Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 17, 2023
ՄԵՔՍԻԿԱ

«Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը այժմ հասանելի է մեքսիկական ժեստերի լեզվով

«Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը այժմ հասանելի է մեքսիկական ժեստերի լեզվով

2023 թ. հունվարի 1-ին Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Արմանդո Օչոան հայտարարեց, որ մեքսիկական ժեստերի լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» ամբողջական տարբերակը այժմ առկա է jw.org կայքում և JW Library Sign Language հավելվածում։ Եղբայր Օչոան այս ոգևորիչ հայտարարությունն արեց Էլ Տեխոկոտեի համաժողովների սրահում տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ։

Եղբայրը (աջ կողմում) Աստվածաշնչի լույսընծայման ծրագիրը թարգմանում է խուլ և կույր քարոզչին՝ օգտագործելով շոշափելի ժեստերի լեզու

Սա Եհովայի վկաների առաջին մեծ հավաքույթն էր, որ տեղի ունեցավ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի տարածքում՝ COVID-19 համավարակի սկսվելուց ի վեր։ Այդ միջոցառմանը ֆիզիկապես ներկա եղան ընդհանուր առմամբ 2 317 եղբայրներ և քույրեր։ Հազարավորներ էլ ուղիղ հեռարձակմամբ դիտեցին ծրագիրը Մեքսիկայի տարբեր հատվածներում գտնվող համաժողովների և Թագավորության սրահներից։

Ծրագրին ներկա էին նաև ամերիկյան և մեքսիկական ժեստերի լեզուների փորձագետ պարոն Սերխիո Պենյան և Յուկատան նահանգի հաշմանդամների ինտեգրմամբ զբաղվող ինստիտուտի գլխավոր տնօրեն տիկին Մարիա Թերեզա Վասկեսը:

Պարոն Պենյան նշեց. «Մենք իսկապես ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Մեքսիկայի Եհովայի վկաներին։ 2023 թ. հունվարի 1-ից խուլերի համայնքն ունի.... ժեստերի լեզվով ամբողջական Աստվածաշունչ: Լցված խորին հիացմունքով՝ ես այն կանվանեմ «արվեստի հրաշալի գործ, գլուխգործոց»»։

Մեքսիկական ժեստերի լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» վրա տարվող աշխատանքները սկսվեցին 2008 թ. օգոստոսին Քրիստոնեական Հունարեն Գրություններից։ Հաջորդող 14 տարիների ընթացքում մեկը մյուսի հետևից լույս տեսան Աստվածաշնչի առանձին գրքերը։ Սա առաջին ամբողջական Աստվածաշունչն է, որը լույս է տեսել մեքսիկական ժեստերի լեզվով։

Հուրախություն լսողական խնդիրներ ունեցող քարոզիչների՝ նույնիսկ COVID-19 համավարակի ընթացքում աստվածաշնչյան մի քանի գրքեր լույսընծայվեցին։ Մի եղբայր ասաց. «Շնորհակալ եմ, որ համավարակի ժամանակ այդքան շատ աստվածաշնչյան գրքեր մատչելի դարձան։ Եհովան մեզ հոգևոր առատ կերակուր տվեց»։

Մի խուլ քույր էլ ասում է. «Նախքան ժեստերի լեզվով «Նոր աշխարհ թարգմանության» լույսընծայումը եղբայրները ինձ համար աստվածաշնչյան համարներ էին թարգմանում։ Սակայն նրանց համար դժվար էր հատվածները նույն ձևով թարգմանել։ Այդ պատճառով գրեթե անհնար էր անգիր անել աստվածաշնչյան համարները։ Սակայն այժմ կարող եմ ինքնուրույն հասկանալ Աստվածաշունչը»։

Մենք վստահ ենք, որ խուլ և լսողական խնդիրներ ունեցող մեր եղբայրներն ու քույրերը մեծ օգուտներ կքաղեն Աստվածաշնչի այս ամբողջական թարգմանությունից։ Աղոթում ենք, որ Եհովան օրհնի նրանց ջանքերը, որպեսզի կարողանան «ապագայի և հույսի» մասին լուրը հաղորդել ուրիշներին (Երեմիա 29։11