ԱՊՐԻԼԻ 2, 2019
ՂԱԶԱԽՍՏԱՆ
Ղազախստանում Եհովայի վկաները կազմակերպում են բաց դռների օրեր
2018 թ. մայիսի 11-ից մինչև նոյեմբերի 10-ը Ղազախստանի Եհովայի վկաները բաց դռների օրեր էին կազմակերպել երկրի յոթ տարբեր քաղաքներում և հրավիրել էին տեղի բնակիչներին։ Այս միջոցառմանը, որին ընդհանուր առմամբ ներկա եղավ 1 500-ից ավելի մարդ, պետական պաշտոնյաներին, լրագրողներին, դասախոսներին, ինչպես նաև այլ մարդկանց հնարավորություն ընձեռվեց ճանաչելու Եհովայի վկաներին։
Բաց դռների օրեր կազմակերպվել էին Թարազ, Կարագանդա, Կուստանայ, Շիմքենդ, Սեմեյ, Տալդիկորգան և Օսկեմեն քաղաքներում գտնվող Թագավորության սրահներում։ Ներկաները դիտեցին ցուցատախտակների վրա դրված նմուշները, որոնք ներկայացնում էին Ղազախստանում մեր ծավալած գործունեությունը՝ սկսած դեռևս 1892 թ.-ից։ Դրանք նաև պատմում էին ավելի ժամանակակից նվաճումների, օրինակ՝ 2014 թ.-ին ղազախերենով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։
Եղբայր Բեկզաթ Սմագուլովը, որը ծառայում է Ղազախստանի մասնաճյուղի իրավաբանական և հասարակայնության հետ կապերի բաժիններում, նշում է, թե ինչով էր օգտակար այդ իրադարձությունը. «Մարդիկ դրականորեն արձագանքեցին «Բաց դռների օրեր» միջոցառմանը, և այն օգնեց նրանց ճիշտ պատկերացում կազմելու մեր մասին։ Այցելուների թվում էին կրոնի հարցերի բաժնի որոշ պաշտոնյաներ, ինչպես նաև «Ղազախստան-Օսկեմեն» լրատվական գործակալության, «Ռուդնիյ Ալթայ» և «Սեմեյ Վեստի» թերթերի լրագրողներ»։
Ալմաթիի մարզի վարչական կենտրոնում՝ Տալդիկորգանում, այդ միջոցառման առիթով եղբայրները հյուրընկալեցին կրոնի հարցերի տարածաշրջանային բաժնի պետին, ինչպես նաև այդ բաժնից երկու այլ պաշտոնյաների։ Ներկաների թվում էր նաև «Ժետիսու Դիալոգ» թերթի գլխավոր խմբագիրը, ով ավելի ուշ հրապարակեց մի հոդված, որը հիմնված էր միջոցառման կամավորներից վերցված հարցազրույցների վրա։
Մեր եղբայրներն ու քույրերը Ղազախստանի պետական լեզուներով՝ ղազախերենով և ռուսերենով, բաժանեցին «Նոր աշխարհ թարգմանության» 560-ից ավելի օրինակ։ Մենք ուրախ ենք այս նախաձեռնության բերած դրական արդյունքների համար։ Միջոցառումը փառք բերեց Եհովային և տեղի բնակիչներին հնարավորություն տվեց տեսնելու մեր «բարի գործերը» (Մատթեոս 5։16)։
Կարագանդայում քույր Սանիյա Ախմետժանովան լսողության խանգարում ունեցող մի զույգի ժեստերի լեզվով պատմում է, թե ինչ ջանքեր ենք գործադրում մարդկանց աստվածաշնչյան կրթություն տալու համար։
Կարագանդայում կազմակերպված «Բաց դռների օրեր» միջոցառման ժամանակ երկու երեխա ռուսերենով դիտում է «Պաշտպանեք ձեր երեխաներին» տեսանյութը։
Կարագանդայում եղբայր Լև Գլադիշևը պատմում է Ղազախստանի Եհովայի վկաների պատմությունը մի խումբ պաշտոնյաների, այդ թվում՝ տեղի խորհրդարանի քարտուղար Կուդայբերգեն Բեկսուլթանովին, կրոնական իրավիճակի վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ Նիկոլայ Սարսենբաևին և Կարագանդայի մարզի կրոնի հարցերի բաժնի պետ Նուրլան Բիկենովին։
Քույր Աիշա Յակովլևան Տալդիկորգանում կազմակերպված «Բաց դռների օրեր» միջոցառմանը եկած մի տարեց զույգի բացատրում է JW Library® հավելվածի տարբեր առանձնահատկությունները։
Թարազի Սրահում եղբայր Ալեքսեյ Ալյոշինը այցելուներին ցույց է տալիս, որ ողջ պատմության ընթացքում Աստծու անունը հայտնվել է գրական ստեղծագործություններում և տարբեր արտեֆակտերի վրա։
Օսկեմենում «Բաց դռների օրեր» նախաձեռնության շրջանակում եղբայր Սերգեյ Պետկևիչը, որի ձեռքում ռուսերեն «Դիտարանի» հին օրինակ է, պատմում է Ղազախստանում Եհովայի վկաների պատմությունը։ Հյուրերի թվում էր «Եդինստվո» կազմակերպության ղեկավար Սերգեյ Լեբեդևը։
Եղբայր Գեորգի Պիսմենոյը (աջ կողմում) զրուցում է Կուստանայում կազմակերպված «Բաց դռների օրեր» միջոցառմանը եկած մի մարդու հետ։ Հյուրերը դիտեցին Կուստանայից երեք եղբայրների ու մի քրոջ վերաբերյալ 1982 թ. դատական նիստի մի տեսանյութ։ Նրանք մեղավոր էին ճանաչվել այդ ժամանակ արգելքի տակ գտնվող մեր գրականությունը պահելու, տպագրելու և բաժանելու մեջ։ Եղբայր Պիսմենոյը այն երեք եղբայրներից մեկն է, որոնք դատապարտվել էին երկուսուկես տարվա տաժանակիր աշխատանքների։ Նա ներկաներին պատմում է կալանավայրում իր հետ տեղի ունեցած դեպքերի մասին։
Շիմքենդում այցելուներին ողջունում էին երաժիշտները, որոնք տարբեր գործիքներ էին նվագում, այդ թվում՝ ղազախական դոմբրա (աջ և ձախ ծայրերում)։
Այն եղբայրներն ու քույրերը, ովքեր Կարագանդայում օգնել էին կազմակերպելու «Բաց դռների օրեր» միջոցառումը։