Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐ 15, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

Անտառային հրդեհներ Կալիֆորնիայում

Անտառային հրդեհներ Կալիֆորնիայում

Թարմացված։ Միացյալ Նահանգների մասնաճյուղը հաստատել է, որ «Քեմփ» հրդեհի հետևանքով, ցավոք, զոհվել է նաև Փերըդայզ քաղաքում (Հյուսիսային Կալիֆորնիա) բնակվող 70 տարեկան մի եղբայր։

Կալիֆորնիայում մոլեգնող երեք լայնամասշտաբ անտառային հրդեհները ահռելի վնասի պատճառ են դարձել և առնվազն 48 մարդու կյանք են խլել։ Դրանցից ամենամեծը, որին տրվել է «Քեմփ» անվանումը, շարունակում է մոլեգնել Կալիֆորնիայի հյուսիսում և արդեն այրել է 47 000 հեկտար (117 000 ակր) տարածք։ Ըստ հաշվարկների՝ այն ոչնչացրել է 7 100 շինություն, որոնց մեծ մասը տներ են։ Իսկ Կալիֆորնիայի հարավում «Հիլլ» և «Վուլսի» հրդեհները ընդհանուր առմամբ այրել են 38 000 հեկտար (94 500 ակր) տարածք և ոչնչացրել մոտ 435 շինություն։ Լրատվական մի աղբյուրի համաձայն՝ այս տարի Կալիֆորնիայում անտառային հրդեհների հետևանքով այրվել է «Բելգիայի և Լյուքսեմբուրգի տարածքից ավելի մեծ տարածք»։

Ըստ Միացյալ Նահանգների մասնաճյուղից ստացված նախնական տվյալների՝ «Քեմփ» հրդեհի պատճառով Չիկո և Փերըդայզ քաղաքներից տարհանվել են մոտ 427 քարոզիչներ։ Ցավոք, «Պոնդեռոզա» ժողովից զոհվել է մի տարեց քույր։ Բացի այդ, ճշտված տեղեկություն կա, որ ներկա դրությամբ մեր եղբայրներին պատկանող առնվազն 94 տուն ոչնչացվել է կամ մեծ վնաս կրել։ Փերըդայզում այրվել է նաև մեկ Թագավորության սրահ։

«Հիլլ» և «Վուլսի» հրդեհների պատճառով Օքսնարդ, Սիմի Վելի և Թաուզանդ Օքս քաղաքներից տարհանվել են մոտ 420 քարոզիչներ։ Ցավոք, Մալիբուում հրդեհից փախչելիս զոհվել է մեկ եղբայր և նրա ոչ Վկա մայրը։ Ըստ նախնական տվյալների՝ վնասվել է մեր եղբայրներին պատկանող 21 տուն, ինչպես նաև մեկ Թագավորության սրահ։

Մասնաճյուղը կազմավորել է աղետից տուժածներին օգնելու երկու կոմիտե՝ եղբայրների կարիքների մասին հոգ տանելու համար։ Տեղի երեցները շրջանային վերակացուների առաջնորդությամբ մխիթարում և գործնական օգնություն են ցույց տալիս այս հրդեհներից տուժած քարոզիչներին։ Նոյեմբերի 10-ին՝ շաբաթ, Չիկոյում 270-ից ավելի եղբայրների ու քույրերի համար հատուկ ծրագիր ներկայացվեց։ Միացյալ Նահանգների մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը և տեղի շրջանային վերակացուները քաջալերական մտքեր ասացին։

Մենք աղոթում ենք, որ այս դժվար իրավիճակում հայտնված մեր հավատակիցները մխիթարություն և զորություն ստանան Եհովայից ու հիշեն, որ շատ շուտով նա կսրբի արտասուքը մեր աչքերից և կկլանի մահը հավիտյան (Եսայիա 25։8