Անցնել բովանդակությանը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 2012
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ

«Սենդի» փոթորիկը ցնցեց ԱՄՆ-ի արևելյան ափը

«Սենդի» փոթորիկը ցնցեց ԱՄՆ-ի արևելյան ափը

ՆՅՈՒ ՅՈՐՔ։ 2012թ. հոկտեմբերի 29-ին «Սենդի» փոթորիկը մեծ ավերածություններ պատճառեց Միացյալ Նահանգների արևելյան ափամերձ գոտում։ Եհովայի վկաները համագործակցում են տեղի իշխանությունների հետ աղետից տուժած իրենց հավատակիցներին և մյուսներին օգնություն տրամադրելու համար։

Մոտավորապես 200000 Վկաներ բնակվում էին հենց այն տարածքներում, որոնք անմիջականորեն տուժել են փոթորկից։ Աղետի կիզակետում ապրող Վկաներից ոչ ոք չի մահացել։ Գրանցվել է միայն մարմնական թեթև վնասվածքներ ստանալու երկու դեպք։ Ջորջիա նահանգում ուժգին քամուց կոտրված ծառի մի ճյուղ ընկել է փոքրիկ երեխայի վրա և լուրջ վնասվածքներ է հասցրել։ Երեխայի ծնողները մասնակցում են Եհովայի վկաների ժողովներին։ Երեխայի վիճակը դեռ կրիտիկական է։ Թե՛ տեղի և թե՛ այլ տարածքներում ապրող Վկաները, ովքեր լսել են այս մասին լրատվական աղբյուրներից, մեծ աջակցություն են ցույց տալիս այդ ընտանիքին։

Փոթորկի պատճառով խզվեց շատ շրջանների հետ կապը։ Պատճառված վնասի չափը ավելի հստակ կլինի, երբ բոլոր շրջանների հետ հեռահաղորդակցությունը վերականգնվի։

Եհովայի վկաների Միացյալ Նահանգների մասնաճյուղի տրամադրած նախնական տեղեկության համաձայն՝ մասնաճյուղում ոչ ոք չի տուժել միայն մեկը թեթև վնասվածք է ստացել։ Փոթորիկը համեմատաբար քիչ է վնասել Բրուքլինում (Նյու Յորք) գտնվող Եհովայի վկաների գլխավոր վարչության շենքերը։ Ուժեղ քամուց պոկվել է շենքերից մեկի ճակատի արտաքին շերտից մի կտոր, և բարեբախտաբար բեկորներից ոչ ոք չի տուժել։ Պատերսոնում և Ուոլքիլում (Նյու Յորք) էլեկտրաէներգիայի ժամանակավոր խափանումների պատճառով որպես հոսանքի մատակարարման այլընտրանքային տարբերակ սկսեցին օգտագործել գեներատորներ։ Իսկ Ուորվիքը ամբողջովին է հոսանքազրկված, ուստի էլեկտրաէներգիայի միակ աղբյուրը գեներատորն է։ Փոթորիկը նաև խզել էր հեռահաղորդակցման կապը այս մասնաշենքերի միջև։

Նախնական տեղեկության մեջ նշվում էր նաև, որ Եհովայի վկաների 12 Թագավորության սրահներ, որտեղ նրանք երկրպագություն են անցկացնում, լրջորեն վնասվել են հեղեղի կամ ուժեղ քամիների պատճառով։ Վկաների 1098 տուն վնասվել է. 219-ը՝ լուրջ, 169-ը՝ միջին, իսկ 710-ը՝ թեթև։ Տեղի Վկաների մի քանի խմբեր, որոնք կազմավորվել էին աղետից հետո տուժածներին օգնություն տրամադրելու համար, համագործակցում էին իշխանությունների հետ թե՛ իրենց հավատակիցներին և թե՛ մյուս տուժածներին օգնելու համար։

Ի մտի ունենալով սպասվող փոթորիկը՝ Եհովայի վկաների ժողովները անհապաղ մշակեցին էվակուացման ծրագիր։ Ավելի քան 1100 Վկա տարհանվեց փոթորկից առաջ։ Ավելի ապահով գոտում ապրող Վկաները օթևան տրամադրեցին տարհանվածներին և նրանց, որոնց տները հոսանքազրկվել էին անորոշ ժամանակով։

Վկա կամավորները ջանասիրաբար հոգ են տանում իրենց հավատակիցների կարիքների մասին և կշարունակեն այդպես վարվել քանի դեռ անհրաժեշտ է։ «Մենք խորապես մտահոգված ենք այս լայնամասշտաբ աղետից բոլոր տուժածների մասին,— հայտնեց Ջ. Ռ. Բրաունը՝ Եհովայի վկաների գլխավոր վարչության մամլո խոսնակը։— Ուրախ ենք, որ կարողանում ենք օգնել տուժածներին, հատկապես մեր հավատակիցների ընտանիքներին, ովքեր վնասներ են կրել այս ուժգին փոթորկից։ Մենք շարունակ մտածում ու աղոթում ենք նրանց մասին»։

Մեդիա կոնտակ։

Ջ. Ռ. Բրաունը, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000