Անցնել բովանդակությանը

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 2017
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաների տեսանյութը օգնում է ծնողներին պայքարելու հանրային առողջապահական ոլորտի խնդիրներից մեկի՝ բուլիինգի դեմ

Վկաների տեսանյութը օգնում է ծնողներին պայքարելու հանրային առողջապահական ոլորտի խնդիրներից մեկի՝ բուլիինգի դեմ

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Համաձայն 2017թ.-ին Միչիգանի համալսարանին առընթեր Չ. Ս. Մոտի անվան հիվանդանոցի՝ երեխաների առողջության վերաբերյալ անցկացրած ազգային հարցման՝ Միացյալ Նահանգներում ծնողները բուլիինգը համարում են առողջապահական ոլորտի համար մեկ խնդիրը (C.S. Mott Children’s Hospital National Poll on Children’s Health)։

ԱՄՆ-ի առողջապահության և սոցիալական ծառայությունների դեպարտամենտի stopbullying.gov կայքը բացահայտում է ծնողների մտահոգությունների հավանական պատճառը։ Ըստ մի ստույգ հետազոտության արդյունքների՝ Միացյալ Նահանգների ուսանողների մոտ 30 տոկոսն ասել է, որ դպրոցում ենթարկվել է բուլիինգի։

Նյու Յորքում գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության խոսնակ Դեյվիդ Սիմոնյանը ասում է. «Մենք հասկանում ենք, որ բուլիինգը մեծ սպառնալիք է երեխաների համար։ Որպես աստվածաշնչյան կրթական գործունեության մաս՝ մենք նյութեր ենք տրամադրում, որոնցում շոշափվում են բուլիինգի երևույթը և ընտանիքներին մտահոգող այլ խնդիրներ։ Արդեն գրեթե հինգ տարի է՝ ողջ աշխարհում միլիոնավոր ընտանիքներ մեծ օգուտներ են քաղում «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» մեր անիմացիոն կարճ տեսանյութից»։

«Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» տեսանյութից սքրինշոթ, որը հորդորում է այն պատանիներին, ովքեր բուլիինգի են ենթարկվում, այդ մասին պատմել իրենց ծնողներին, դպրոցի տնօրինությանը կամ վստահելի չափահաս անձնավորությանը

Այս տեսանյութը, որի տևողությունը չորս րոպեից էլ կարճ է, ավելի քան 280 լեզուներով, ներառյալ՝ 30-ից ավելի ժեստերի լեզվով առկա է Վկաների՝ jw.org պաշտոնական կայքում։

«Ինձ այնքան դուր եկավ «Դիմադրիր ճնշումներին՝ առանց բռունցքների» տեսանյութի գաղափարը,— նշում է Կոլումբիայի CES համալսարանի երեխաների և դեռահասների մտային առողջության վերաբերյալ ավարտական ծրագրի ղեկավար Նատալիա Կարդենաս Սուլագան,— քանի որ, օրինակ՝ իմ երկրում ծնողները երբեմն սովորեցնում են իրենց երեխաներին բռնությամբ լուծել վեճերը։ Կարծում եմ՝ այդ տեսանյութը մարտավարական լավ միջոց է այն երեխաների համար, ովքեր բուլիինգի են ենթարկվում։ Նաև տեսանյութը ներկայացնում է բուլիինգի վերաբերյալ մի կարևոր իրողություն. ցանկացած մեկը կարող է բուլիինգի ենթարկվել պարզապես ուրիշներից տարբերվելու պատճառով։ Այս փաստը հասկանալը կարող է երեխաներին ներքին հանգստություն տալ, ինչպես նաև ինքնահարգանքով ու վստահությամբ լցնել»։

Հարավային Կորեայի Սանգյունգվան համալսարանի ադյունկտ-պրոֆեսոր, դ-ր Ջան Սանգ Հոնգը ասում է. «Քանի որ այդ տեսանյութում օգտագործված է պատկերավոր և ուրվագծային անիմացիա, այն կարող է օգտակար, ինչպես նաև գրավիչ լինել հատկապես ավելի փոքր տարիքի այն երեխաների համար, ովքեր բուլիինգի են ենթարկվում։ Նաև կարծում եմ, որ դիտողը ավելի հավանական է, որ կհիշի բովանդակությունը մուլտֆիլմում ներկայացված պատկերների շնորհիվ»։

Բացի այդ, Բուլիինգի հետազոտման միջազգային ցանցի համահիմնադիր դ-ր Շելի Հայմելը նկատել է. «Իմ կարծիքով՝ դա շատ ուսուցողական է երեխաների համար, և այն համապատասխանում է ինձ հայտնի հետազոտությունների արդյունքներին։ Ծնողները, ուսուցիչները և այն մարդիկ, ովքեր աշխատում են երեխաների կամ պատանիների հետ, դրա օգնությամբ կարող են լավ քննարկում սկսել»։

Պրն Սիմոնյանը եզրափակում է՝ ասելով. «Մենք մտահոգված ենք այն երեխաների համար, ովքեր բուլիինգի են ենթարկվում, և, ինչ խոսք, հույս ունենք, որ այս տեսանյութում տեղ գտած խորհուրդները օգտակար կլինեն նրանց համար։ Ինչպես խորհուրդ է տրվում մեր տեսանյութում, երիտասարդները պետք է խոսեն նրանց հետ, ում վստահում են, հատկապես իրենց ծնողների կամ ուսուցչի, ովքեր կարող են անհրաժեշտ օգնություն և առաջնորդություն տալ։ Ոչ ոք չպետք է փորձի պայքարել բուլիինգի դեմ մենակ»։

Մեդիա կոնտակտ:

Դեյվիդ Սիմոնյան, հասարակայնության հետ կապերի գրասենյակ, +1-845-524-3000