Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆՎԱՐԻ 16, 2020
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Բրիտանիայի Բեթելի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում՝ Չելմսֆորդ

Բրիտանիայի Բեթելի ընտանիքը նոր տուն է տեղափոխվում՝ Չելմսֆորդ

2020 թ. հունվարի 1-ին Բրիտանիայի Բեթելի ընտանիքը սկսեց տեղափոխվել նորակառույց համալիր, որը գտնվում է Չելմսֆորդ քաղաքի մոտ (Էսսեքս)։ 2020 թվականի մարտի սկզբից մասնաճյուղի բոլոր լիաժամ կամավորները արդեն կապրեն ու կաշխատեն այդ նոր համալիրում։

1959 թվականից Բրիտանիայի մասնաճյուղը գտնվում է Լոնդոնի Միլ-Հիլ շրջանում։ Երբ քարոզչական դաշտն ընդլայնվեց, ու աշխատանքի ծավալը մեծացավ, դրան զուգընթաց ընդլայնվեց նաև մասնաճյուղը՝ ընդգրկելով մի շարք շինություններ, որոնք հեռու էին իրարից։ Դրա պատճառով դժվար էր շենքերի տեխսպասարկումն իրականացնել։ Բացի այդ, Բեթելի ընտանիքի անդամները մի շենքից մյուսը հասնելու համար ստիպված էին երկար ճանապարհ անցնել։ Բրիտանիայի մասնաճյուղը որոշ ժամանակ տպագրատուն է ունեցել, որի առավելագույն տպաքանակը կազմել է մեր հրատարակությունների ավելի քան 10 տոկոսը։ 2018 թ. մարտին 92 տարի աշխատելուց հետո տպագրահաստոցները վաճառվեցին։ a

2020 թ. հունվարի 1-ին մասնաճյուղի նոր համալիրի շինարարությանը մասնակցած եղբայրներն ու քույրերը ողջունում են տեղափոխվող բեթելցիներին

Բրիտանիայի մասնաճյուղի նոր համալիրի շինարարությունը տևեց հինգ տարի։ Այն հնարավորություն է տալիս մասնաճյուղի բոլոր գործառույթները կենտրոնացնել մեկ վայրում, ինչի շնորհիվ բարձրանում է աշխատանքի արդյունավետությունը, և խնայվում են նվիրատվությունները։ Այն ներառում է երկու արտադրական շենք, գրասենյակներ և վեց բնակելի շենք՝ նախատեսված 400 բնակչի համար։ Մի բազմաֆունկցիոնալ շենք էլ կծառայի որպես դահլիճ, ճաշարան և միջոցառումների անցկացման վայր։

Ներկայումս Բրիտանիայի մասնաճյուղը վերահսկում է քարոզչական գործը մի շարք տարածքներում, այդ թվում՝ Ֆոլկլենդյան կղզիներում, Գեռնսիում, Իռլանդիայում, Մեն կղզում, Ջերսիում և Մալթայում։ Մասնաճյուղն այժմ կկենտրոնանա աուդիո և վիդեո, ինչպես նաև թվային հրատարակությունների թողարկման վրա։ Այն նաև կշարունակի աջակցել մոտ 1 800 ժողովներում ծառայող ավելի քան 150 000 քարոզիչների հոգևոր գործունեությանը։

2020 թ. ապրիլի 6-ից Բեթելի նոր համալիրում կսկսվեն շրջայցեր անցկացվել։ Այցելուները հնարավորություն կունենան տեսնել այնպիսի թեմաներով ցուցահանդեսներ, ինչպիսիք են՝ «Աստվածաշնչի պատմությունը Բրիտանիայում և Իռլանդիայում» և «Բեթելի դերը Եհովայի առաջ սլացող կազմակերպության մեջ»։

Բրիտանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Ստիվեն Հարդին ամենասկզբից ներգրավված է եղել նախագծում։ Նրա խոսքերը արտահայտեցին շատերի զգացումները. «Եհովան այնքան շատ կամավորների է հոժարակամ ոգի տվել՝ թե՛ Բրիտանիայից, թե՛ այլ երկրներից։ Արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքները։ Թող փառքը Եհովային լինի» (Եփեսացիներ 3։20

a Բրիտանիայի մասնաճյուղը այժմ իր գրականությունը ստանում է Կենտրոնական Եվրոպայի մասնաճյուղից, որը գտնվում է Զելտերսում (Գերմանիա)։

 

Բրիտանիայի մասնաճյուղը՝ վերևից։

Ընդունարանում մի քույր դասավորում է այցելուների համար նախատեսված հրատարակությունները։

Համագործակից եղբայրներն ու քույրերը խորհրդակցությունների սենյակում մասնակցում են հանդիպման։

Եղբայրներն ու քույրերը ընդմիջում են անում ճաշարանում, որը գտնվում է բազմաֆունկցիոնալ շենքում։

Բեթելի մուտքի մոտ տեղադրված է ճանապարհային նշան «Kingdom Way», որը նշանակում է «Թագավորության ճանապարհ»։