Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 6, 2018
ՂԱԶԱԽՍՏԱՆ

441 օր ազատազրկման մեջ. հարցազրույց Թեյմուր և Մաֆիզա Ահմեդովների հետ

441 օր ազատազրկման մեջ. հարցազրույց Թեյմուր և Մաֆիզա Ահմեդովների հետ

Այն բանից հետո, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնական ներում շնորհեց եղբայր Թեյմուր Ահմեդովին, վերջինս 2018 թ. ապրիլի 4-ին ազատ արձակվեց։ Նա ազատազրկման մեջ անցկացրեց 441 օր։ Իշխանությունները նրան ձերբակալել էին պարզապես ուրիշների հետ իր կրոնական համոզմունքների մասին խոսելու համար։

Թեյմուրի ազատ արձակվելուց կարճ ժամանակ հետո Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի գրասենյակը (ՀԿԳ) զրուցեց նրա և նրա կնոջ՝ Մաֆիզայի հետ, ովքեր այժմ վերադարձել են Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում գտնվող իրենց տուն։ Ստորև ներկայացվում է զրույցի տեքստը, որը ավելի պարզ լինելու համար խմբագրվել է։

ՀԿԳ։ Եղբա՛յր Ահմեդով, նախ կցանկանայինք ավելին իմանալ քո մասին։ Ե՞րբ ես դարձել Եհովայի վկա։

Թեյմուր Ահմեդով: Ես մկրտվել եմ 2005 թ. հոկտեմբերի 9-ին։ Մինչև ճշմարտությունը իմանալը աթեիստ էի։ Տարիներ շարունակ որևէ աստծու չէի հավատում և ոչ մի կրոն չէի դավանում։ Հետո երբ կինս Վկաների օգնությամբ սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել, ինձ հետաքրքրեց այն ամենը, ինչ նրանք քննարկում էին։ Ես դռան հետևից ականջ էի դնում նրանց զրույցին։

Երբ իմացա, թե ինչ են նրանք ուսումնասիրում, դա ինձ գրավեց, քանի որ նրանք զրուցում էին միայն լավ ու բարի բաների մասին։ Ի վերջո, Վկաները ինձ ծանոթացրին եղբայր Վեսլավի հետ, որը Լեհաստանից էր, բայց ծառայում էր Ղազախստանում։ Մեր առաջին զրույցի ընթացքում ես նրան ասացի. «Քեզ մի հարց կտամ։ Եթե քո պատասխանը ինձ բավարարի, մենք կընկերանանք և կշարունակենք մեր զրույցները։ Սակայն եթե չբավարարի, չնեղանաս, բայց չենք շարունակի մեր զրույցները»։ Հետո ես հարցրի եղբայր Վեսլավին, թե ինչ է տեղի ունենում մահացածների հետ։ Նա Աստվածաշնչում բացեց Ժողովող 9:5-ը և ասաց. «Կարդա և կիմանաս, թե ինչ է տեղի ունենում»։ Երբ կարդացի, հասկացա, որ դա ճշմարտությունն է։ Համաձայնեցի կրկին հանդիպել նրան և ուսումնասիրել Աստվածաշունչը։

Այսպիսով՝ դու ուսումնասիրեցիր Աստվածաշունչը և ի վերջո մկրտվեցիր 2005 թ.-ին։

Այժմ զրուցենք քո ձերբակալությանը նախորդող դեպքերի մասին։ 2016 թ. մայիսին դու հանդիպեցիր մի խումբ տղամարդկանց, ովքեր ասում էին, թե հետաքրքրված են Եհովայի վկաների հավատալիքներով։ Մի քանի ամսվա ընթացքում դուք հանդիպել և զրուցել եք Աստվածաշնչից։ Հիմա, երբ հետ ես նայում, նրանց խոսքերի կամ գործերի մեջ կասկածելի բաներ կայի՞ն։

Թ. Ա.: Այո՛, ես նշեցի, որ Աստվածաշնչի նման ուսումնասիրությունները սովորաբար լինում են առանձին անհատների հետ, ոչ թե խմբակային։ Ես առաջարկեցի, որ նրանք առանձին-առանձին ուսումնասիրեն։ Սակայն ամեն անգամ, երբ առաջարկում էի, նրանք հրաժարվում էին և ասում, որ իրենց դուր է գալիս խմբով ուսումնասիրելը։ Երբեմն նաև ուրիշներին էին հրավիրում ուսումնասիրությանը և ինձ խնդրում, որ կրկնեմ այն, ինչ արդեն քննարկել էինք նախորդ հանդիպմանը։

