ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 2018
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
«Ֆլորենս» փոթորիկը ավերել է Միացյալ Նահանգների հարավարևելյան շրջանները
«Ֆլորենս» փոթորիկը պատուհասել է Հյուսիսային և Հարավային Կարոլինան, ինչպես նաև այլ նահանգներ, ինչի հետևանքով այդ տարածքների մեծ մասը հեղեղվել է։ Այս փոթորկի պատճառով, որը սկզբում 4-րդ մակարդակի ուժգնություն է ունեցել, զոհվել է առնվազն 32 մարդ, և հազարավորներ տարհանվել են։
Ինչպես տեղեկացնում է Միացյալ Նահանգների մասնաճյուղը, քարոզիչներից ոչ ոք չի զոհվել և լուրջ վնասվածք չի ստացել։ Սակայն 4 000-ից ավելի Վկաներ տարհանվել են։ Թեև փոթորիկն արդեն հանդարտվել է, որոշ տարածքներ դեռևս հեղեղված են, և հնարավոր չէ գնալ այնտեղ։ Ըստ ներկայումս մեր ունեցած տեղեկությունների՝ փոթորկի պատճառով վնասվել է 21 Թագավորության սրահ և մեր եղբայրներին ու քույրերին պատկանող 351 տուն։
Աղետից տուժածներին օգնելու կոմիտեն քայլեր է ձեռնարկել տուժածներին սնունդ, ջուր, հագուստ, կացարան և անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար։ Կամավորների երկու խումբ օգնում է հեռացնելու տապալված ծառերը։ Այժմ գլխավոր խնդիրը ջրհեղեղի պատճառով վնասված տները վերանորոգելն է։ Եվ այդ հարցում օգնելու նպատակով տեղի ժողովներից, ինչպես նաև այլ վայրերից կամավորներ են գալիս, որոնք աշխատելու են աղետից տուժածներին օգնելու կոմիտեի առաջնորդության ներքո։ Տեղի երեցները և շրջանային վերակացուները այցելում են տուժածներին, որպեսզի մխիթարեն և հոգևորապես աջակցեն նրանց։
Մենք աղոթում ենք մեր հավատակիցների համար, որոնք փոթորկի պատճառով դժվար հանգամանքներում են գտնվում, և անհամբերությամբ սպասում ենք այն ժամանակներին, երբ ոչ մի բանից «չենք վախենա» (Եսայիա 12։2)։