ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2019
ՄԵՔՍԻԿԱ
«Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել տզոտզիլ լեզվով
2019 թ. հոկտեմբերի 25-ին Տուստլա Գուտիերեսի (Չիապաս, Մեքսիկա) բազմաֆունկցիոնալ համալիրում տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Արմանդո Օչոան հայտարարեց տզոտզիլ լեզվով «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Այս միջոցառումը նաև հեռարձակվում էր կոնֆերանս-կենտրոնում։ Ծրագիրն ընդհանուր առմամբ ունկնդրեց 3 747 մարդ։
Տզոտզիլ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել 2014 թ. դեկտեմբերի 26-ին և տարածվել է տզոտզիլ լեզվով խոսող մարդկանց շրջանում, ովքեր հիմնականում ապրում են Չիապաս նահանգի լեռներում և ցածրադիր վայրերում։ Մեքսիկայում ապրող ավելի քան 16 000 000 տեղաբնիկներից մոտ 500 000-ը, այդ թվում՝ 2 814 Եհովայի վկա խոսում է տզոտզիլ լեզվով։
Թարգմանիչները շատ դժվարությունների են բախվել։ Օրինակ՝ տզոտզիլ լեզվով քիչ թվով աշխարհիկ գրականություն և բառարաններ կան։ Բացի այդ, այն յոթ բարբառ ունի։ Ուստի թարգմանիչները պետք է ամենայն զգուշությամբ ընտրեին բառերը, որպեսզի դրանք հասկանալի լինեին այդ լեզվով ընթերցող բոլոր մարդկանց։
Թարգմանիչներից մեկը նշեց. «Քանի որ Աստվածաշնչի այս թարգմանության մեջ գործածված է Աստծու անունը՝ Եհովա, այն կօգնի ընթերցողներին անձնական փոխհարաբերություն ունենալու նրա հետ։ Տզոտզիլ լեզվով առկա Աստվածաշնչի մյուս երկու թարգմանություններում Աստծու անունը գործածվում է ընդամենը մեկ անգամ՝ «Ելք» գրքի ծանոթագրություններից մեկի մեջ։ Սա կլինի տզոտզիլ լեզվով Աստվածաշնչի առաջին թարգմանությունը, որում Աստծու անունը վերականգնված է բոլոր այն տեղերում, որտեղ այն պետք է լիներ»։ Իսկ քարոզիչներից մեկն ասաց, որ «տզոտզիլ լեզվով Աստվածաշնչի մյուս թարգմանությունները բավականին թանկ են։ Քչերը հնարավորություն ունեն ձեռք բերելու այն։ Սակայն այս Աստվածաշունչը անվճար մատչելի կլինի բոլորի համար»։
Վերջերս լույս տեսած Աստվածաշունչը անկասկած օգուտ կբերի տզոտզիլ լեզվով խոսող բոլոր այն մարդկանց, «ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։