Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 2014
ՀՆԴԿԱՍՏԱՆ

Արդեն 30 տարի Հնդկաստանի Գերագույն դատարանի պատմական որոշումը երաշխավորում է խոսքի ազատությունը

Արդեն 30 տարի Հնդկաստանի Գերագույն դատարանի պատմական որոշումը երաշխավորում է խոսքի ազատությունը

Հնդկաստանի հարավ-արևմուտքում գտնվող Կերալա քաղաքում 1985թ. հուլիսի 8-ին երեք երեխաների օրը դպրոցում սկսվեց սովորականի պես։ Սակայն այդ օրը դպրոցի տնօրենը կարգադրեց դպրոցականներին երգել «Ջանա գանա մանա» ազգային հիմնը։ Բոլորը պետք է ոտքի կանգնեին ու երգեին։ Սակայն 15-ամյա Բիջոն և նրա 2 քույրերը՝ 13-ամյա Բինու-Մոլը ու 10-ամյա Բինդուն, չենթարկվեցին կարգադրությանը։ Լինելով Եհովայի վկաներ՝ նրանք անկեղծորեն հավատում են, որ հիմն երգելը կռապաշտության ձև է և անհավատարմության դրսևորում իրենց Աստծու՝ Եհովայի հանդեպ։ Ուստի նրանց խիղճը թույլ չտվեց ենթարկվել կարգադրությանը։

Վ. Ջ. Էմմանուելը՝ երեխաների հայրը, խոսեց տնօրենի և ավագ ուսուցիչների հետ, ովքեր համաձայնեցին թույլ տալ երեխաներին մասնակցել դասերին՝ առանց այդ կարգադրությունը կատարելու։ Սակայն դպրոցի աշխատակիցներից մեկը լսեց այդ զրույցը և հայտնեց ուրիշներին այդ մասին։ Ի վերջո դրա մասին իմացավ Օրենսդիր խորհրդի անդամներից մեկը, ով բարձրացրեց այդ հարցը խորհրդում, քանի որ կարծում էր, որ երեխաների նման վարքը հակաազգային է։ Շատ չանցած՝ դպրոցի ավագ տեսուչը կարգադրեց տնօրենին դպրոցից հեռացնել երեխաներին, եթե նրանք չերգեն ազգային հիմնը։ Պարոն Էմմանուելը դիմեց դպրոցի տնօրինությանը երեխաներին հետ ընդունելու խնդրանքով։ Սակայն ապարդյուն։ Նա խնդրագիր ներկայացրեց Կերալայի բարձր ատյան։ Երբ դատարանը մերժեց խնդրագիրը, նա բողոքարկեց Հնդկաստանի գերագույն դատարան։

Գերագույն դատարանը պաշտպանում է սահմանադրական իրավունքները

1986թ. օգոստոսի 11-ին գերագույն դատարանը բեկանեց «Բիջո Էմմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» գործով Կերալայի բարձր ատյանի որոշումը։ Դատարանը սահմանեց, որ «կրոնական համոզմունքներին հավատարիմ մնալու» համար երեխաներին դպրոցից հեռացնելը ոտնահարում է Հնդկաստանի սահմանադրությունը։ Դատավոր Օ. Չիննապպա Ռեդդին նշեց. «Օրենքի ոչ մի դրույթ.... չի պարտավորեցնում որևէ մեկին երգել»։ Դատարանը սահմանեց, որ ազատ խոսքի և արտահայտվելու իրավունքը նաև ներառում է լռելու իրավունք, և որ ազգային հիմնի կատարման ընթացքում կանգնած մնալը արդեն իսկ պատշաճ հարգանքի դրսևորում է։ Դատարանը պարտավորեցրեց դպրոցի տնօրինությանը հետ ընդունել երեխաներին։

Դատավոր Ռեդդին նշեց նաև հետևյալը. «Նրանք [Եհովայի վկաները] չեն երգում ազգային հիմնը, լինի դա «Ջանա գանա մանա»-ն Հնդկաստանում, «Գադ սեյվ դը Քուին»-ը՝ Բրիտանիայում, «Դը սթար-սփանգըլդ բեննըր»-ը Միացյալ Նահանգներում, թե մեկ այլ.... Նրանք չեն երգում զուտ այն պատճառով, որ ունեն անկեղծ համոզմունքներ և իրենց կրոնը թույլ չի տալիս իրենց մասնակցել որևէ ծիսակատարության, բացի իրենց Աստծուն՝ Եհովային մատուցվող աղոթքներից»։

