Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 17, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանը ազատազրկում է վատառողջ մի Եհովայի վկայի և արգելում նրան դավանել իր կրոնը

Ղազախստանը ազատազրկում է վատառողջ մի Եհովայի վկայի և արգելում նրան դավանել իր կրոնը

ԱԼՄԱԹԻ, Ղազախստան։ 2017թ. մայիսի 2-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի դատարաններից մեկը դատապարտեց Թեյմուր Ահմեդովին հինգ տարվա ազատազրկման աստվածաշնչյան կրթական խաղաղ գործունեություն իրականացնելու համար, ինչը դատարանի կողմից որակավորվեց որպես «կրոնական պառակտման հրահրում» և «կրոնական պատկանելության հողի վրա գերազանցության քարոզչություն»։ Բացի ազատազրկման ժամկետից՝ դատարանը պրն Ահմեդովին նաև երեք տարի ժամկետով արգելեց մասնակցել աստվածաշնչյան կրթական գործունեությանը։ Դատարանի որոշումը 61-ամյա պրն Ահմեդովի համար, ով ամուսնացած է և ունի երեք տղա, շատ վտանգավոր իրավիճակ է ստեղծում, քանի որ արյունահոսող ուռուցքի պատճառով նա բուժման կարիք ունի, ինչը նրան մերժել են տրամադրել։ Պրն Ահմեդովը կբողոքարկի որոշումը։ Բողոքը հավանաբար կքննվի մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Այս որոշումը մի իրավական պայքարի մտահոգիչ զարգացումն է, որը սկիզբ առավ 2017թ. հունվարի 18-ին, երբ Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ձերբակալեց պրն Ահմեդովին Ղազախստանի քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասը «խախտելու» մեղադրանքով։ Այնուհետև պրն Ահմեդովին մի քանի ամիս պահեցին կալանքի տակ։ Այդ ընթացքում նրան մերժեցին բուժօգնություն տրամադրել։ Վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Դեյվիդ Սիմոնյանը ասում է. «Ողջ աշխարհի Եհովայի վկաները խորապես մտահոգված են Թեյմուրի բարօրությամբ։ Հուսով ենք, որ իշխանությունները վերջ կդնեն անհիմն մեղադրանքներին և ի վերջո թույլ կտան այս հավատարիմ ու օրինապահ քրիստոնյային միանալ իր ընտանիքին և ստանալ բուժօգնություն, ինչը նրան խիստ անհրաժեշտ է»։

Եհովայի վկաները Աստանայի դատարանի գործողությունները համարում են այն բանի ապացույցը, որ Ղազախստանը կրոնական հալածանքների ենթարկելու հարցում հետևում է Ռուսաստանի օրինակին, մասնավորապես Ռուսաստանում Եհովայի վկաների վարչական կենտրոնը լուծարելու մասին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի վերջերս կայացրած որոշմանը։ Պրն Սիմոնյանը ասում է. «Ինչպես Ռուսաստանում մեր պաշտամունքի պարագայում էր, Թեյմուր Ահմեդովը զոհ է դարձել մի օրենքի, որն ակնհայտորեն նախատեսված է ահաբեկչությունից պաշտպանելու համար, ինչը, սակայն, սխալ կերպով կիրառվում է մեր պաշտամունքի պարագայում։ Միջազգային մարմինները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը և միջազգային կրոնական ազատության հարցով Միացյալ Նահանգների հանձնախումբը կոչ են արել Ղազախստանին վերջ դնել կրոնական հալածանքի ենթարկելու նպատակով նման օրենքների սխալ կիրառմանը»։ Հետո նա ավելացնում է. «Մենք անհանգստանում ենք Ղազախստանում մեր բոլոր հավատակիցների համար։ Հույս ունենք, որ նրանց այլևս չեն հետապնդի աստվածաշնչյան կրթական գործունեություն իրականացնելու համար, ինչը ողջ աշխարհում հայտնի է որպես հանրօգուտ աշխատանք։ Մենք ամենայն ուշադրությամբ կհետևենք այս գործի ընթացքին»։

Մեդիա կոնտակտներ:

Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, հեռ. +1-845-524-3000

Ղազախստան: Բեկզաթ Սմագուլով, հեռ. +7-747-671-45-01