Մաֆիզա Ահմեդովա: Մի անգամ ես ներկա եղա նրանց ուսումնասիրությանը։ Նկատեցի, որ նրանք հարցեր են տալիս տարբեր կրոնների վերաբերյալ, թեև արդեն որոշ ժամանակ էր, ինչ ուսումնասիրում էին Աստվածաշունչը։ Նաև նկատեցի, որ ավելի թանկ բնակարանում էին ապրում, ինչը շատ ուսանողներ չեն կարող իրենց թույլ տալ։ Ես նշեցի, որ նրանք ուսանողների համար բավականին ճոխ կյանքով են ապրում։ Ակնհայտ էր, որ իմ ասածը նրանց անհարմար դրության մեջ գցեց։ Երբ մենք հեռանում էինք, նրանք մի կողմ տարան Թեյմուրին, և մինչ ես սպասում էի դրսում, նրան ասացին, որ ինձ այլևս չբերի ուսումնասիրությանը։

Ե՞րբ իմացար, որ այդ մարդիկ ոչ թե հետաքրքրված էին Եհովայի վկաներով, այլ իրականում համագործակցում էին Ղազախստանի գաղտնի ծառայությունների՝ ազգային անվտանգության կոմիտեի հետ (ԱԱԿ)։

Թ. Ա.: Ես այդ մասին տեղեկացա միայն դատական նիստի ժամանակ։

Ինչպե՞ս արձագանքեցիր, երբ քեզ ձերբակալեցին և հետո մեղադրեցին «կրոնական հողի վրա պառակտում հրահրելու» և «[կրոնական] գերազանցություն» քարոզելու մեջ։

Թ. Ա.: Անկեղծ ասած՝ երբ ինձ ձերբակալեցին, ես մտածեցի, որ ինձ կտանեն ոստիկանություն, ինչպես իրենք ասացին, որոշ բաներ պարզելու համար, իսկ հետո ազատ կարձակեն։ Ես պատրաստ էի ինձ պաշտպանելու և բացատրելու, թե ինչի մասին եմ զրուցել նրանց հետ։

Շատ զարմացա, երբ դեպքերը նման ընթացք ստացան, սակայն չվախեցա։ Կրոնական ատելություն և ծայրահեղականություն հրահրելու մասին մեղադրանքները շատ զարմացրին ինձ։ Եհովայի վկաները Եհովայի մասին ունեցած իրենց գիտելիքները հայտնում են մարդկանց և որևէ առնչություն չունեն ատելություն և պառակտում հրահրելու հետ։ Միանգամայն համոզված էի, որ անմեղ եմ, և որ Եհովան կաջակցի ինձ։ Իհարկե, ես անհանգիստ էի, բայց հիշում էի Աստվածաշնչի այս խորհուրդը. «Ձեր ամբողջ հոգսը նրա վրա գցեք, որովհետև նա [Եհովան] հոգ է տանում ձեր մասին» (1 Պետրոս 5:7

Այնուհետև՝ 2017 թ. մայիսի 2-ին, երբ արդեն ավելի քան երեք ամիս նախնական կալանքի տակ էիր, Աստանայի շրջանային դատարաններից մեկը քեզ դատապարտեց հինգ տարվա ազատազրկման և երեք տարով արգելեց մասնակցել աստվածաշնչյան կրթական գործունեությանը։ Ինչպե՞ս այդ դատավճիռը ազդեց քեզ վրա։

Թ. Ա. : Երբ դատարանը հրապարակեց դատավճիռը, ես ընդունեցի այն փաստը, որ եթե հարկ լինի, ամբողջությամբ պետք է կրեմ իմ պատիժը։ Մտածում էի. «Եթե սա փորձություն է, ուրեմն ժամկետը Եհովայի վերահսկողության տակ է, և նա գիտի, թե երբ այն կվերջանա»։ Ես վճռել էի ինչքան պետք է սպասել։

Ղազախստանի Պավլոդար քաղաքում գտնվող ուղղիչ հիմնարկը, որտեղ բանտարկված էր եղբայր Ահմեդովը

