ԱՊՐԻԼԻ 24, 2017
ՃԱՊՈՆԻԱ
Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո Վկա կամավորները նորոգում են ավելի քան 300 վնասված տներ
ԷԲԻՆԱ, Ճապոնիա։ Ճապոնիայում Եհովայի վկաները ավարտեցին 2016թ. ապրիլի 14-ին և 16-ին Կումամոտո քաղաքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով վնասված իրենց հավատակիցների 348 տների վերանորոգման աշխատանքները։ Մոտ 15000 կամավորներ մասնակցեցին շինարարական աշխատանքներին, որոնք սկսվեցին 2016թ. հուլիսին և ավարտվեցին 2017թ. մարտին։
Թեև ոչ մի Վկա երկրաշարժի պատճառով չի զոհվել, մոտ 119 Վկաներ ստիպված են եղել փախչել իրենց տներից։ Նրանց սկզբից տեղավորել են 15 Թագավորության սրահներում՝ Եհովայի վկաների երկրպագության վայրերում, մինչև կամավորները աղբից կմաքրեին տուժածների տները։
2016թ. հուլիսի 25-ից սկսած՝ Վկա շինարարները վերանորոգեցին երկրաշարժից տուժածների տների ճաքերը, հատակները, ներսի պատերը, տանիքները և ջրի խողովակները։ Նրանք նաև տեղադրեցին դռներ, պատուհաններ և օդորակիչներ։
Պրն Մինորու Կոնոն, որը նախկինում ծառայել է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերում, հետևելով Վկաների կատարած շինարարական աշխատանքներին՝ ասաց. «Իմ արած գործում հրատապությունը ամենակարևոր բանն է կյանքեր փրկելու համար։ Եհովայի վկաները նույն հրատապության զգացումով էին աշխատում Կումամոտոյի երկրաշարժից հետո, քանի որ շատ արագ եկան աղետի գոտի՝ տուժածներին օգնելու համար։ Եվ երբ նրանք սկսեցին շինարարական աշխատանքները, ես զարմացա, որ ողջ Ճապոնիայից ոչ թե անհմուտ մարդիկ էին եկել աշխատելու համար, այլ մասնագետներ։ Վկա կամավորները շատ նվիրված ու ջանասեր մարդիկ են»։
Ճապոնիայում Եհովայի վկաների ներկայացուցիչ Իչիկի Մացունագան ասում է. «Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կումամոտոյում տեղի ունեցած երկրաշարժից հազարավոր տուժածների հետ մենք էլ ենք մասնակցել վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին։ Աղետից հետո մեր հավատակիցների ցուցաբերած գործնական օգնությունը մեծ մխիթարության և զորության աղբյուր է եղել մեզ համար»։
Մեդիա կոնտակտներ:
Միջազգային: Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Ճապոնիա: Իչիկի Մացունագա, +81-46-233-0005