Անցնել բովանդակությանը

ՕԳՈՍՏՈՍԻ 5, 2013
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Վկաները սկսեցին կառուցել նոր գլխավոր վարչությունը Ուորվիքում

Վկաները սկսեցին կառուցել նոր գլխավոր վարչությունը Ուորվիքում

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2013թ. հուլիսի 29-ին այն բանից հետո, երբ նախագիծը հավանության արժանացավ տարածքային կառավարման մարմինների կողմից, Եհովայի վկաները պաշտոնապես սկսեցին իրենց նոր գլխավոր վարչության շինարարական աշխատանքները Ուորվիքում, Նյու Յորք։

Չորեքշաբթի՝ հուլիսի 17-ին, Ուորվիքի քաղաքաշինության խորհուրդը միաձայն հավանություն տվեց Վկաների նոր գլխավոր վարչության նախագծին։ Դա վերջին հավանությունն էր, որ անհրաժեշտ էր շինարարության վերջնական թույլտվությունը ստանալու և աշխատանքները սկսելու համար։ Այս հավանությունը ստացվեց ուղիղ չորս տարի անց այն բանից, երբ Եհովայի վկաները ձեռք բերեցին Ուորվիքի տարածքը (2009թ. հուլիսի 17)։ Ուրբաթ օրը՝ հուլիսի 26-ին առաջին թույլտվությունը ստանալուց հետո Վկաները հուլիսի 29-ին, երկուշաբթի, սկսեցին տարածքում աշխատանքներ իրականացնել և հիմքը փորել։

Շրջակա միջավայրի համար «անվնաս» շինության նախագիծ կազմելու Վկաների պատրաստակամությունը գլխավոր գործոնն էր, որը հիմք հանդիսացավ, որ քաղաքաշինության խորհուրդը այս նախագծին միաձայն հավանություն տա։ Օրինակ՝ միջավայրի պահպանման համար նախաձեռնությունների մեջ է մտնում էրոզիայի դեմ կայուն արգելապատնեշի տեղադրումը, որը կծառայի որպես շինհրապարակի արտաքին սահման, և վայրի կենդանիների, օրինակ՝ անտառային բոժոժավոր օձերի կյանքը չի վտանգվի. նրանք չեն մտնի տարածք։

«Շատ ուրախ ենք համագործակցել Ուորվիքի ղեկավար մարմինների հետ և աստիճանաբար իրականացնել մեր ծրագիրը,— ասում է Ռիչարդ Դիվայնը՝ Եհովայի վկաների խոսնակը։— Քաղաքաշինության խորհրդի տված այս հավանությունը մեծ քայլ էր մեր գլխավոր վարչությունը Բրուքլինից Ուորվիք տեղափոխելու ծրագրում»։ Էնրիկե Ֆորդը, որը պարոն Դիվայնի հետ միասին Վկաների շինարարական նախագծի կոմիտեում է, ավելացնում է. «Այս տարածքի պլանը և հատուկ օգտագործման թույլտվությունը, որ ստացանք հուլիսին, առաջին կարևոր քայլն էր մեր գրաֆիկում, որը տանում է դեպի մեր վերջնական նպատակին՝ ավարտին հասցնել նախագիծը չորս տարում»։

Տարածքը նախկինում պատկանել է միջազգային Նիկել ձեռնարկությանը (International Nickel Company) և 1960–1987թթ. ծառայել է տարբեր նպատակների, օրինակ՝ որպես գլխավոր վարչություն, հետազոտական և զարգացման կենտրոն։ Ապա չորս տարի թափուր մնալուց հետո տարածքը պատկանել է Քինգս Քոլեջին (King’s College), որը նպատակ ուներ այն դարձնել ուսանողական քաղաք։ Այդ ծրագիրը, սակայն, իրականություն չդարձավ, և տարածքը կրկին դատարկ մնաց երկու տասնամյակից ավելի, մինչև որ Վկաները գնեցին այն 2009-ին։

Մեդիա կոնտակտ(ներ)։

Միջազգային։ Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000