ՀՈՒՆԻՍԻ 18, 2020
ՀՆԴԿԱՍՏԱՆ
Հնդկաստանում թարգմանիչները շարունակում են իրենց գործը՝ չնայած համավարակին
COVID-19 համավարակը նոր դժվարություններ է ստեղծել Հնդկաստանի 11 թարգմանչական գրասենյակների համար, որոնք թարգմանում են մեր հրատարակությունները 36 լեզուներով։ Եհովայի աջակցությամբ այս խմբերում ծառայողները այդ խնդիրները լուծելու կերպեր են գտնում և շարունակում են իրենց գործը։
Թարգմանչական գործը համագործակցություն է պահանջում։ Սակայն COVID-19-ի բռնկման պատճառով Հնդկաստանում խիստ արգելափակում եղավ, ինչի հետևանքով թարգմանիչները այլևս չէին կարող միասին նույն տեղում աշխատել։ Նույն խնդրին բախվեցին նաև աուդիո և վիդեո ձայնագրություններն իրականացնող մեր հավատակիցները։
Թարգմանչական գրասենյակներում ծառայողները սկսեցին տեսազանգով միանալ և աշխատել։ Ձայնագրությունները նույնպես արվում էին հեռահար։ Այս մեթոդի շնորհիվ թարգմանիչներին կարողացան օգնել նաև այլ երկրների, ինչպես օրինակ, Բանգլադեշի և Միացյալ Նահանգների մեր քույրերն ու եղբայրները։
Եղբայրները կարողացան նոր մեթոդներ գտնել նաև ժեստերի լեզվով տեսանյութեր թողարկելու համար, որոնց շնորհիվ հնարավոր է սոցիալական հեռավորություն պահպանել։ Որոշ թարգմանիչներ իրենց ննջասենյակները դարձրին ձայնագրման ստուդիաներ՝ ձայնագրությունները կատարելու տեխնիկան փոխարինելով իրենց ձեռքի տակ եղած միջոցներով։ Օրինակ՝ պրոֆեսիոնալ տեսախցիկները փոխարինվեցին բջջային հեռախոսներով, իսկ տեսախցիկի եռոտանի հենակները՝ ստվարաթղթե արկղերով։
Թարգմանչական գրասենյակներում ծառայողները ոչ միայն գործնական հնարքներ են կիրառում, այլև այս դժվար ժամանակներում դրական տրամադրվածությունը պահպանելու և իրենց գործը արդյունավետորեն կատարելու համար Եհովային են ապավինում։ Ահա թե ինչ են ասում նրանցից ոմանք։
Եղբայր Խոսե Ֆրանսիսը Կալկաթայից նշում է. «Դժվար իրավիճակներում մարդիկ գուցե միայն պատը տեսնեն, սակայն Եհովան կարող է դրանից այն կողմ տեսնել»։
Բանգալորից քույր Բինդու Ռանի Չանդան ասում է. «Երբ տեսնում եմ, թե Եհովան ինչպես է գործում իմ միջոցով այս վտանգավոր ժամանակներում, անսահման ուրախանում եմ»։
Քույր Ռուբինա Պատելը, որը Վադոդարայից է, այսպես արտահայտեց իր զգացումները. «Ոչինչ չի կարող կանգնեցնել Եհովային և նրա կազմակերպությանը, նույնիսկ կորոնավիրուսը»։
Մենք հպարտանում ենք մեր այն հավատակիցներով, ովքեր ջանասիրաբար կատարում են թարգմանչական գործը։ Համոզված ենք, որ նրանց հաջողությունների հետևում Եհովայի հզոր սուրբ ոգին է։ Հենց այդ ոգու շնորհիվ է, որ կատարվում է Հիսուսի մարգարեությունը. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։