Անցնել բովանդակությանը

Ձախ կողմում՝ հազարավորները ԱՄՆ-ում՝ Օհայոյի Սիդար Փոյնթում տեղի ունեցած իննօրյա պատմական համաժողովին լսում են եղբայր Ռադերֆորդի՝ Թագավորին և նրա Թագավորությունը հռչակելու կոչը։ Աջ կողմում՝ համաժողովի ժամանակ խոսափողի շնորհիվ եղբայր Ռադերֆորդի ձայնը հասանելի է դառնում դրսում եղողներին

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 2022
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Սիդար Փոյնթի համաժողովից 100 տարի է անցել

Նոր թանգարան՝ նվիրված այս նշանակալից միջոցառմանը

Սիդար Փոյնթի համաժողովից 100 տարի է անցել

100 տարի առաջ՝ 1922 թ. սեպտեմբերի 5-13-ը, կայացավ մեր ժամանակակից պատմության ամենանշանակալից իրադարձություններից մեկը. ԱՄՆ-ում՝ Օհայոյի Սիդար Փոյնթ քաղաքում, Եհովայի վկաները իննօրյա համաժողով անցկացրին։ ԱՄՆ-ից, Կանադայից և Եվրոպայից բազմաթիվ պատվիրակներ էին ներկա։ Միջին հաշվով օրական 10 000 ներկաներ էին լինում, իսկ ծրագիրը միաժամանակ ներկայացվում էր 11 լեզուներով։

Եհովայի վկաների գլխավոր վարչությունում բացվել է այս համաժողովին նվիրված մի նոր ցուցահանդես, որը լուսաբանում է, թե այս պատմական միջոցառումը ինչպես է զարկ տվել քարոզչական գործին։ Ներկա պահին ցուցահանդես կարող են այցելել միայն Բեթելի ընտանիքի անդամները։ Երբ շրջայցերը վերսկսվեն, այն իր դռները կբացի նաև հանրության համար։

Սիդար Փոյնթի համաժողովի ամենահիշարժան պահը սեպտեմբերի 8-ին էր։ Այդ օրը գեղատեսիլ Էրի լճի ափին գտնվող լսարանում հավաքվել էին 8 000 ներկաներ։ Նրանք եկել էին լսելու եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդի ելույթը, որը վերնագրված էր «Թագավորությունը»։

90 րոպե խոսելուց հետո եղբայր Ռադերֆորդը բացականչելով հարցրեց, թե արդյոք ունկնդիրները հավատում են, որ Քրիստոսը իշխում է։ Նրանք, առանց տարակուսելու, միաձայն գոչեցին՝ այո՛։ Ապա եղբայր Ռադերֆորդը ասաց. «Դուք նրա մունետիկներն եք։ Դե՛ ուրեմն, հռչակե՛ք, հռչակե՛ք, հռչակե՛ք»։ Հենց այդ պահին բացվեց բեմի վերևում ամրացված հսկա պաստառը։ Դրա վրա գրված էր. «Հռչակե՛ք Թագավորին և նրա Թագավորությունը»։

Բարի լուրը հռչակելու կոչը ծառայության հանդեպ նախանձախնդրությամբ լցրեց ներկաներին։ Շատերը արդեն մասնակցում էին քարոզչական գործին, բայց եղբայր Ռադերֆորդի ելույթը մղեց նրանց առավել եռանդուն լինել այն շրջանում, երբ տնետուն ծառայությունը ավելի ու ավելի կազմակերպված էր դառնում։ Քույր Էթել Բենեկոֆը, ով այդ ժամանակ մոտ 30 տարեկան էր, պատմել է, որ այդ ոգեշնչող ելույթից հետո Աստվածաշունչ ուսումնասիրողները այդտեղից հեռացան՝ լցված «ավելի մեծ եռանդով ու սիրով, քան երբևէ»։ Իսկ քույր Օդեսա Թակը, ով 1922 թ.-ին 18 տարեկան էր, պատմել է. «Ուզում էի Եսայիայի պես լինել, ով ասաց. «Ահա՛ ես, ի՛նձ ուղարկիր»»։

1922 թ.-ին Սիդար Փոյնթի համաժողովին տեղի ունեցած մկրտությունը

Եղբայր Ռադերֆորդի ելույթից երկու օր անց Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միությունը բանաձև ընդունեց։ Այն մասամբ այսպես էր հնչում. «Որպես քրիստոնյաների մի խումբ, որը վճռել է հնազանդվել ու հետևել մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին՝ մենք դեմ ենք պատերազմների, հեղափոխությունների, անկարգությունների և բռնության որևէ տեսակի մասնակից լինելուն։ Մենք դեմ ենք Աստծու Խոսքը մոլորեցուցիչ կերպով օգտագործելուն և այդպիսով մարդկանց խաբեության մեջ պահելուն։ Մեր սրտի փափագը խաղաղությունն է»։ Այս բանաձևը ավելի հստակ դարձրեց Աստվածաշունչ ուսումնասիրողների և այլ կրոնների տարբերությունը, որոնք կարճ ժամանակ առաջ մասնակցել էին Առաջին աշխարհամարտին, իսկ տարիներ անց մասնակցեցին նաև Երկրորդ աշխարհամարտին։

1922 թ. հունիսի 15-ի «Դիտարանում» ասվում էր. «Մենք ամեն ջանք կգործադրենք, որ 1922 թ. սովորական համաժողովը լինի երբևէ կայացած լավագույն համաժողովներից.... Հույս ունենք, որ հազարավոր ներկաների համար այս համաժողովը հիշարժան կլինի»։

Կարող ենք ասել, որ նրանց նպատակը, անշուշտ, իրականություն դարձավ։ 100 տարի անց էլ Եհովան շարունակում է օրհնել Թագավորին և նրա Թագավորությունը հռչակելու գործը (Մատթեոս 24։14