ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 2015
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
Վկաները սկսում են Բրուքլինում անշարժ գույքի երկար սպասված վաճառքը
ՆՅՈՒ ՅՈՐՔ։ Եհովայի վկաները սկսում են վաճառել բարձր պահանջարկ ունեցող անշարժ գույքերից մի քանիսը Դամբո և Բրուքլին Հայթս թաղամասերում (Բրուքլին, Նյու Յորք)։ Արդեն սկսվել է Ջեյ Սթրիթ, 85 հասցեում գտնվող հողատարածքի (այն Բրուքլինի ամենամեծ չկառուցապատված տարածքներից մեկն է), ինչպես նաև Կոլումբիա Հայթս, 124 հասցեում գտնվող 10 հարկանի բնակելի շենքի գնման համար հայտերի ընդունումը։ Վաճառքի է հանվել նաև Կոլումբիա Հայթս, 25/30 հասցեում գտնվող շենքը, որտեղ այժմ Եհովայի վկաների գլխավոր վարչությունն է։ Ակնկալվում է, որ այդ երեք սեփականությունները կվաճառվեն առանձին։ Դրանց վաճառքով զբաղվում է Դիտարանի անշարժ գույքի բաժինը։
Եհովայի վկաների խոսնակ Ռիչարդ Դիվայնը Ջեյ Սթրիթ, 85 հասցեում գտնվող ավելի քան 12 500 քմ մակերես ունեցող տարածքի վերաբերյալ նշում է. «Այս հողակտորը բավականին մեծ տարածք է զբաղեցնում Դամբո արագ զարգացող թաղամասում։ Այդ տարածքի տերը իրավունք կստանա կառուցելու շինություններ, որոնք ընդհանուր առմամբ կարող են զբաղեցնել ավելի քան 92 000 քմ տարածք»։
Կոլումբիա Հայթս, 124 հասցեում գտնվող բնակելի շենքի մակերեսը ավելի քան 14 000 քմ է։ Այն գտնվում է Բրուքլին Հայթս պատմական թաղամասի զբոսավայրի մոտ։ «Դա մի հրաշալի շինություն է, որից սքանչելի տեսարան է բացվում դեպի Բրուքլինի կամուրջը, Ազատության արձանը և Ստորին Մանհեթենը»,— ասում է Ռիչարդ Դիվայնը։
Արդեն մի քանի տասնամյակ է, ինչ Եհովայի վկաների գլխավոր վարչությունը գտնվում է Կոլումբիա Հայթս, 25/30 (վերևի նկարում) հասցեում։ Նյու Յորքի բնակիչներից շատերին այն ծանոթ է «Watchtower» («Դիտարան») լուսավոր վահանակով և ժամացույցով։ Ավելի քան 68 000 քմ տարածք ունեցող այդ սեփականությունը զբաղեցնում է գրեթե երկու թաղամաս։ Այստեղից բացվում է տեսարան դեպի Բրուքլինի կամուրջը։
Մեկնաբանելով Եհովայի վկաների մեծածավալ ծրագրերը՝ Ռիչարդ Դիվայնն ասում է. «Վաճառելով այս անշարժ գույքը՝ ևս մեկ քայլ կանենք, որպեսզի գլխավոր վարչությունը տեղափոխվի Ուորվիք, որը գտնվում է Նյու Յորք նահանգում»։
Մեդիա կոնտակտ(ներ)։
Դեյվիդ Սիմոնյան, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000