Մենք գիտենք, որ երբ ազատազրկման մեջ էիր, պայքարում էիր լուրջ հիվանդության դեմ։ Դա այդպե՞ս է։

Թ. Ա.: Այո՛, ես հիվանդ էի և նախքան կալանավորվելը բուժում էի ստանում։ Երբ ձերբակալվեցի, իմ բուժումը ընդհատվեց, և հիվանդությունը սկսեց զարգանալ։

Մաֆի՛զա, ի՞նչ էիր զգում այդ ժամանակ։

Մ. Ա.: Ես շատ վախեցած էի և խորապես ընկճված։ Թեյմուրի ձերբակալությունից հետո ինձ համար նույնիսկ դժվար էր որոշումներ կայացնել, քանի որ մեր ամուսնության 38 տարիների ընթացքում մենք երբեք իրարից չենք բաժանվել։ Սակայն Թեյմուրը ինձ մխիթարեց՝ ասելով. «Մի՛ մտահոգվիր։ Եհովան մեր բաժանման 5 տարիները կփոխհատուցի 25 տարիներով նույնիսկ հիմա՝ այս համակարգում»։

Է՞լ ինչը քեզ օգնեց, երբ ամուսինդ ձերբակալված էր։

Մ. Ա.: Եղբայրներն ու քույրերը ինձ շատ օգնեցին։ Երբ Թեյմուրը բանտում էր, անկեղծ ասած՝ կարծում էի, որ բոլորը կվախենան ինձ այցելել Թեյմուրի կալանավորման հետ կապված հանգամանքների պատճառով։ ԱԱԿ-ն հսկում էր մեր տունն ու գործունեությունը։

Մի օր երեցներից մեկը իր կնոջ հետ այցելեց ինձ, և ես շատ քաջալերվեցի։ Հարցրի նրանց. «Չե՞ք վախեցել այստեղ գալ»։ Նրանք պատասխանեցին. «Ինչո՞ւ պիտի վախենայինք։ Հիմա իշխանությունները կարող են հետևել մեզ մեր հեռախոսների միջոցով։ Այնպես որ, եթե նրանք ցանկանան, հեշտությամբ կգտնեն մեզ»։

Հովվական այցելության ժամանակ երեցները հորդորեցին ինձ մնալ հոգևորապես ամուր և թույլ չտալ, որ փորձության պատճառով վհատվեմ։

Թեյմո՛ւր, ի՞նչը օգնեց քեզ ամուր մնալու այս փորձության ժամանակ և դրական տրամադրվածություն պահպանելու։

Եղբայր Ահմեդովը, Ալմաթիի հիվանդանոցներից մեկում ձեռնաշղթայով անկողնուն շղթայված, նախքան ազատ արձակվելը։ Սկզբում իշխանությունները նրան մերժել էին բուժօգնություն տրամադրել, սակայն երբ նրա առողջական վիճակը կտրուկ վատացավ, նրան թույլ տվեցին բուժում ստանալ

Թ. Ա.: Եհովային աղոթելը։ Ամեն օր նրան խնդրում էի, որ առաջնորդի, հասկացողություն և ուժ տա, որ կարողանամ իմ դժվարությունների ժամանակ մնալ ուրախ, նվիրված և հավատարիմ։ Եհովայի պատասխանը իմ աղոթքներին ակնհայտ էր։ Նա աջակցում էր ինձ, ու ես բանտում միայնակ չէի զգում։

Աստվածաշնչի ընթերցանությունը նույնպես օգնում էր։ Բանտերից մեկում ես հնարավորություն ունեի ցանկացած պահի օգտվելու Աստվածաշնչից։ Սակայն մեկ այլ բանտում Աստվածաշունչը գրադարանում էր գտնվում, և ես կարող էի վերցնել ու ընթերցել այն շաբաթը մեկ անգամ։

