Անցնել բովանդակությանը

ՄԱՐՏԻ 2, 2015
ՂՐՂԶՍՏԱՆ

Ղրղըզստանում կրոնի ազատությունը ճամփաբաժանի առաջ է

Ղրղըզստանում կրոնի ազատությունը ճամփաբաժանի առաջ է

Ղրղըզստանում կրոնական ազատության հարցի հետ կապված դրական փոփոխություն եղավ, երբ 2014թ. սեպտեմբերի 4-ին Գերագույն դատարանի սահմանադրական պալատը 2008թ. կրոնի մասին օրենքի որոշ դրույթներ ճանաչեց ոչ սահմանադրական։ Դա հնարավորություն է տալիս Եհովայի վկաներին գրանցվել Ղրղըզստանի հարավային շրջաններում։ *

Սակայն, հակառակ այս որոշման, Կրոնի գործերով պետական հանձնաժողովը (ԿԳՊՀ) շարունակում է մերժել Եհովայի վկաների գրանցումը Ղրղըզստանի հարավային շրջաններում։ ԿԳՊՀ-ն պնդում է, որ քանի դեռ խորհրդարանը փոփոխություններ չի մտցրել 2008թ. կրոնի մասին օրենքում, օրենքը մնում է ուժի մեջ, ինչպես որ գրված է և հետևաբար արգելում է Եհովայի վկաներին օրինական գրանցում ստանալ։ Արդյունքում՝ նույն կրոնական գործունեությունը, որ գրանցված է և խաղաղ կերպով իրականացվում է Ղրղըզստանի հյուսիսում, սահմանափակումների և խտրականության է ենթարկվում հարավում։ *

Ձերբակալվում են չգրանցված կրոնական գործունեության համար

2014-ի հունիսի 30-ին Ղրղըզստանի հարավ-արևելքում գտնվող Նարին քաղաքում 46-ամյա Ժիլդիզ Ժումալիևան զրուցել էր իր հարևանների հետ իր համոզմունքների մասին։ Նարինի իշխանությունները ձերբակալեցին և դատապարտեցին նրան որպես չգրանցված կրոնական կազմակերպության անդամ իր համոզմունքների մասին ուրիշների հետ խոսելու համար։ * Ղրղըզստանի անկախությունից հետո սա առաջին դեպքն էր, որ Եհովայի վկան հետապնդվում է կրոնական գործունեության համար։

Տիկին Ժումալիևայի դեմ գործը քննվեց Նարինի մարզային դատարանում 2014թ. օգոստոսի 5-ին։ Դատավորները բազմաթիվ հարցեր էին տալիս հասկանալու Եհովայի վկաներին և այն տեղեկությունները, որ նրանք հայտնում են մարդկանց։ Ապացույցները քննելուց հետո դատարանը կասեցրեց գործի քննությունը մինչև Սահմանադրական պալատի կողմից վերոհիշյալ որոշման հրապարակումը։

Այնուհետև Նարինի մարզային դատարանը վերսկսեց տիկին Ժումալիևայի դեմ գործի քննությունը։ Դատարանը սահմանեց, որ որևէ վարչական խախտում տեղի չի ունեցել և որ բոլոր քաղաքացիները ունեն իրենց կրոնական համոզմունքները դավանելու սահմանադրական իրավունք։ Սահմանադրական պալատի որոշման պատճառաբանական մասում դատարանը նշեց, որ Եհովայի վկաները գրանցված են Ղրղըզստանի ամբողջ տարածքում։ Այն բեկանեց առաջին ատյանի որոշումը, որը սակայն դատախազը բողոքարկեց՝ պնդելով, որ Սահմանադրական պալատի որոշումը վերաբերելի չէ քրեական գործին։ 2014-ի դեկտեմբերի 24-ին Գերագույն դատարանը մերժեց բողոքը՝ անփոփոխ թողնելով Նարինի Մարզային դատարանի՝ տիկին Ժումալիևային արդարացնելու մասին որոշումը՝ դրանով պաշտպանելով մարդկանց հետ կրոնական համոզմունքների մասին խոսելու վերջինիս իրավունքը։

