ՀՈՒՆՎԱՐԻ 23, 2024
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
103 տարեկանում մահացել է «Գաղաադ» դպրոցի առաջին դասարանի վերջին շրջանավարտը
2023 թ. նոյեմբերի 23-ին մահացավ Մերի Լարիմերը, ով ավարտել էր Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» քոլեջի առաջին դասարանը։ a Մերին ծնվել էր 1920 թ. հունիսի 4-ին Փենսիլվանիայի Սիների Հիլ համայնքում։ Նա մկրտվել էր Վաշինգտոնում (ԱՄՆ) անցկացված համաժողովին՝ 1935 թ.-ին՝ 15 տարեկանում։ Չորս տարի անց քույր Լարիմերը ռահվիրայություն էր սկսել և շուտով եռանդուն քարոզչի համբավ ձեռք բերել։
1942 թ. դեկտեմբերին Մերին հրավեր ստացավ եղբայր Նաթան Նորից, ով այդ ժամանակ առաջնորդում էր կազմակերպությունը, որ Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» քոլեջ կոչվող նոր դպրոցում սովորելու դիմում լրացնի։ Հրավերում մասնավորապես նշվում էր, որ «քոլեջի նպատակն է նախապատրաստել նշանակված ծառայողների՝ կանանց և տղամարդկանց, ամբողջ աշխարհով մեկ միսիոներական ծառայություն կատարելու համար»։ Այնտեղ նաև նշվում էր. «Քոլեջի յուրաքանչյուր դասընթաց կտևի հինգ ամիս.... Դասընթացն այս կարճ ժամանակում ավարտելու համար ուսանողներից կպահանջվի ջանասիրություն և ինտենսիվ ուսումնասիրություն»։ Մերին անմիջապես ուղարկեց իր դիմումը։
1943 թ. փետրվարի 1-ին նա և իր 99 համադասարանցիները Սաութ Լանսինգ քաղաքում (Նյու Յորք, ԱՄՆ) մասնակցեցին նոր դպրոցի դասերի առաջին օրվան։ Մոտ հինգ ամիս տևած դասընթացներին Մերին ջանք չէր խնայում, որ ավելին սովորի Աստվածաշնչի մասին։ Նա գերազանցիկ էր և դպրոցն ավարտեց 1943 թ. հունիսի 23-ին։
Դպրոցն ավարտելուց հետո Մերին որպես միսիոներ նշանակվեց ծառայելու Կուբայում։ Նկարագրելով իր նոր նշանակման հետ կապված որոշ դժվարություններ՝ նա պատմել է. «Մարդիկ շատ աղքատ էին։ Ծառայության ժամանակ մենք պետք է շատ քայլեինք.... Ավտոմեքենաներ չունեինք»։ Մերին մնաց իր նշանակման մեջ մինչև 1948 թ.։ Դրանից հետո նա վերադարձավ Փենսիլվանիա՝ խնամելու մորը, ով լուրջ վնասվածքներ էր ստացել։ Հաջորդող տասնամյակներին Մերին, ով ամուրի էր, լիարժեքորեն մասնակցում էր ծառայությանը և աստվածապետական այլ միջոցառումների։ Մինչև իր մահը նա ծառայեց Գլենդելի (Կալիֆոռնիա, ԱՄՆ) ժողովներից մեկում։
Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոցը այժմ գտնվում է Պատերսոնում (Նյու Յորք), որտեղ այս պահին սովորում է 155-րդ դասարանը։ Երբ եղբայր Մարկ Նումերը՝ «Գաղաադի» դասավանդողներից մեկը, լսեց Մերիի մահվան մասին, ասաց. «Մերին փոքր քաղաքից երիտասարդ մի աղջնակ էր, ով պատրաստ էր գնալ հեռուներ ու մարդկանց պատմել Եհովայի մասին։ Նա գաղափար անգամ չուներ, թե իրեն ուր կուղարկեն, և թե արդյոք երբևէ կվերադառնա։ Մերիի պես «Գաղաադն» ավարտած միսիոներները օգնել են գցել համաշխարհային քարոզչական գործի հիմքը և նպաստել են աճին» (Եսայիա 6:8)։
a 1946 թ.-ին Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» քոլեջի անունը փոխվեց և դարձավ «Դիտարանի աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց»։