զինապարտության մասին օրենքով նախատեսված պատիժը այն անձանց համար, ովքեր իրականացնում են այդ ազատությունը, քանի որ ունեն խոր կրոնական կամ այլ համոզմունքներ, ինչի պատճառով հրաժարվում են զինծառայությունից։
Հարավային Կորեայում Եհովայի վկաների խոսնակ Դաե-իլ Հոնգը նշում է. «Հարավային Կորեայում հազարավոր ընտանիքներ կողջունեն այն լուծումը, որով կհարգվեն այն երիտասարդների կրոնական սկզբունքները, որոնց հնարավոր չէ ստիպել գործելու իրենց խղճի դեմ։ Անհամբերությամբ սպասում ենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որով կհարգվի այս երիտասարդների արժանապատվությունը»։