Արդարություն Օշ քաղաքում՝ չնայած կեղծ մեղադրանքներին

2013թ.-ին Օկսանա Կորիակինային ու նրա մորը՝ Նադեժդա Սերգիենկոյին, տնային կալանքի վերցրին ուրիշների հետ իրենց կրոնական համոզմունքների մասին խոսելու «հանցագործության» համար։ Օշի պաշտոնյաները այս կեղծ մեղադրանքն օգտագործեցին որպես նախադեպ հայտարարելու, որ Եհովայի վկաները զբաղվում են «ապօրինի կրոնական գործունեությամբ»։ Պաշտոնյաները պնդում են, որ առանց տեղի կրոնական կազմակերպության գրանցման Եհովայի վկաները չեն կարող որևէ կերպ հրապարակորեն դավանել իրենց կրոնական համոզմունքները։

Օշի առաջին ատյանի դատարանը արդարացրեց այդ երկու կանանց։ 2014-ի հոկտեմբերի 7-ի դատավճռի մեջ դատարանը հանգեց այն եզրակացության, որ քննիչները լուրջ սխալներ են թույլ տվել և որ տիկին Կորիակինայի և տիկին Սերգիենկոյի նկատմամբ հետապնդում են իրականացրել զուտ այն պատճառով, որ նրանք Եհովայի վկաներ են։

Օշի դատախազը բողոքարկեց առաջին ատյանի դատավճիռը։ Բողոքում նա խնդրում էր, որ սխալները «շտկելու» համար գործը ուղղարկվի նոր քննության, և տիկին Կորիակինայի ու տիկին Սերգիենկոյի գործը կրկին քննվի։ Երբ վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը, վերջինս այն բողոքարկեց Ղրղըզստանի Գերագույն դատարան։ Գերագույն դատարանը գործը կքննի 2015-ի մարտի 3-ին, և Վկաները հույս ունեն, որ այդ որոշմամբ արդարությունը կրկին կհաղթանակի։

Ղրղըզստանը կպաշտպանի՞, թե՞ կսահմանափակի կրոնի ազատությունը

Տիկին Ժումալիևայի գործով դատական նիստին ներկա Եհովայի վկաներից մեկն ասաց. «1998-ից սկսած՝ տեղի իշխանությունները ճնշում են գործադրում մեզ վրա, քանի որ Նարինում չունենք պետական գրանցում։ Հույս ունենք, որ Գերագույն դատարանի կայացրած որոշումների արդյունքում կստանանք պետական գրանցում»։

Եհովայի վկաները հուսով են, որ Նարինում, Օշում և Ղրղըզստանի հարավում գտնվող այլ տարածքներում կստանան պետական գրանցում, որպեսզի կարողանան շարունակել խաղաղ կերպով և առանց խոչընդոտների դավանել իրենց կրոնը։ Եթե Ղրղըզստանը կիրառի բարձր ատյանի որոշումը, պաշտպանած կլինի իր քաղաքացիների կրոնի ազատությունը։

^ պարբ. 2 Գերագույն դատարանի սահմանադրական պալատի 2014թ. սեպտեմբերի 4-ի որոշման մասին տե՛ս «Ղրղըզստանի բարձրագույն ատյանը պաշտպանում է Եհովայի վկաների կրոնի ազատությունը» հոդվածում։

^ պարբ. 3 Եհովայի վկաները գրանցված են երկրի ողջ տարածքում։ Երկրի հյուսիսային շրջաններում նրանք գրանցված են նաև որպես տեղի կրոնական կազմակերպություն։ Սակայն հարավային շրջանների իշխանությունները բազմիցս մերժել են գրանցել տեղի կրոնական կազմակերպություններին։

^ պարբ. 5 Ղրղըզստանի Հանրապետության վարչական օրենսգրքի Հոդված 395(2)-ը արգելում է «կրոնական հանդիպումների, միջոցառումների և արարողությունների կազմակերպման և անցկացման կանոնների» խախտումը։