ՆՈՅԵՄԲԵՐԻ 14, 2024
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Անտառային հրդեհ՝ Եհովայի վկաների գլխավոր վարչության մոտակայքում
2024 թ. նոյեմբերի 9-ին Ուորվիքում (Նյու Յորք, ԱՄՆ) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչությունից շուրջ 2 կմ (1,2 մղոն) դեպի հյուսիս-արևմուտք անտառային հրդեհ բռնկվեց։ Այս դանդաղ տարածվող հրդեհը արդեն իսկ այրել է շուրջ 2 000 հա (5 000 ակր) տարածք։ Տեղի իշխանությունների կանխատեսումներով՝ հրդեհը գուցե շարունակվի այնքան ժամանակ, մինչև որ տարածքում զգալի քանակությամբ տեղումներ լինեն։
Ներկա պահին որևէ վտանգ չի սպառնում այդ տեղանքում գտնվող Բեթելի շինություններին, այդ թվում՝ Ուորվիքի համալիրին, Ռամապոյի շինհրապարակին և Թաքսիդո Պարկի մոտակայքում տեղակայված հեռարձակման ստուդիային։ Սակայն մեր եղբայրները զգոն են մնում և նախազգուշական քայլեր են ձեռնարկում, որ պաշտպանեն Բեթելի ընտանիքին և շինությունները (Առակներ 22։3)։ Եղբայր Լյուկ Սալադինոն, ով ԱՄՆ մասնաճյուղի կոմիտեի անդամ է, նշում է. «Հրդեհի բռնկումից անմիջապես հետո Ուորվիքում 24-ժամյա հրդեհային հսկողություն սահմանեցինք։ Նշանակվեցին արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր, որ հեռացնեն համալիրի շուրջ գտնվող չոր տերևները, ջրեն մեր շենքերի կանաչապատ կտուրները և այլ նախազգուշական միջոցներ ձեռնարկեն։ Նաև հորդորեցինք Ուորվիքի Բեթելի ընտանիքի անդամներին, որ պատրաստ պահեն տարհանման պայուսակները և պատրաստ լինեն հարկ եղած դեպքում հեռանալ։ Հուրախություն մեզ՝ տարհանման կարիք դեռևս չի առաջացել»։
Մոտակա տարածքների հրշեջները և արտակարգ իրավիճակների արձագանքման ջոկատները անդադար աշխատում են, որ մարեն հրդեհը։ Ի նշան մեր երախտագիտության՝ Բեթելի մի քանի բաժիններ կազմակերպել են, որ հրդեհի դեմ պայքարողներին տրամադրվի սնունդ, խմելու ջուր և այլ անհրաժեշտ բաներ։ Եղբայր Սալադինոն ավելացնում է. «Շնորհակալ ենք այս տղամարդկանց և կանանց, որ իրենց կյանքը վտանգելով՝ տքնաջան աշխատում են մեր ու մեր հարևանության անվտանգությունը ապահովելու համար»։
Կշարունակենք աղոթել, որ Եհովան «իմաստություն ու խոհեմություն» տա բոլոր նրանց, ովքեր ներգրավված են հակահրդեհային աշխատանքների մեջ (Առակներ 3։21)։