Նաև հիշում էի այն եղբոր խոսքերը, ով Աստվածաշունչ էր ուսումնասիրել ինձ հետ։ Նա միշտ ասում էր, որ մենք չպետք է վախենանք դժվարություններից։ Հիշում եմ՝ հարցրի նրան. «Ինչո՞ւ չպետք է վախենամ։ Իսկ եթե փորձությունը դժվար ու սարսափելի լինի՞»։ Նա ասաց, որ Եհովան թույլ չի տա մեզ փորձվել մեր կարողությունից վեր և անհրաժեշտ զորությունը կտա, որ հաղթահարենք ցանկացած փորձություն (1 Կորնթացիներ 10:13)։ Բանտում միշտ հիշում էի այս սուրբգրային միտքը։

Ի՞նչ զգացիր, երբ իմացար, որ ողջ եղբայրությունը տեղյակ է քո իրավիճակի մասին, և որ քույրերն ու եղբայրները աղոթում են քեզ համար։

Թ. Ա.: Ես զգում էի, որ դա Եհովայի ձեռքն է, քանի որ կազմակերպությունը պատկանում է նրան։ Դա ինձ վստահեցնում էր, որ ես լքված չեմ լինի, և մի օր Եհովան կփրկի ինձ։

Հետաքրքիր է, որ ամենաշատը վախենում էի բանտից։ Ուղղակի սարսափում էի։ Երբ կարդում էի բանտում գտնվող մեր եղբայրների մասին, միշտ աղոթում էի. «Եհո՛վա, ամեն ինչի կդիմանամ, բացի բանտից»։ Բայց միևնույն ժամանակ մեծ ցանկություն ունեի այցելելու բանտարկյալներին և խոսելու նրանց հետ ճշմարտության մասին։ Երբ հարցնում էի եղբայրներին, թե արդյոք կարող եմ մասնակցել բանտարկյալներին վկայություն տալու գործին, նրանք պատասխանում էին, որ Ղազախստանի բանտեր այցելելու թույլտվություն չունենք։ Ուստի երբ ինձ պատահեց այս ամենը, ես խառը զգացումներ ունեցա։ Մի կողմից՝ վախեցած էի, մյուս կողմից՝ բանտարկյալներին քարոզելու իմ երազանքը կարծես շուտով իրականություն էր դառնալու։

Այսպիսով՝ հնարավորություն ունեցա՞ր բանտում որևէ մեկին վկայություն տալու։

Թ. Ա.: Այո՛։ Մի անգամ իրավապահ մարմնի աշխատակիցներից մեկը, ով ցանկանում էր խոսել ինձ հետ, կանչեց ինձ։ Երբ եկա նրա գրասենյակ, նա ասաց. «Ես գիտեմ, որ դու Եհովայի վկա ես, մտքովդ չանցնի քարոզել ինձ»։ Պատասխանեցի. «Նման մտադրություն չունեմ»։ Հետո նա հարցրեց. «Ի՞նչ է Աստծու անունը»։ Ես ասացի. «Աստծու անունը Եհովա է»։ «Այդ դեպքում ո՞վ է Հիսուսը, Աստված չէ՞»,— հարցրեց նա։ Պատասխանեցի. «Ո՛չ, Աստծու որդին է»։ Հետո նա հարցրեց. «Ապա ինչո՞ւ են ուղղափառ քրիստոնյաները հավատում, որ նա Աստված է»։ Ես ասացի. «Իրենց պետք է հարցնեք»։

Մի ուրիշ անգամ էլ կարողացա խոսել միաժամանակ մոտ 40 կամ ավելի մարդկանց հետ։ Մի հոգեբան այցելել էր բանտարկյալներին։ Մենք խոսում էինք ամուսնության մասին, երբ նա հարցրեց, թե ինչ կարծիք ունենք բազմակնության վերաբերյալ։ Ամեն մեկը հնարավորություն ուներ արտահայտելու իր կարծիքը։

Երբ եկավ իմ հերթը, ես ասացի որ անձնական կարծիք չունեմ այդ հարցի մասին, սակայն ինձ դուր է գալիս այս հարցի վերաբերյալ մի անձնավորության տեսակետը, որը կցանկանայի հայտնել նրանց։ Հետո ասացի. «Ահա թե ինչու տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը, ու նրանք մեկ մարմին կլինեն» (Ծննդոց 2:24)։ Հոգեբանը հարցրեց. «Ո՞ւմ տեսակետն է դա»։ Ես պատասխանեցի. «Եհովա Աստծու, նրա, ով ստեղծել է մարդկանց։ Այստեղ խոսվում է միայն երկու հոգու մասին և ոչ թե ավելի շատ մարդկանց»։

