ՆՈՅԵՄԲԵՐԻ 17, 2023 | ԹԱՐՄԱՑՎԱԾ: ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 2023
ՀՆԴԿԱՍՏԱՆ
ԹԱՐՄԱՑՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ—Հնդկաստանում տեղի ունեցած ողբերգության զոհերի թիվը հասել է 8-ի
2023 թ. դեկտեմբերի 2-ին՝ շաբաթ, մի 76-ամյա եղբայր, ով ծառայում էր որպես երեց և ռահվիրա, մահացավ Կերալայում (Հնդկաստան) տեղի ունեցած պայթյուններից ստացած վնասվածքների պատճառով։ Ցավոք, դեկտեմբերի 7-ին՝ հինգշաբթի, նրա թանկագին կինը, ով ևս ռահվիրա էր, վնասվածքների պատճառով նույնպես մահացավ։ Ընդհանուր հաշվով՝ այս զարհուրելի ողբերգության հետևանքով 8 հավատակից զոհվել է։
2023 թ. հոկտեմբերի 29-ին՝ կիրակի, Հնդկաստանի Կերալա նահանգում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովին մի քանի ռումբեր պայթեցին։ Ցավոք, 3 հոգուց բացի՝ մահացել են ևս 1 եղբայր և 2 քույր։ Նրանց թվում են այն 12-ամյա աղջկա մայրն ու եղբայրը, ով մահացել էր ավելի վաղ։ Բացի այդ՝ 11 եղբայրներ ու քույրեր դեռևս գտնվում են հիվանդանոցում։
2023 թ. նոյեմբերի 4-ին Հնդկաստանի մասնաճյուղը հարձակումից տուժածներին մխիթարելու և քաջալերելու համար մի հատուկ հանդիպում կազմակերպեց, որի կարիքը բոլորը շատ ունեին։ Հանդիպմանը հրավիրվեցին 21 ժողովներից եղբայրներ ու քույրեր, ովքեր ներկա էին եղել այն համաժողովին, որի ժամանակ տեղի էր ունեցել պայթյունը։ Ծրագիրը ներկայացվեց Թագավորության սրահում՝ 200 ունկնդիրների առջև, 1 300 հոգի էլ միացավ տեսակոնֆերանսի միջոցով։ Իսկ ծրագրի ձայնագրությունը հասանելի դարձավ հիվանդանոցում գտնվողներին։ Մասնաճյուղից մի երեց քննարկեց Սաղմոս 23։1-ը և ընդգծեց, թե Եհովան որքան հոգատար է իր յուրաքանչյուր ծառայի հանդեպ. «Այս համարում սաղմոսերգուն չի ասում, որ Եհովան ինչ-որ մի հովիվ է կամ գերազանց հովիվ է։ Սաղմոսերգուն նշում է, որ Եհովան «իմ Հովիվն է»։ Որքա՜ն մխիթարական է իմանալ, որ Եհովան անհատապես հետաքրքրված է մեզանից յուրաքանչյուրով»։
Մի եղբայր, ով պայթյունի ականատեսներից է, խոստովանում է, որ մինչև հիմա դժվարանում է քնել։ Չնայած դրան՝ նա աջակցում է հիվանդանոցում գտնվողներին։ Եղբայրն ասում է. «Նրանց հավատն ու դրական տրամադրվածությունը օգնեցին, որ մոռանամ իմ անհանգստությունները։ Չնայած վնասվածքներին և ցավերին՝ շատերը ուրախությամբ երգում են Թագավորության երգերը»։ Մեկ այլ եղբայր նշում է. «Հնարավոր է՝ մեր սիրելի հավատակիցներից երկար ժամանակ պահանջվի, մինչև վերադառնան բնականոն կյանքին։ Սակայն գիտեմ, որ եղբայրությունը կշարունակի սիրով պարուրել նրանց։ Վստահ եմ, որ մեր հոգատար Աստվածը իր հզոր ձեռքերի մեջ է առել նրանցից յուրաքանչյուրին։ Դա այնքա՜ն քաջալերական է»։
Որպես համաշխարհային միասնական ընտանիք՝ մենք մխիթարություն ու հանգստություն ենք գտնում՝ իմանալով, որ Եհովան շարունակում է «բուժել սրտով կոտրվածներին» և կապել Հնդկաստանի մեր սիրելի հավատակիցների վերքերը (Սաղմոս 147։3)։