ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 2022
ՃԱՊՈՆԻԱ
Ճապոնիայի մասնաճյուղը՝ 50 տարի տպագրության ոլորտում
2022 թ.-ին լրացավ Ճապոնիայի մասնաճյուղում տպագրության իրականացման 50 տարին։
1950-ականներին և 1960-ականներին Ճապոնիայի եղբայրները և քույրերը մոտ 70 միսիոներների աջակցությամբ եռանդորեն քարոզում էին բարի լուրը, ինչի արդյունքում քարոզիչների թիվը կտրուկ աճեց։ Ճապոներենով աստվածաշնչյան գրականության աճող պահանջարկը բավարարելու նպատակով որոշվեց, որ Ճապոնիայի մասնաճյուղը կսկսի տպագրել «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։
1969 թ. հոկտեմբերին Տոկիոյում տեղի ունեցած «Խաղաղություն երկրի վրա» խորագրով միջազգային համաժողովին եղբայր Նաթան Նորը հայտարարեց, որ տպագրության համար նախատեսված շինություններով նոր մասնաճյուղ է կառուցվելու Նումաձու քաղաքում՝ Ֆուձիյամայի նախալեռներում։
Շինարարությունը սկսվեց 1972 թ. հունվարին։ 1972 թ. օգոստոսի 15-ի դրությամբ արդեն տեղադրվել էր բարձր տպագրության գլանափաթեթավոր, ռոտացիոն հաստոց, որը կշռում էր 40 տոննա, ինչպես նաև ամսագրերի թողարկման համար անհրաժեշտ այլ հաստոցներ։ Նոր մասնաճյուղում տպագրված առաջին ամսագիրը «Արթնացե՛ք»-ի 1972 թ. հոկտեմբերի 8-ի թողարկումն էր՝ ճապոներենով։ Նախկին տպագրիչներից մի եղբայր ջերմությամբ հիշում է. «Երբ տեսա թարմ տպված գրականությամբ լի արկղերը՝ պատրաստ առաքման համար, աչքերիցս ուրախության արցունքներ հոսեցին»։
1982 թ.-ին Ճապոնիայի մասնաճյուղը տեղափոխվեց Էբինա քաղաք՝ Բեթելի նորակառույց շինություններ։ Համալիրը երեք անգամ մեծ էր Նումաձույի համալիրից։ Այն հագեցած էր օֆսեթային տպագրահաստոցներով և կազմարարական արագագործ սարքավորումներով։ «Դիտարան»-ից և «Արթնացե՛ք»-ից բացի՝ մասնաճյուղը սկսեց տպագրել նաև «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Դեռ ավելին՝ տպագրվող գրականության լեզուների քանակը հատեց 200-ի սահմանը։
Ներկայումս Ճապոնիայի տպարանը ամեն ամիս թողարկում է «Դիտարան»-ի և «Արթնացե՛ք»-ի 13,2 միլիոն օրինակ։ 2013 թ.-ից ի վեր մասնաճյուղը թողարկել է Աստվածաշնչի ավելի քան 20 միլիոն օրինակ 100-ից ավելի լեզուներով և դրանք առաքել 50-ից ավելի երկրներ։
1972 թ.-ին Ճապոնիայում մոտ 13 000 քարոզիչ կար։ 50 տարի անց՝ 2022 թ.-ին, այդ թիվը հասել է 213 000-ի։ Մեծ ցնծություն ենք ապրում՝ տեսնելով, թե ինչպես է այս տպարանը խթանել Թագավորության գործը թե՛ Ճապոնիայում, թե՛ ողջ աշխարհում (Մատթեոս 28։19, 20)։