Անցնել բովանդակությանը

ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Եհովայի վկաների նոր գլխավոր վարչությունը էկոդիզայնի համար ԳԲԻ-ի կողմից արժանանում է ամենաբարձր գնահատականի

Եհովայի վկաների նոր գլխավոր վարչությունը էկոդիզայնի համար ԳԲԻ-ի կողմից արժանանում է ամենաբարձր գնահատականի

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները 2016թ. օգոստոսին իրենց նոր գլխավոր վարչության շինարարությունը ավարտելուց հետո պետական մարմինների կողմից հատուկ գնահատականի արժանացան Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող այդ նոր համալիրի էկոլոգիապես անվտանգ դիզայնի արդյունավետ իրականացման համար։ «Գրին բիլդինգ ինիշըթիվ» (ԳԲԻ) կազմակերպությունը, որը կոմերցիոն շինությունների էկոլոգիական գնահատման և վկայագրության ծրագրեր է առաջարկում, Եհովայի վկաներին արժանացրեց ամենաբարձր մրցանակի՝ չորրորդ աստիճանի «Կանաչ գլոբուսի»։ Այդ մրցանակը ստացան նոր համալիրի բոլոր յոթ շենքերը։

Շեյնա Վայնշտեյնը՝ ԳԲԻ-ի արտաքին կապերի գծով գլխավոր տնօրենը, ասաց. «Ողջ երկրում եղող 965 նախագծերից միայն 64 շինություններ են արժանացել ամենաբարձր գնահատականի՝ չորրորդ աստիճանի «Կանաչ գլոբուսի»։ Հատկանշական է, որ Եհովայի վկաները չորրորդ աստիճանի «Կանաչ գլոբուս» են ստացել Ուորվիքի բոլոր յոթ շենքերի համար։ Այդ նվաճումը ցույց է տալիս, որ նրանք իսկապես մեծ կարևորություն են տալիս ջրի և էներգիայի արդյունավետ գործածությանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանմանը»։

«Կանաչ գլոբուս» գնահատման սանդղակ (լուսանկարը տրամադրված է ԳԲԻ-ի կողմից)։ Վկաների գլխավոր վարչության բոլոր յոթ շենքերի ցուցանիշը կազմեց առնվազն 90 տոկոս, ինչը համապատասխանում է չորրորդ աստիճանի «Կանաչ գլոբուսի»

Համաձայն պաշտոնական վեբ կայքի՝ ԳԲԻ-ն «շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է արագացնել այնպիսի մեթոդների ներմուծումը, որոնք թույլ են տալիս կառուցել մարդկանց ու շրջակա միջավայրի համար անվնաս և ռեսուրսները խնայող շինություններ»։ ԳԲԻ-ն նաև ունի նոր շենքերի էկոլոգիապես անվտանգ դիզայնն ու գործարկումը գնահատող սանդղակ։ Այդ կազմակերպության որոշումները վավերացնելու նպատակով մի մասնագետ որպես անկախ կողմ գնում է շինհրապարակ։

Դեյվիդ Բինը՝ Միացյալ Նահանգներում Եհովայի վկաներին պատկանող շինությունների էկոդիզայնի կոորդինատորը, նշում է. «Մեզ համար շատ թանկ են այդ մրցանակները, քանի որ դրանք վկայում են այն մասին, որ շինարարության բոլոր մասնակիցները նպատակ են ունեցել այնպիսի համալիր կառուցելու, որը օրինակ կծառայի ռեսուրսները նպատակահարմար կերպով գործածելու հարցում և ներդաշնակորեն կմիաձուլվի «Սթերլինգ Ֆորիսթ» ազգային պարկի էկոհամակարգին»։

Մասնաշենքի (որտեղ գտնվում են գրասենյակներ/սպասարկման բաժինները) կանաչ տանիքի վրա եղող տեղի բույսերի տեսակները տնկված են անջրանցիկ թաղանթի վրա գտնվող սնուցող միջավայրում։ Այդ տանիքները նաև թույլ են տալիս կարգավորել անձրևաջրերի հոսքը, ինչի շնորհիվ քաղաքային ջրմուղ գծերը ավելի քիչ են ծանրաբեռնվում

