Անցնել բովանդակությանը

ՄԱՅԻՍԻ 29, 2020
ՄԱԼԱՎԻ

Ժողովի հանդիպումները հեռարձակվում են Մալավիի հեռուստատեսությամբ և ռադիոյով

Ժողովի հանդիպումները հեռարձակվում են Մալավիի հեռուստատեսությամբ և ռադիոյով

Մալավիի մասնաճյուղի կոմիտեն քայլեր է ձեռնարկել, որպեսզի ժողովի հանդիպումները հեռարձակվեն հեռուստատեսությամբ և տարբեր ռադիոկայաններով։ Ծրագրերը դիտում են կամ լսում ոչ միայն մեր հավատակիցները, այլև ուրիշ շատ մարդիկ։ Մալավիում ավելի քան 100 000 Եհովայի վկա կա, սակայն ըստ հեռարձակողների տվյալների՝ հանգստյան օրերին ծրագիրը հեռուստատեսությամբ դիտում է 2 մլն մարդ, իսկ ռադիոյով լսում է 8 մլն մարդ։

Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Մալավիում մեր եղբայրները, սոցիալական հեռավորություն պահպանելու նկատառումներից ելնելով, չեն հավաքվում Թագավորության սրահներում։ Գրեթե բոլոր քարոզիչներն էլ ունեն հեռուստացույց կամ ռադիո, ուստի հեռարձակման շնորհիվ բոլոր նրանք, ովքեր չունեն ինտերնետ կապ և չեն կարող տեսակապի միջոցով միանալ հանդիպումներին, կարող են օգուտներ քաղել ժողովի ծրագրից։

Հանդիպումները հեռարձակվում են չիչևա լեզվով, որը երկրի պետական լեզուն է։ Իսկ հեռուստատեսությամբ ծրագիրը միաժամանակ թարգմանվում է նաև Մալավիի ժեստերի լեզվով։ Բացի հանրային ելույթից՝ հեռարձակվում են նաև մեր տեսանյութերը և Աստվածաշնչի թատերականացված ընթերցանության ձայնագրությունները։ Ծրագրի վերջում բոլոր հեռուստադիտողներին և ռադիոլսողներին խրախուսվում է այլ լեզուներով տեղեկություններ գտնելու համար այցելել jw.org կայք։

Հեռարձակվող ծրագրերի շնորհիվ փոխվել է Եհովայի վկաների մասին մարդկանց ունեցած սխալ տեսակետը։ Մի մարդ ասաց. «Արդեն մի քանի շաբաթ է՝ ռադիոյով լսում եմ ձեր քարոզները։ Դրանք սպառիչ պատասխաններ են տալիս այն ստերի վերաբերյալ, որոնք մարդիկ ասում են ձեր մասին։ Ձեր քարոզները շատ են տարբերվում այլ կրոնների քարոզներից, քանի որ դուք մարդկանց սրտին եք հասնում»։ Այդ տղամարդը և նրա ընտանիքը սկսել են Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների օգնությամբ։

Ավգուստին Սեմոն, որը ծառայում է Մալավիի մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնում, նշում է. «Այս հեռարձակումները հզոր գործիք են, որոնք օգնում են մեր եղբայրներին կառչած մնալ իրենց հոգևոր գրաֆիկին։ Դրանց շնորհիվ աստվածաշնչյան ուսմունքներին ծանոթացել են նաև շատ այլ մարդիկ։ Երբ իրավիճակը Մալավիում կարգավորվի, հուսով ենք՝ նոր մարդկանց կտեսնենք մեր Սրահներում»։

Ուրախ ենք, որ թե՛ Մալավիի Վկաները և թե՛ այլ մարդիկ կարողանում են հոգևորապես սնվել այս դժվար ժամանակներում։ Դա խորացնում է մեր գնահատանքը «հավատարիմ ծառայի» նկատմամբ, որն ամեն ինչ անում է, որ բոլորը ստանան հոգևոր սնունդ (Մատթեոս 24։45