ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 2019
ՄԵՔՍԻԿԱ
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել իսթմոսյան սապոտեկ լեզվով
2019 թ. սեպտեմբերի 27-ին Սան Բլաս Ատեմպայում (Օախակա, Մեքսիկա) տեղի ունեցած տարածաշրջանային համաժողովի ժամանակ հայտարարվեց իսթմոսյան սապոտեկ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին, որի համար 1 983 ներկաները շատ երախտապարտ էին։ Աստվածաշնչի լույսընծայման մասին հայտարարեց Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ջոել Իզագիրեն։ Ուշագրավ է, որ սա իսթմոսյան սապոտեկ լեզվով a թարգմանված առաջին Աստվածաշունչն է, որտեղ գրված է Աստծու անունը՝ Եհովա։
Այս նախագիծն իրականացնելիս թարգմանիչները բախվեցին առանձնահատուկ դժվարությունների։ Կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ թարգմանչական խումբը տեղափոխվեց մասնաճյուղից հեռու գտնվող թարգմանչական գրասենյակ, այդ տարածքում քաղաքական և հասարակական անկարգություններ սկսվեցին։ Կատաղի ամբոխները արգելափակել էին դեպի քաղաք տանող մուտքերը։ Մի ամբողջ ամիս իրավիճակը անկայուն էր մնում, ինչի հետևանքով պարենային ճգնաժամ էր սկսվել։ Ուրախալի էր, որ շրջակա գյուղերի մեր եղբայրները իրենց գյուղատնտեսական ապրանքները նվիրաբերեցին թարգմանիչների կարիքները հոգալու համար։ Թարգմանիչները մեկ այլ դժվարության բախվեցին, երբ 2017 թ. սեպտեմբերի 7-ին 8,2 մագնիտուդով երկրաշարժն ավերեց այն քաղաքը, որտեղ նրանք ծառայում էին, և թարգմանչական գրասենյակում ծառայելը վտանգավոր դարձավ։ Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղն անմիջապես քայլեր ձեռնարկեց թարգմանիչներին մասնաճյուղ տեղափոխելու ուղղությամբ։ Բացի այդ, Կառավարիչ մարմնի անդամներից մեկը տեսակապի միջոցով հանդիպում կազմակերպեց ողջ թարգմանչական խմբի հետ, որ քաջալերի թարգմանիչներին։
Աստվածաշնչի այս նոր թարգմանությունն, անկասկած, սապոտեկ լեզվով խոսող ավելի շատ մարդկանց կմղի «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանալու» (1 Տիմոթեոս 2։3, 4)։
a Մեքսիկայում իսթմոսյան սապոտեկ լեզվով խոսում է 85 000-ից ավելի մարդ։ Այն սապոտեկ լեզվի ավելի քան 50 բարբառներից մեկն է։