Այդ նպատակով Վկաները նաև ձգտել են պահպանել տարածքում եղող ծառերը, իսկ այն ծառերը, որոնք ստիպված են եղել կտրել, օգտագործել են շինարարության մեջ։ «Ինձ շատ դուր եկավ տարածքը մաքրելու նպատակով կտրված ծառերը մշակելու և համալիրի շինարարության ընթացքում դրանք գործածելու միտքը»,— ասում է Ջեֆրի Հաթչինսոնը՝ «Սթերլինգ Ֆորիսթ» ազգային պարկի նախկին հսկիչը։ «Վկաները գովասանքի են արժանի շրջակա միջավայրի մասին հոգ տանելու համար,— ասում է Շեյնա Վայնշտեյնը։— Կարծում ենք՝ Ուորվիքի նախագիծը օրինակ է ծառայում այն հարցում, թե ինչպես նախագծել և կառուցել՝ հաշվի առնելով էկոլոգիական գործոնները»։

Ռիչարդ Դիվայնը, որը Ուորվիքի շինարարական նախագծի կոմիտեի նախագահողն է եղել, ասում է. «Տասնամյակներ շարունակ մենք ջանք ենք թափել, որ Բրուքլինում գտնվող մեր շենքերը հնարավորինս գեղագիտական տեսք ունենան։ Եվ հիմա նույնպիսի հոգատարությամբ կվերաբերվենք Ուորվիքում գտնվող մեր համալիրին, որը անվտանգ է տեղի էկոլոգիայի համար, և կձգտենք պահպանել «Սթերլինգ Ֆորիսթ» ազգային պարկի գեղեցկությունը»։

Մեդիա կոնտակտ։

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, 1-845-524-3000

 

Ուորվիքում (Նյու Յորք) գտնվող նոր գլխավոր վարչության տարածքը զբաղեցնում է 2009թ. հուլիսի 17-ին գնված մոտ 102 հեկտար (253 ակր) տարածքի 20 տոկոսից էլ քիչ տարածք։

Շրջապատող հողաթումբը ամրացնելու համար օգտագործում են հակաէրոզային ծածկույթներ և խճապատում են այն։

Մեծ քարեր, որոնք փորվել-հանվել են շինարարության վաղ փուլում։ Հետագայում ավելի քան 240000 տոննա այդպիսի քարեր գործածվել են շինարարության մեջ։

Կապույտ լճի ջրերը աղտոտվածությունից պաշտպանելու նպատակով ջրափնյա գծի երկայնքով տեղադրել են հակաաղտոտման պատնեշ։ Այն բաղկացած է լողացող վերին մասից, պաստառից, որը թույլ չի տալիս, որ որևէ կեղտոտ բան ներս թափանցի, ինչպես նաև ցինկապատ մետաղյա շղթայից, որը բալաստի համար ամրացված է պաստառի ներքևի մասով անցնող երիզի մեջ։

Կոնտեյներներ վերամշակման ենթակա աղբի համար։ Շինարարական աղբի ավելի քան 70 տոկոսը ուղարկվում էր սերտիֆիկատ ունեցող աղբամշակման գործարաններ և ոչ թե թաղվում էր հողի մեջ։

Աշխատողները համալիրի գլխավոր մուտքի մոտ բույսեր են տնկում։ Ըստ լանդշաֆտային նախագծի՝ լցնովի հողում տնկում են այդ տեղանքում աճող ծառերի և այլ բույսերի տեսակներ։

Աշխատողները մոնտաժում են գեոթերմալ ցանցը՝ գեոթերմալ համակարգի մի մասը, որով 152 մետր (499 ֆուտ) խորության վրա հեղուկը շրջանառություն է կատարում։ Հողի մակերևույթի ջերմաստիճանը ամառվանից ձմեռ խիստ տատանվում է, սակայն հողի տակ այն ավելի կայուն է։ Գեոթերմալ համակարգում շրջանառվող հեղուկը ձմռանը թույլ է տալիս շենքերը տաքացնելու համար օգտագործել ստորգետնյա ավելի տաք ջերմաստիճանը, իսկ ամռանը այդ համակարգը շենքերից դուրս եկող ջերմությունը ցրում է դեպի ավելի սառը հողը։ Ակնկալվում է, որ Վկաների տեղադրած գեոթերմալ համակարգի շնորհիվ շենքերի ջեռուցման և զովացման համար օգտագործվող էներգիայի ծախսերը 40 տոկոսով կկրճատվեն։

Մասնաշենք, որտեղ գտնվում են գրասենյակներ/սպասարկման բաժինները (ներսից)։ Ներքին հարդարման համար օգտագործվել են առողջության համար անվնաս նյութեր, որոնք արտազատում են չնչին քանակով թունավոր նյութեր, ինչը համապատասխանում է ԳԲԻ-ի պահանջներին։