Անցնել բովանդակությանը

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանի Գերագույն դատարանը մերժում է Թեյմուր Ահմեդովի բողոքի քննությունը

Ղազախստանի Գերագույն դատարանը մերժում է Թեյմուր Ահմեդովի բողոքի քննությունը

2017թ. դեկտեմբերի 4-ին Ղազախստանի Գերագույն դատարանը մերժեց Թեյմուր Ահմեդովի բողոքը, որով վիճարկվում էր ենթադրյալ ապօրինի կրոնական գործունեության համար վերջինիս անհիմն դատապարտումը։ Իրականում, նա պարզապես ուրիշների հետ խոսել է իր անձնական կրոնական համոզմունքների մասին։ Պրն Ահմեդովը կալանավորված է 2017թ. հունվարի 18-ից. նա ձերբակալվել է այն բանից հետո, երբ գաղտնի ծառայության աշխատակիցները նրան ծուղակն են գցել։ Մայիսին շրջանային դատարաններից մեկը պրն Ահմեդովին մեղավոր ճանաչեց և դատապարտեց հինգ տարվա ազատազրկման։ 2017թ. հունիսի 20-ին վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց շրջանային դատարանի դատավճիռը։

Գերագույն դատարանը անտեսեց ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խմբի կողմից վերջերս հրապարակված որոշումը, որով մեղավոր է ճանաչել Ղազախստանին պրն Ահմեդովին անհիմն կալանավորելու և վերջինիս կրոնական ազատությունը ոտնահարելու համար։ Չնայած լուրջ առողջական խնդիրներին՝ պրն Ահմեդովը պահպանում է իր ամուր հավատն ու լիակատար վստահությունը Աստծու հանդեպ։ Նա երախտապարտ է իրեն ազատ արձակելուն ուղղված ջանքերի համար, թեև դրանք դեռ արդյունք չեն տվել, և շնորհակալ է, որ ողջ աշխարհում իր հավատակիցները շարունակում են աղոթել իրեն ազատ արձակելու համար։