ՀՈՒԼԻՍԻ 23, 2021
ՄԵՔՍԻԿԱ
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել տոխոլաբալ լեզվով
2021 թ. հուլիսի 18-ին եղբայր Արտուրո Մանզանարեսը, որը Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, հայտարարեց տոխոլաբալ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։
Տոխոլաբալ լեզվով խոսում է ավելի քան 66 000 մարդ, որոնք ապրում են հիմնականում Մեքսիկայի Չիապաս նահանգում և երկրի հարավարևելյան մասում, որը սահմանակից է Գվատեմալային։ Աստվածաշունչը լույս է ընծայվել էլեկտրոնային ֆորմատով, որի մասին հայտարարվեց նախապես ձայնագրված ելույթում, և այն լսեցին մոտ 2 800 հոգի։
Հռետորներից մեկը ասաց հետևյալը. «Ինչո՞ւ է մեզ անհրաժեշտ տոխոլաբալ լեզվով Աստվածաշունչ։ Քանի որ կարևոր է ունենալ այնպիսի Աստվածաշունչ, որը պատիվ կբերի դրա Հեղինակին՝ Եհովա Աստծուն»։
Քույրերից մեկը, որը մասնակցել էր թարգմանության գործին, ասաց. «Շատ տպավորվեցի, երբ կարդացի Հովհաննես 5։28, 29 համարները. պատկերացրի մորս՝ հարություն առած։ Այս համարը հազար անգամ կարդացել եմ իսպաներենով, իսկ այժմ, երբ կարդում եմ իմ լեզվով, ավելի խորությամբ եմ հասկանում այդ խոսքերի իմաստը։ Անչափ շնորհակալ եմ»։
Նախագծի վրա աշխատելու ընթացքում թարգմանիչները Կենտրոնական Ամերիկայի մասնաճյուղից տեղափոխվեցին Մեխիկոյի մոտ գտնվող Չիապաս նահանգի Լաս Մարգարիտաս քաղաքում գտնվող նոր թարգմանչական գրասենյակ։ Գրասենյակը գտնվում է տոխոլաբալ լեզվով խոսող շրջանում՝ մասնաճյուղից 990 կիլոմետր (615 մղոն) հեռավորության վրա։ Ներկայումս ինը հոգի լիաժամ ծառայում է թարգմանչական գրասենյակում, իսկ հինգ եղբայրներ աջակցում են գրասենյակի գործունեությանը՝ ծառայելով այլ բաժիններում։ Թեև տարբեր տարածքներից տոխոլաբալ լեզվով խոսողները հասկանում են իրար, բայց որոշ բառերի նշանակությունը տեղից տեղ տարբեր է։ Ուստի թարգմանիչները շատ ուշադիր էին, որպեսզի Քրիստոնեական Հունարեն Գրությունները թարգմանեն այնպես, որ ճշգրիտ և դյուրըմբռնելի լինի մեծամասնության համար։
Օրինակ՝ Աստվածաշնչի հին թարգմանություններում «Աստծու Թագավորությունը» թարգմանվել է որպես «վայր, որտեղ իշխում է Աստված» կամ «Աստծու քաղաք», իսկ դրանք հասկանալի չեն ընթերցողների համար։ Տոխոլաբալ լեզվով «Նոր աշխարհ թարգմանությունը» այս արտահայտությունը թարգմանել է «Աստծու կառավարություն», որը ավելի հասկանալի է լեզուն կրողների համար։
Ծրագրին ներկա գտնված քույրերից մեկն ասաց. «Անկասկած, Եհովան առաջնորդել է այս նախագծի վրա աշխատողներին, որ թարգմանությունը լինի պարզ, ճշգրիտ և դյուրըմբռնելի։ Համոզված եմ, որ Եհովայի այս նվերը կհասնի այն մարդկանց սրտին, որոնք դեռ չեն ճանաչում նրան» (Գործեր 17։27)։