Իրավիճակը Միացյալ Նահանգներում
Եհովայի վկաների պատմությունը Միացյալ Նահանգներում սկսվել է դեռևս 1870-ականներին, երբ Չարլզ Թեյզ Ռասելը և իր ընկերակիցները կազմեցին Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ։ Հետագա տարիներին նրանք սկսեցին գրականություն հրատարակել, հիմնեցին մի ընկերություն, որը հայտնի դարձավ որպես Դիտարանի, Աստվածաշնչի և թերթիկի ընկերություն (Փենսիլվանիա), ինչպես նաև հիմնեցին իրենց առաջին գլխավոր վարչությունը Ալեգեյնիում (Փենսիլվանիա)։
Եհովայի վկաները Միացյալ Նահանգներում ազատորեն դավանում են իրենց կրոնը։ Սակայն 20-րդ դարի սկզբներին նրանք բախվել էին ուժեղ հակառակության որոշ ապատեղեկացված պետական պաշտոնյաների և ազդեցիկ հոգևորականների կողմից։ Վկաները ստիպված էին բազմաթիվ իրավական պայքարներ մղել հատկապես 1930–1940-ականներին։ Ոստիկանությունը ձերբակալում էր Վկաներին՝ ծառայությանը մասնակցելու համար, Վկա երեխաներին հանում էին դպրոցներից, քանի որ նրանք հրաժարվում էին պատիվ տալ դրոշին, իսկ դաշնային դատարանները ազատազրկում էին հազարավոր երիտասարդ Վկաների, քանի որ նրանք հրաժարվում էին զինվորական ծառայություն կատարել։ Ի վերջո Միացյալ Նահանգների Գերագույն դատարանը այս հարցերի հետ կապված որոշում կայացրեց հօգուտ Եհովայի վկաների։
Մինչ օրս Եհովայի վկաները Գերագույն դատարանում 50 գործ են հաղթել։ Նրանք նաև բազմաթիվ հաղթանակներ են տարել պետական և դաշնային դատարաններում՝ պացիենտների իրավունքների, երեխաների խնամակալության, շինարարության համար տարածքների, աշխատանքի հետ կապված խտրականության, ներգաղթի և այլ գործերում։ Այս հաղթանակների շնորհիվ փոփոխություններ են արվել Սահմանադրության մեջ, և դրանք նպաստել են, որ պաշտպանվի խոսքի և մամուլի, ինչպես նաև հավաքների ու կրոնի ազատությունը։ Բացի այդ, այս հաղթանակները դրականորեն են ազդել աշխարհի տարբեր բարձր ատյանների որոշումների վրա։