ՀՈՒՆԻՍԻ 13, 2017
ՄԱԼԱՎԻ
Իրենց խղճի համաձայն վարվելու համար դպրոցից հեռացված Եհովայի վկաների երկու երեխաների կրկին հետ են ընդունում
ԼԻԼՈՆԳՎԵ, Մալավի։ 2017թ. մայիսի 3-ին Եհովայի վկաների երկու երեխաների՝ 18-ամյա Ահարոն Մանկհամբային և 15-ամյա Հաստինգս Մտամբալիկային, թույլ տրվեց վերադառնալ դպրոց այն բանից հետո, երբ նրանք հեռացվել էին Կհոմբե տարրական դպրոցից ժողովի ժամանակ ազգային հիմնը երգելուց հրաժարվելու համար։ Այդ աշակերտներին արգելվել էր դպրոց հաճախել 2017թ. փետրվարի 13-ից։ Երբ տղաների ծնողներն ու Եհովայի վկաների մասնաճյուղի ներկայացուցիչները բողոք ներկայացրին դպրոցի տնօրինությանը, նրանց իրավունքները վերականգնվեցին։
Քննարկումների ընթացքում մասնաճյուղի ներկայացուցիչներին օգնեցին Մալավիի կառավարությունից ստացված երկու նամակներ, որոնք նրանք կարող էին ներկայացնել դպրոցի տնօրինությանը։ Նամակներից մեկը, որը թվագրված էր 1997թ.-ով և հասցեագրված էր Մալավիի Եհովայի վկաներին, պաշտոնապես հաստատում էր այն, որ Եհովայի վկաները ազատված են ազգային հիմնը երգելուց։ Իսկ մյուս նամակը, թվագրված 2017թ.-ով, կրթության ոլորտի աշխատողներին հորդորում էր հարգել աշակերտների կրոնի ազատությունը։
Հաստինգսը բացատրում է, որ իրենց հետ ընդունեցին դպրոց ճիշտ ժամանակին, քանի որ մոտենում էին քննությունները։ «Մենք անհանգստանում էինք, որ չենք կարողանա մասնակցել քննություններին։ Դրանց մասնակցելու հնարավորությունը տարին մեկ անգամ է միայն տրվում»։ Եթե աշակերտները կտրվեն այդ քննություններից, ստիպված պետք է մնան նույն դասարանում։
Մալավիում Եհովայի վկաների ներկայացուցիչ Ավգուստին Սեմոն ասում է. «Այդ աշակերտները ուրախ են, որ հարգանք է դրսևորվել իրենց խղճի նկատմամբ, և մենք շնորհակալ ենք դպրոցի տնօրինությանը կրոնի ազատությունը հարգելու և նրանց դպրոց հետ ընդունելու համար»։
Մեդիա կոնտակտներ։
Միջազգային։ Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000
Մալավի։ Ավգուստին Սեմո, +265-1-762-111