Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 2021
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել հմոնգ լեզվով

Մատթեոսի Ավետարանը լույս է տեսել հմոնգ լեզվով

2021 թ. սեպտեմբերի 25-ին «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը թվային ձևաչափով լույս ընծայվեց հմոնգ լեզվով։ Կառավարիչ մարմնի անդամ եղբայր Ջեֆրի Ջեքսոնը արեց լույսընծայման մասին հայտարարությունը հատուկ հանդիպման ժամանակ։ Ծրագիրը հեռարձակմամբ դիտեց 2 500 մարդ։

Սա «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանության» առաջին գիրքն էր, որ լույսընծայվեց հմոնգ լեզվով, որով ամբողջ աշխարհում խոսում է ավելի քան 3,9 միլիոն մարդ։ a Հմոնգ ժողովուրդը հավատում է ոգեպաշտությանն ու շամանիզմին։

1970-ականներից հետո շատ հմոնգներ փախան Թաիլանդի փախստականների ճամբար։ Այս փախստականների մեծամասնությունը գաղթեց Միացյալ Նահանգներ, իսկ մյուսները՝ արևմտյան երկրներ։

Ներկայումս Միացյալ Նահանգների հմոնգները մեծամասամբ ապրում են Կալիֆոռնիայում, Մինեսոտայում և Վիսքոնսինում։ Եհովայի վկաները իրենց հրատարակությունները հմոնգ լեզվով սկսել են թարգմանել 2007 թ.-ից։ 2012 թ.-ին Կալիֆոռնիայի Սակրամենտո քաղաքում բացվեց թարգմանչական գրասենյակ։

Թարգմանչական խումբը երեք ամսում ավարտեց «Մատթեոս» գրքի թարգմանությունը։ Նրանց օգնող սրբագրիչները հինգ երկրներից էին։

Այս նախագծի ընթացքում թարգմանիչները յուրահատուկ դժվարություն են հաղթահարել։ Հմոնգ լեզվի գրավոր տարբերակը, որը չունի կանոնակարգված ուղղագրություն, ստեղծվել է 1950-ականներին։

Այս լեզվով առաջին Աստվածաշունչը լույս է տեսել 1980-ականներին, սակայն բարձր արժեքի պատճառով շատ հմոնգախոսներ չեն կարողացել ձեռք բերել այն։ Այս թարգմանություններում նաև նկատվել են մի շարք անճշտություններ, որոնց պատճառով աղավաղվել է Աստծու Խոսքը։ Օրինակ՝ մի թարգմանություն Աստծու Եհովա անունը փոխարինել է հմոնգ հայտնի հերոսի անունով։

Թարգմանիչներից մեկն ասում է. «Այժմ հմոնգ լեզվով «Նոր Աշխարհ թարգմանության» շնորհիվ անկեղծ սիրտ ունեցողները վերջապես կկարողանան կարդալ Աստծու անունն իրենց Աստվածաշնչում և դառնալ նրա ընկերը։ Այս ողջ ընթացքում դրան ենք սպասել ու դրա համար աղոթել»։

Ընթերցողներն իրենց երախտագիտությունն են հայտնել ճշգրիտ և դյուրըմբռնելի թարգմանության համար։ Նրանցից մեկը հետևյալն է ասել. «Երբ «Մատթեոս» գիրքը կարդացի հմոնգ լեզվով, ապշեցի։ Այն իմ մեջ բազմաթիվ զգացումներ արթնացրեց։ Մտքում ընթերցածս անմիջապես կենդանության շունչ էր առնում»։

Հմոնգ լեզվով «Մատթեոս» գրքի լույսընծայումը մեզ հիշեցնում է, որ մեր անկողմնակալ Աստվածն իր Խոսքը հասանելի կդարձնի բոլոր իրեն փնտրողներին (Գործեր 10։34, 35

a Մասնագետները դժվարանում են որոշել, թե քանի հմոնգ մարդ է ապրում աշխարհում։ Ըստ որոշ հաշվարկների՝ Չինաստանի հարավային նահանգներում ապրում է 2, 7 միլիոն հմոնգ, Վիետնամում, Լաոսում, Թաիլանդում և արևելյան Մյանմայում՝ 1,2  միլիոն, իսկ Միացյալ Նահանգներում՝ ավելի քան 170 000։