ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 2021
ՂՐՂԶՍՏԱՆ
Մարդու իրավունքների կոմիտեն հաստատեց, որ Ղրղզստանը խախտել է Եհովայի վկաների իրավունքները
Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների կոմիտեի 15 անդամները միաձայն դատապարտել են Ղրղզստանին երկրի երեք շրջաններում Եհովայի վկաների՝ իրենց կրոնը դավանելու հիմնարար իրավունքը խախտելու համար։ Յոթ էջից բաղկացած որոշման մեջ կոմիտեն Ղրղզստանից պահանջեց Վկաներին տալ «համարժեք փոխհատուցում» և «համապատասխան քայլեր ձեռնարկել ապագայում նմանատիպ խախտումներ թույլ չտալու համար»։ Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ կոմիտեն դատապարտում է Ղրղզստանին Վկաների իրավունքները ոտնահարելու համար։
Ղրղզստանում Եհովայի վկաները որպես խումբ գրանցվել են 1993 թ.-ին, սակայն պետական գրանցում ստացել են 1998 թ.-ին։ Տասնամյակներ շարունակ Վկաները վայելում էին դավանանքի ազատություն, սակայն մոտ տասը տարի առաջ Կրոնական հարցերով պետական հանձնաժողովը (ԿՀՊՀ) հրաժարվեց երկրի հարավային մարզերում՝ Օշում, Նարինում և Ջալալաբադում, գրանցել Եհովայի վկաների երեք կրոնական կազմակերպություն։ Թեև եղբայրները բազում անգամներ են դիմել, սակայն պատասխանը մնացել է անփոփոխ։ ԿՀՊՀ-ի մերժումների պատճառով տեղի եղբայրներն ու քույրերը չեն կարողանում կրոնական գործունեություն իրականացնել, ժողովներ և համաժողովներ անցկացնել, ինչպես նաև ձեռք բերել շինություններ և օգտագործել դրանք որպես երկրպագության վայրեր։ Ուստի կոմիտեն որոշեց, որ Ղրղզստանը կրոնական խտրականություն է դրսևորել Եհովայի վկաների հանդեպ։
Մարդու իրավունքների կոմիտեն ակնկալում է, որ Ղրղզստանի իշխանություններն «անհրաժեշտ բոլոր քայլերը կձեռնարկեն ապագայում նմանատիպ խախտումները կանխելու համար»: Ղրղզստանը ունի 180 օր կոմիտեի որոշման համաձայն վարվելու համար։
Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Ղրղզստանի իշխանությունները կհետևեն Կոմիտեի կարգադրություններին և թույլ կտան մեր հավատակիցներին ազատորեն դավանել իրենց հավատը։ Այնուամենայնիվ, «Forum 18»-ի մարդու իրավունքների փորձագետները ուշադիր հետևում են իրավիճակին և արդեն հայտնել են կոմիտեին, որ ԿՀՊՀ-ն «անտեսել է 2019 թ.-ին ՄԱԿ-ի կայացրած նույնանման որոշումը»։
Մենք չգիտենք՝ Ղրղզստանի իշխանությունը կհետևի ՄԱԿ-ի հրահանգներին, թե ոչ, սակայն վստահ ենք, որ Եհովան տեսնում է, թե ինչերի միջով են անցնում Ղրղզստանի մեր հավատակիցները (Սաղմոս 37։18)։ Մեր երկնային Հայրը կշարունակի օրհնել նրանց նվիրվածությունն ու քաջությունը (Սաղմոս 37։28)։