ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 2022
ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
«Մատթեոս» գիրքը լույս է տեսել փենջաբի (շահմուխի) լեզվով
2022 թ. հոկտեմբերի 9-ին Բրիտանիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Փոլ Նորթոնը ուղիղ եթերով հեռարձակվող ծրագրի ժամանակ հայտարարեց փենջաբի (շահմուխի) լեզվով «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գրքի լույսընծայման մասին։ Ծրագրին մասնակցեց ավելի քան 1 300 մարդ, այդ թվում՝ մասնաճյուղի տարածքի տարբեր Թագավորության սրահներից միացած քարոզիչները։ Այս աստվածաշնչյան գիրքը անմիջապես հասանելի դարձավ աուդիո, էլեկտրոնային և տպագիր տարբերակներով։
Հնդկաստանում և Պակիստանում, ինչպես նաև այլ երկրներում փենջաբի լեզվով խոսում են միլիոնավոր մարդիկ։ Փենջաբի լեզվի գուրմուկհի գրով ամբողջական «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել 2020 թ. հոկտեմբերին։ Սակայն այս նոր հրատարակությունը նախատեսված է նրանց համար, ովքեր փենջաբի լեզուն կարդում են շահմուխի գրով և ընդհանրապես չեն կարողանում կարդալ գուրմուկհիով կամ ամբողջությամբ չեն հասկանում բառապաշարը։ Մինչ այս փենջաբիով (շահմուխի) ընթերցողները ստիպված էին օգտվել Աստվածաշնչի՝ այլ լեզուներով թարգմանություններից, օրինակ՝ ուրդու լեզվով թարգմանությունից։
Տարիների ընթացքում փենջաբի (շահմուխի) լեզվով աստվածաշնչյան որոշ գրքեր են լույս տեսել։ Բայց «Մատթեոս» գրքի այս թարգմանության առավելությունը դյուրընթեռնելի ու հասկանալի լինելն է։ Եվ որ ամենակարևորն է, այն պարունակում է Եհովայի անունը։
Այս նախագծի վրա աշխատած մի թարգմանիչ ասում է. «Մարդիկ եկեղեցական երգերում հնարավոր է լսած լինեն Աստծու՝ «Եհովա» անունը։ Սակայն քանի որ թարգմանիչները աստվածաշնչյան համարների մեծ մասից հանել են այն, մարդիկ իրենց հեռու են զգում Աստծուց։ Իսկ այս թարգմանության մեջ նրանք կարող են կարդալ Աստծու անունը այնտեղ, որտեղ այն պետք է լիներ»։
Վստահ ենք, որ այս թարգմանությունը կօգնի մեր հավատակիցներին շարունակել մոտենալ Եհովային և փառաբանել նրա անունը (Մատթեոս 6։9)։