Հետո նա հարցրեց. «Կա՞ն էլի պատճառներ, որի հիման վրա կարծում եք, որ մարդը մեկ կին պիտի ունենա»։ Ես մեջբերեցի Մատթեոս 7։12-ը, որտեղ գրված է. «Ուրեմն այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց»։ Հետո ասացի. «Սրանք Հիսուսի խոսքերն են։ Խնդրում եմ, այս սրահում նստած տղամարդկանց հարցրեք, թե արդյոք նրանք կցանկանան, որ իրենց կինը մեկ ուրիշի կինն էլ լինի։ Եթե տղամարդիկ չեն ցանկանում, որ իրենց կանայք ուրիշ ամուսին էլ ունենան, ուրեմն կանայք էլ չեն ցանկանում, որ իրենց ամուսինները բազմաթիվ կանայք ունենան»։ Հոգեբանը ասաց, որ բոլոր պատասխաններից ամենաշատը իմ պատասխանը նրան դուր եկավ։

Որքա՜ն քաջալերական է իմանալ, որ չնայած քո դժվար հանգամանքներին, դու առիթներ ես փնտրել քարոզելու։

Երբ դատարանները բազմիցս մերժեցին քեզ ազատ արձակելու մասին բողոքները, այդ թվում՝ Ղազախստանի Գերագույն դատարան ներկայացված բողոքը, ստացվեց, որ իրավական տեսանկյունից բոլոր տարբերակները սպառված էին։

Բայց դու հնարավորություն ունեիր ազատ արձակվելու, եթե ստորագրեիր զղջման մասին փաստաթուղթը։ Կպատմե՞ս դրա մասին և թե ինչու հրաժարվեցիր ստորագրել այն։

Թ. Ա.: Նրանք մի քանի անգամ առաջարկեցին ինձ այդ տարբերակը։ Թեև դա կարծես բարության դրսևորում լիներ, սակայն իրականում այդ փաստաթղթում նշվում էր, որ ես մեղավոր եմ ինձ առաջադրված մեղադրանքներում և զղջում եմ իմ արարքների համար։ Հետո ինձ առաջարկեցին, որ իմ զղջման տեքստը ինքս գրեմ և ներում խնդրեմ։ Իշխանությունները խորհուրդ տվեցին ինձ գրել, որ ես սխալ եմ վարվել՝ ուրիշների հետ իմ համոզմունքների մասին խոսելով, և որ այժմ ափսոսում եմ իմ արարքների համար և հաշվի առնելով իմ առողջական վիճակը՝ խնդրում եմ ինձ ազատ արձակել։

Ես հրաժարվեցի մեղքը ընդունելու բոլոր տարբերակներից և ասացի իշխանություններին, որ ավելի լավ է բանտարկված մնամ մաքուր խղճով, քան ազատ արձակվեմ, ու խիղճս ինձ տանջի։

Մենք իսկապես գնահատում ենք քո հավատի օրինակը և այն, որ հրաժարվել ես ոտնահարել քո խիղճը։

Ի վերջո, դեպքերն այլ ընթացք ստացան։ Կպատմե՞ս մեզ, թե ինչպես իմացար, որ քեզ ներում է շնորհվելու, և որ դու ազատ ես արձակվելու բանտից։

Թ. Ա.: Մի օր բանտապահներից մեկը եկավ իմ բանտախուց և տեղեկացրեց, որ ես հեռախոսազանգ եմ ստացել։ Հիշում եմ՝ մտածեցի. «Ո՞վ պիտի ինձ զանգահարի»։ Երբ պատասխանեցի զանգին, մի կին ներկայանալուց հետո ասաց, որ գալու է բանտ՝ ինձ ազատ արձակելու։ Իսկապես չգիտեի, թե ինչպես արձագանքեի այդ հեռախոսազանգին։ Երբ նա կախեց լսափողը, որոշեցի այդ մասին տեղեկացնել որդուս, որպեսզի այդ լուրը չցնցի կնոջս կամ նրա մոտ փուչ հույսեր չարթնացնի։

Այդ ժամանակ բանտապահը հարցրեց. «Ի՞նչ ասացին քեզ»։ Պատասխանեցի, որ երևի ինչ-որ մեկը որոշել է կատակել, քանի որ այն կինը, որ զանգահարել էր, ասաց, որ գալիս է բանտ՝ ինձ ազատ արձակելու։

