Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 28, 2017
ՂԱԶԱԽՍՏԱՆ

Ղազախստանում դատարանը անփոփոխ է թողել Թեյմուր Ահմեդովի դեմ կայացրած անհիմն դատավճիռը

Ղազախստանում դատարանը անփոփոխ է թողել Թեյմուր Ահմեդովի դեմ կայացրած անհիմն դատավճիռը

2017թ. հունիսի 20-ին Աստանայի քաղաքային դատարանը մերժեց Թեյմուր Ահմեդովի բողոքը և ուժի մեջ թողեց մեղադրական դատավճիռը, համաձայն որի՝ վերջինս դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման և երեք տարով զրկվել է կրոնական գործունեության մասնակցելու իրավունքից։ Մարդու իրավունքների հարցերով միջազգային մի փաստաբան, որը ներկա էր հունիսի 20-ի դատական նիստին, ասում է. «Սա արդարադատության ծաղրանմանություն է, քանի որ պրն Ահմեդովի անմեղությունը փաստող ապացույցները գերակշռում էին»։ Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել որոշումը։

2017թ. հունվարին Ազգային անվտանգության կոմիտեի աշխատակիցները ձերբակալել և կալանավորել էին պրն Ահմեդովին «ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու» համար։ Նա նախնական կալանքի տակ մնաց մինչև 2017թ. մայիսի 2-ը, երբ Սարյարկինսկի շրջանային դատարանը նրան անարդարացիորեն մեղավոր ճանաչեց Ղազախստանի քրեական օրենսգրքի 174-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով, որով պատիժ է սահմանվում կրոնական թշնամանք հարուցելու համար։ Պրն Ահմեդովը ամբողջությամբ առարկեց իր դեմ ներկայացված կեղծ մեղադրանքին՝ նշելով, որ ինքը պարզապես արտահայտել է իր կրոնական համոզմունքները և սեր դրսևորել մարդկանց նկատմամբ։ Կրոնական համոզմունքներ արտահայտելը հիմնարար իրավունք է՝ երաշխավորված Ղազախստանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերով, որոնք վավերացնելով՝ Ղազախստանը պարտավորվել է հետևել դրանց։