ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 2018
ՃԱՊՈՆԻԱ
Ճապոնիայում Եհովայի վկաները օգնության ձեռք են մեկնում ջրհեղեղից տուժածներին
Ճապոնիայի արևմտյան հատվածում, որն ավերվել էր 2018 թ. հուլիսին տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով, բնակվում են ավելի քան 47 000 մեր հավատակիցները։ Աղետից կարճ ժամանակ անց մոտ 4 900 կամավորներ անմիջապես գործի լծվեցին, որպեսզի մաքրեն և նորոգեն Վկաների տներն ու Թագավորության սրահները։
Աղետից տուժածներին օգնելու երեք կոմիտեների առաջնորդությամբ մեր եղբայրներն ու քույրերը մաքրել և նորոգել են ինը Թագավորության սրահներ, որոնք վնասվել էին ջրհեղեղի ջրերի պատճառով։ Եվս մեկ Թագավորության սրահ ներկայումս նորոգվում է։ Բացի այդ, ամբողջովին կամ մասամբ նորոգվել են Վկաներին պատկանող 184 տներ։ Այս տարի ծրագրված է նորոգել ևս 11 տուն։
Աբեների ընտանիքը՝ Տարոն, Կեյկոն և նրանց երեք երեխաները, Էհիմեում բնակվող այն ընտանիքներից մեկն է, որն օգնություն է ստացել։ Նրանց տունը հեղեղվելուց ընդամենը երեք օր անց այդ շրջանի եղբայրները եկան և սկսեցին նորոգել այն։ Նրանք նաև փոխեցին տան վնասված հատակը։ Բացի այդ, տեղի Վկաները երեխաների համար նվիրաբերեցին նոր մահճակալներ և գրասեղաններ։
2018 թ. սեպտեմբերի 20-ին Կառավարիչ մարմնի անդամ Ջեֆրի Ջեքսոնը, որն այդ ժամանակ այլ հանձնարարությամբ Ճապոնիայում էր գտնվում, առիթից օգտվելով, Օկայամայի Թագավորության սրահում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ քաջալերական ելույթ ներկայացրեց։ Սրահում և այլ վայրերում ծրագիրը ընդհանուր առմամբ լսեցին 36 691 եղբայրներ ու քույրեր։ Նրանց թվում կային այդ նույն ժամանակահատվածում Ճապոնիան պատուհասած թայֆուններից ու երկրաշարժերից տուժած հավատակիցներ։ Եղբայր Ջեքսոնը բացատրեց, թե ինչպես է Եհովան միշտ հոգ տանում և մխիթարում իր ժողովրդին իրենց բոլոր նեղություններում։ Նա նաև ժամանակ հատկացրեց, որ հանդիպի և սփոփի աղետից տուժածներին։
Մենք, ինչպես և Ճապոնիայի մեր եղբայրներն ու քույրերը երջանիկ ենք, որ Եհովայի կազմակերպության մի մասն ենք, որն իր սերը գործերով է դրսևորում և արտացոլում է մեր երկնային Հոր հոգատարությունը (2 Կորնթացիներ 1:3, 4)։