Այս գործը կրոնական իրավունքները պաշտպանելու նախադեպ է սահմանել

«Բիջո Էմմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» գործը միանշանակ կարևոր գործ է, քանի որ այն հաստատում է, որ ոչ ոքի չի կարելի ստիպել խախտել իր կրոնական համոզմունքները։ Թեև Դատարանը ճանաչում է, որ մարդու իրավունքները բացարձակ չեն և ենթակա են սահմանափակման՝ ի պաշտպանություն հասարակական կարգի, բարոյականության և առողջության, սակայն սահմանափակում է պետության՝ քաղաքացիների վրա կամայական և անհամամասն արգելքներ դնելու լիազորությունը։ Որոշմամբ սահմանվում էր. «Յուրաքանչյուր աշակերտի ստիպել երգել ազգային հիմնը՝ հակառակ իր անկեղծ կրոնական համոզմունքների.... միանգամայն կխախտի [Հնդկաստանի Սահմանադրության] 19-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 25-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված իրավունքները»։

Այս որոշումը նաև երաշխավորում է փոքրամասնությունների սահմանադրական ազատությունները։ Այնուհետև Դատարանը նշում է. «Իսկական ժողովրդավարությունն այն է, որ փոքրամասնություն համարվող ամենափոքր խմբերի՝ սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները պաշտպանվեն»։ Դատավոր Ռեդդին ավելացնում է. «Մեր անձնական տեսակետներն ու արձագանքը էական չեն։ Եթե անհատը ունի անկեղծ և խոր կրոնական համոզմունք, դա պաշտպանվում է [Սահմանադրության] 25-րդ հոդվածով»։

«Մեր ավանդույթները սովորեցնում են հանդուրժող լինել, մեր փիլիսոփայությունը քարոզում է հանդուրժողականություն, մեր Սահմանադրությունը գործադրում է հանդուրժողականություն. թող որ մենք չիմաստազրկենք այն» (դատավոր Օ. Չիննապպա Ռեդդի)

Որոշման ազդեցությունը հասարակության վրա

«Բիջո Էմմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» գործը լայն արձագանք է գտել և քննարկվել է խորհրդարանում։ Այս որոշումը իրավաբանական ֆակուլտետներում կրթական ծրագրի մեջ է մտնում, երբ ուսուցանվում է սահմանադրական իրավունք։ Իրավաբանական պարբերականներում և լրատվական հոդվածներում դրան հղում է կատարվում որպես Հնդկաստանում հանդուրժողականություն խթանող վճռորոշ մի նախադեպի։ Որոշումը էականորեն նպաստել է բազմակրոն հասարակության դավանանքի ազատությանը։ Այն երաշխավորում է ազատ խոսելու և արտահայտվելու իրավունքը Հնդկաստանում, երբ էլ որ այդ իրավունքը փորձեն սահմանափակել։

Սահմանադրական իրավունքների պաշտպանությունը օգուտ է բերում բոլորին

Էմմանուելների ընտանիքն այսօր. (հետևի շարք՝ ձախից աջ) Բինու, Բիջո և Բինդու, (առջևի շարք) Վ. Ջ. Էմմանուել և Լիլիկուտտի

Ժամանակին Էմմանուելների ընտանիքին ծաղրեցին, իշխանությունները նրանց վրա սկսեցին ճնշում գործադրել, նույնիսկ սպառնացին սպանել, սակայն նրանք չեն ափսոսում, որ կառչած են մնացել իրենց կրոնական համոզմունքներին։ Բինդուն՝ դուստրերից մեկը, ով հիմա ամուսնացած է և երեխա ունի, պատմում է. «Ի զարմանս ինձ՝ հանդիպեցի մի փաստաբանի, ով ուսանողական տարիներին ուսումնասիրել էր մեր գործը։ Նա իր մեծ գնահատանքը հայտնեց այդ իրավաբանական պայքարի համար, որ Եհովայի վկաները մղել են հանուն մարդու իրավունքների»։

Վ. Ջ. Էմմանուելը պատմում է. «Վերջերս ես պատահականորեն հանդիպեցի Գերագույն դատարանի դատավոր Կ. Տ. Թոմասին, ով արդեն թոշակի էր անցել։ Երբ նա իմացավ, որ ես հիմնի գործում ներգրավված երեք երեխաների հայրն եմ, շնորհավորեց ինձ և ասաց, որ երբ հնարավորություն է ունենում խոսելու փաստաբանների հանդիպման ժամանակ, նա անդրադառնում է հիմնի գործին, քանի որ կարծում է, որ դա մարդու իրավունքների հետ կապված նշանակալից հաղթանակ էր»։

«Բիջո Էմմանուելը ընդդեմ Կերալա նահանգի» որոշումից անցել է գրեթե 30 տարի, սակայն այն մնում է Հնդկաստանում խոսքի ազատության հիմնասյուներից մեկը։ Եհովայի վկաները ուրախ են, որ նպաստել են Հնդկաստանի բոլոր քաղաքացիների սահմանադրական ազատությունների պաշտպանությանը։