ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 2019
ՄԵՔՍԻԿԱ
«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել մայա լեզվով
2019 թ. հոկտեմբերի 25-ը նշանակալից օր էր 6 500 մայախոս եղբայրների ու քույրերի համար։ Այդ օրը հայտարարվեց մայա լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այդ մասին հայտարարությունն արեց Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Էստեբան Բանը Մերիդայում (Յուկատան, Մեքսիկա) տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ։ Ծրագիրը անցկացվում էր Մերիդայի համաժողովների սրահում և հեռարձակվում նույն քաղաքում գտնվող «Զամնա» բազմաֆունկցիոնալ համալիրում։ Այս հրատարակությունը մեծապես կօգնի քարոզիչներին ծառայության ժամանակ, քանի որ Մեքսիկայում և Միացյալ Նահանգներում մոտ 762 000 մայախոս մարդիկ կան։
Մինչ այդ մայա լեզվով առկա էր միայն «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը», որը լույս էր տեսել 2012 թ. դեկտեմբերի 14-ին։ Դրանից հետո տպագրվել է այդ թարգմանության գրեթե 29 000 օրինակ։
Թարգմանիչներից մեկն ասում է. «Ընդհանուր առմամբ մայախոս մարդկանց համար Աստվածաշունչը մեծ հեղինակություն է, և նրանք արժևորում ու հարգանքով են վերաբերվում դրան։ Սակայն շատերի գրագիտության մակարդակը բարձր չէ։ Ուստի մենք օգտագործեցինք այնպիսի բառապաշար, որը պարզ ու հասկանալի է, և որը մարդիկ գործածում են իրենց առօրյայում»։
Մայա լեզվով թարգմանող խմբի համար առանձնահատուկ դժվարություն էր այն, որ երկրի տարբեր շրջաններում խոսում են այս լեզվի տարբեր խոսվածքներով։ Ուստի այս նոր թարգմանության շապիկին պարզեցված վերնագիր է գրվել՝ Biblia ich maya, որը նշանակում է «մայա լեզվով Աստվածաշունչ»։ Բացի այդ, գրքում կան ավելի քան 6 000 ծանոթագրություններ, որոնցից մի քանիսը պարունակում են հիմնական տեքստի մեկ այլ հնարավոր թարգմանության տարբերակ, ուստի բոլոր ընթերցողները ճիշտ կհասկանան տվյալ հատվածի իմաստը։
Անկասկած, այս նոր հրատարակությունը «ճիշտ ժամանակին» տրված հոգևոր կերակուր է և մեծ օգնություն կլինի մայախոս եղբայրների և քույրերի համար անձնական ուսումնասիրության և ծառայության ժամանակ (Մատթեոս 24։45)։