Կառավարիչ մարմնի անդամ Մարկ Սանդերսոնը Թեյմուր և Մաֆիզա Ահմեդովների հետ եղբայր Ահմեդովի ազատ արձակվելուց կարճ ժամանակ հետո

Բանտապահն ասաց, որ նա չէր կատակում և ամեն ինչ ճիշտ է ասել։

Մաֆի՛զա, ինչպե՞ս արձագանքեցիր այդ ցնցող լուրին։

Մ. Ա.: Երբ տղաս հայտնեց ինձ լուրը, ես նույնպես մտածեցի, որ դա կատակ է։ Մենք այնքա՜ն երկար էինք սպասել այդ լուրին։

Միայն կարող ենք պատկերացնել, թե ինչ զգացիր, երբ Թեյմուրի կալանավորումից մեկ տարի անց կրկին միասին էիք։

Հիմա, երբ հետ ես նայում, ի՞նչ սովորեցիր հավատի այս փորձությունից։

Մ. Ա.: Հիշում եմ, թե ինչպես էի լաց լինում եղբայր Բահրամի [Հեմդեմով] և [քույր] Գուլզիրա Հեմդեմովայի համար։ [Եղբայր Հեմդեմովը կալանավորվել է 2015 թ. մարտին Տաջիկստանի իշխանությունների կողմից։ 2015 թ. մայիսի 19-ին նա դատապարտվել է չորս տարվա ազատազրկման «կրոնական ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքի հիմքով և դեռ գտնվում է ազատազրկման մեջ]։ Նույնիսկ նախքան Թեյմուրի կալանավորումը մտածում էի, թե որքան դժվար պետք է որ լինի Գուլզիրայի համար։ Հիմա կուզեի գրկել նրան և հավաստիացնել իմ ջերմ սիրո և աջակցության մեջ։ Թեյմուրի հետ այս փորձությունն անցնելուց հետո կցանկանայի նրան ասել, որ ցավակից եմ նրան։ Գիտեմ, որ նա էլ ինձ նման Եհովայի և եղբայրների աջակցության կարիքն ունի։

Ես շատ երախտապարտ եմ այն բոլոր եղբայրներին, ովքեր աջակցեցին մեզ՝ մեր ժողովի եղբայրներին, ողջ աշխարհի ժողովներին, Կառավարիչ մարմնին, փաստաբաններին և մեր որդիներին։

Եղբայր Ահմեդովը՝ ներման փաստաթուղթը ձեռքին կալանքից ազատ արձակվելուց հետո

Թ. Ա.: Միայն մի բան կասեմ։ Յուրաքանչյուրը պետք է փորձությունների միջով անցնի։ Իհարկե, ոչ բոլորը կազատազրկվեն։ Ոմանց համար փորձությունը կլինի իր հավատը չընդունող ընտանիքի անդամի կողմից։ Մյուսների համար գուցե դժվար լինի լեզու գտնել ժողովի որևէ եղբոր կամ քրոջ հետ։ Որն էլ լինի դժվարությունը կամ փորձությունը, մենք ունենք ընտրություն՝ կիրառել Աստծու տված սկզբունքները կամ անտեսել դրանք։ Եթե կիրառենք, փորձությունը հաջողությամբ կհաղթահարենք։ Նման իրավիճակում լավագույն բանը կլինի ընդունել մեր փորձությունը և հիշել, որ Եհովան կզորացնի, որ հաղթահարենք այն։

Ես շատ շնորհակալ եմ կնոջս և որդիներիս, ովքեր աջակցեցին ինձ։ Նրանք ամեն առիթ օգտագործում էին, որ այցելեն ինձ և օգնեն ամուր մնալու։

Նաև շնորհակալություն եմ հայտնում մեր եղբայրությանը ամեն ինչի համար։ Շատ եմ գնահատում նրանց աղոթքներն ու քաջալերական նամակները։ Անգամ մեկ րոպե ինձ լքված չեմ զգացել։ Այն, ինչ պատահեց ինձ, ավելացրեց եղբայրության հանդեպ իմ սերը և ամրացրեց Եհովայի հետ ունեցած փոխհարաբերություններս։