ՀՈՒՆԻՍԻ 14, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Քաջաբար իրենց խղճի թելադրանքին հետևելով՝ 75 տարի առաջ Գերագույն դատարանին մղեցին նախադեպային որոշում կայացնել
Իննամյա Գեթի Բարնետը և նրա ութամյա քույրը՝ Մարին, հարգալից և լուռ կանգնած էին, մինչ իրենց համադասարանցիները պատիվ էին տալիս ամերիկյան դրոշին։ Նրանց մտքով անգամ չէր անցնում, որ իրենց հավատի դրսևորման շնորհիվ կդառնան 1943 թ.-ին Գերագույն դատարանում քննվող մի առանցքային գործի մասնակիցները։ Բարնետ քույրերը պարզապես համոզված էին, որ հավատարմության երդում պետք է տան միայն Աստծուն։ Նրանք եղել են Եհովայի վկաների այն հազարավոր երեխաներից, ովքեր հետևել են իրենց խղճի թելադրանքին (Գործեր 5:29)։
Խիզախ դիրքորոշման համար Գեթիին և Մարիին հեռացրին Արևմտյան Վիրջինիայի Սլիփ Հիլ տարրական դպրոցից։ Երեխաների հայրը պայքարեց նրանց իրավունքների համար, և գործը հասավ Միացյալ Նահանգների Գերագույն դատարան։ 1943 թ. հունիսի 14-ին Դատարանը սահմանեց, որ դպրոցները չեն կարող ստիպել երեխաներին պատիվ տալ դրոշին՝ հստակ նշելով, որ Եհովայի վկաները «դրոշի կամ երկրի նկատմամբ անհարգալից վերաբերմունք» դրսևորելու մտադրություն չունեն։ «Արևմտյան Վիրջինիա նահանգի ժողովրդական կրթության բաժինն ընդդեմ Բարնետների» գործով որոշմամբ բեկանվեց «Մայներսվիլ շրջանի դպրոցն ընդդեմ Գոբայտիսի» գործով Դատարանի կողմից ավելի վաղ կայացված որոշումը, որով դպրոցներին իրավունք էր տրվում երեխաներից պահանջել պատիվ տալ դրոշին։ a
Դատավոր Ռոբերտ Ջեքսոնը Գերագույն դատարանի 6 կողմ 3 դեմ ձայների մեծամասնությամբ կարծիքը շարադրելիս հետևյալ արտահայտիչ խոսքերն ասաց. «Մեր սահմանադրության ամենակարևոր և անխախտ սկզբունքն այն է, որ ոչ մի պաշտոնյա, անկախ իր զբաղեցրած դիրքից, չի կարող թելադրել մարդկանց, թե ինչ տեսակետ պետք է ունենան քաղաքական, հայրենասիրական, կրոնական կամ այլ հարցերի վերաբերյալ։ Եվ ոչ ոք չի կարող ստիպել մարդկանց խոսքով կամ գործով դավանել այն, ինչ կառավարությունն է ցանկանում»։
Թեև Վկա երեխաներն էին առաջին հերթին օգուտ քաղում այդ որոշումից, սակայն «Նորթվեսթերն» համալսարանի իրավագիտության պրոֆեսոր Էնդրյու Կոպելմանն ասում է. «Քաղաքացիական իրավունքներով հետաքրքրված ամերիկացիները պետք է երախտապարտ լինեն Եհովայի վկաներին, ովքեր թշնամական վերաբերմունքի ու դաժան հալածանքների ներքո Ամերիկայում պայքարեցին իրենց քաղաքացիական իրավունքների համար, որոնցից այժմ բոլորս ենք օգտվում»։
Եհովայի վկաների գլխավոր իրավախորհրդատու Ֆիլիպ Բրամլին նշում է, թե բացի Միացյալ Նահանգների օրենսդրության վրա թողած իր ազդեցությունից՝ ինչ նշանակություն է ունեցել այդ որոշումը. ««Բարնետի» գործով որոշման ազդեցությունը երևում է նրանից, թե ինչպես են Արգենտինայի, Գանայի, Կանադայի, Կոստա Ռիկայի, Հնդկաստանի, Ռուանդայի և Ֆիլիպինների Գերագույն դատարանները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց որոշումները հիմնել այդ գործով որոշման պատճառաբանությունների վրա»։
2006 թ.-ին Գեթիին և Մարիին հրավիրեցին Նյու Յորքի Ռոբերտ Հ. Ջեքսոնի անվան կենտրոն՝ ճանաչված և հայտնի գիտնականների հետ քննարկելու, թե որքան մեծ կարևորություն ունի այդ գործը։ Մարին նշեց. «Ես հատկապես ուրախ եմ, որ այն օգնել է մյուս երեխաներին»։ Գեթին ավելացրեց. «Ես հիշում եմ, որ երբ իմ ավագ որդուն ուղարկել էին տնօրենի մոտ դրոշին պատիվ տալուց հրաժարվելու համար, տնօրենը նրան ասել էր. «Երևում է, ուսուցիչդ մոռացել է Գերագույն դատարանի որոշումը»»։
Արտահայտելով բոլոր Եհովայի վկաների զգացումները՝ Գեթին նշել է. «Մենք հարգում ենք դրոշը և այն, թե ինչ է այն խորհրդանշում։ Այդ ամենին մենք դեմ չենք։ Պարզապես չենք ընդունում, որ պետք է երկրպագել կամ պատիվ տալ դրոշին» (1 Հովհաննես 5։21)։
a Դատարանի քարտուղարները սխալ են գրել Գոբայտաս և Բարնետ երեխաների ազգանունները։