Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 22, 2018
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Թեյմուր Ահմեդովին ազատ արձակելու խնդրանքով դիմում են Ղազախստանի իշխանություններին

Թեյմուր Ահմեդովին ազատ արձակելու խնդրանքով դիմում են Ղազախստանի իշխանություններին

Թեյմուր Ահմեդովի հարազատները և ընկերները մեծապես մտահոգված են նրա առողջական վիճակով։ 61-ամյա պրն Ահմեդովը, որը Եհովայի վկա է, նույնիսկ մինչև մեկ տարի առաջ իր ազատազրկվելը լուրջ առողջական խնդիրներ ուներ։ 2018թ. փետրվարի 8-ին նրան վիրահատեցին և երկու ուռուցք հեռացրին, որոնցից մեկը չարորակ էր։ Նրա հարազատները և փաստաբանները դիմել են իշխանություններին վերջինիս կալանքից ազատ արձակելու խնդրանքով և իրենց մտահոգությունն են հայտնել Պավլոդարում գտնվող ուղղիչ հիմնարկի պայմանների և հետագա բժշկական լուրջ միջամտության անհրաժեշտության վերաբերյալ։ Նրանց խնդրանքները մինչ օրս որևէ ուշադրության չեն արժանացել։

Ղազախստանի դատարանները դաժան վերաբերմունք են դրսևորել Թեյմուր Ահմեդովի նկատմամբ՝ նրան հինգ տարվա ազատազրկման դատապարտելով, որի ժամկետը ավարտվում է 2022թ.-ին։ Պրն Ահմեդովը ընդամենը իրականացրել է կրոնի ազատության իր իրավունքը, սակայն դրա համար իշխանությունները նրան հետապնդել և ձերբակալել են։ Նրա անունը հայտնվել է այն անձանց ցուցակում, որոնց բանկային հաշիվները արգելափակված են, քանի որ ենթադրվում է, որ նրանք կապ ունեն ահաբեկչության հետ։ Ղազախստանի դատարանները մերժել են ներկայացված բոլոր բողոքները։

ՄԱԿ-ի Կամայական կալանքի հարցերով աշխատանքային խումբը իր կարծիքը ներկայացրել է Ղազախստանի կառավարությանը՝ կոչ անելով իշխանություններին ազատ արձակել պրն Ահմեդովին և անմեղ ճանաչել նրան։ Բացի այդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովը հրատապ պահանջով դիմել է Ղազախստանին, որպեսզի վերջինս ազատ արձակի պրն Ահմեդովին՝ ելնելով նրա առողջական վիճակից։

Պրն Ահմեդովի փաստաբանը ասում է. «Թեյմուրի անհիմն ազատազրկումը նրա լուրջ առողջական խնդիրների և բուժօգնության անհրաժեշտության հետ մեկտեղ արդարության աղաղակող խախտում է։ ՄԱԿ-ի մարմինների նման՝ մենք դիմում ենք Ղազախստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս կարեկցանք դրսևորեն և անհապաղ ազատ արձակեն Թեյմուրին»։