ՀՈՒԼԻՍԻ 30, 2024
ՃԱՊՈՆԻԱ
Օսակայում և Տոկիոյում յոթ երկրներից ժամանած Վկաները մասնակցում են հատուկ քարոզարշավի
2024 թ. մայիսի 13-ից մինչև հունիսի 2-ը հազարավոր Եհովայի վկաներ մասնակցեցին հատուկ քարոզարշավի, որը կազմակերպվել էր Ճապոնիայի Օսակա և Տոկիո քաղաքների բանուկ վայրերում։ Բացի այդ՝ քարոզարշավին աջակցելու համար հրավիրվել էին 350 Վկաներ Ավստրալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Նոր Զելանդիայից, Հարավային Կորեայից և Միացյալ Նահանգներից։
Տոկիոյում և Օսակայում ապրում է ավելի քան 15 միլիոն մարդ։ Տեղի քարոզիչները այլ երկրներից ժամանած հավատակիցների հետ մասնակցեցին ծառայության տարբեր ձևերի։ Նրանք բազմաթիվ հաճելի զրույցներ ունեցան և Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսեցին։
Ցուցատախտակի մոտ կանգնած մի քույր աղոթեց Եհովային, որ զրուցի մեկի հետ, ով ցանկանում է Աստվածաշունչ ուսումնասիրել։ Շուտով մի մարդ մոտեցավ և ասաց, որ ուզում է ավելին իմանալ Աստվածաշնչի մասին։ Քանի որ նրա մայրենի լեզուն չինարենն էր, քույրը պայմանավորվեց, որ չինախոս մի եղբայր այցելի նրան։ Վկաների հետ առաջին հանդիպումից երկու օր անց այդ տղամարդը գնաց ժողովի հանդիպման։
Տնետուն ծառայության ժամանակ քույրերից մեկը զրուցեց մի կնոջ հետ, ով համաձայնեց դիտել «Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» տեսանյութը։ Դիտելուց հետո այդ կինն ասաց. «Միշտ մտածել եմ տեսանյութում շոշափված այս բոլոր հարցերի շուրջ»։ Նա ընդունեց Աստվածաշունչ ուսումնասիրելու առաջարկը և մեր քրոջ հետ ներկա եղավ ժողովի հաջորդ հանդիպմանը։
Քարոզարշավը նաև հնարավորություն ընձեռեց շփվելու միջազգային եղբայրության հետ։ Տացունո քաղաքից Աիկա անունով 20-ամյա մի քույր ասաց. «Անմոռանալի փորձառություն էր։ Երախտապարտ եմ Եհովային, որ ինձ թույլ տվեց մասնակցել այս քարոզարշավին»։ Իսկ Ակիհիրո անունով մի երեց նշեց. «Տարբեր երկրներից ժամանած մեր հավատակիցների հետ համագործակցելը շատ քաջալերական էր։ Դա մեր ծառայությանը նոր շունչ հաղորդեց»։
Ուրախ ենք, որ Ճապոնիայից և աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ կամավորներ պատրաստակամությամբ մասնակցեցին այս հատուկ քարոզարշավին և «բարձր բացականչություններով փառաբանեցին Եհովային» (Սաղմոս 110։3; Եզրաս 3։11)։