ԱՊՐԻԼԻ 27, 2020
ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ
2020 թ. Հիշատակի երեկո. Միացյալ Նահանգներ
Հիշատակի երեկոյի ելույթը հեռարձակվում է Ֆլորիդայի երկու կալանավայրերում
Ապրիլի 7-ին Հիշատակի երեկոյի նախապես ձայնագրված ելույթը հեռարձակվեց Ֆլորիդայի Փալմ Բիչ շրջանի երկու բանտերի ավելի քան 1 100 բանտարկյալների համար, քանի որ ոչ մի Եհովայի վկա չէր կարող այցելել բանտ ելույթը ներկայացնելու համար։
Եղբայրներից մեկը, որն այն 12 եղբայրների թվում է, որոնք ամեն շաբաթ այցելում են բանտեր և մարդկանց հետ աստվածաշնչյան թեմաներով զրույցներ են ունենում, ասաց. «Մենք ապշել էինք, թե ինչպես ամեն ինչ դասավորվեց։ Ակնհայտ էր, որ Եհովան ուզում էր՝ այս մարդիկ լսեին Հիշատակի երեկոյի ելույթը»։
Եղբայրները բանտի քահանայից թույլտվություն էին ստացել, որ Հիշատակի երեկոյի ելույթը ներկայացնեն երկու բանտերում։ Սակայն COVID-19 համավարակի պատճառով իշխանությունները սահմանափակումներ դրեցին, ինչի հետևանքով այդ ծրագրերը խափանվեցին։ Եվ մինչ եղբայրները մտածում էին, թե այդ հարցին ինչ լուծում գտնեն, նրանց անակնկալի բերեց քահանայի հարցը։ Նա հարցրել էր՝ արդյոք կա Հիշատակի երեկոյի ելույթի ձայնագրությունը, քանի որ արդեն կազմակերպել էր, որ ելույթը հեռարձակվի երկու բանտերում։
Տեսանյութից բացի՝ եղբայրները որոշեցին քահանային տրամադրել նաև հրավիրատոմսեր, որոնք նա կարող էր տարածել կամ դնել ցուցադրության։ Եղբայրներին մեկ ուրիշ անակնկալ էլ էր սպասում։ Քահանան արդեն Հիշատակի երեկոյի ելույթը ներկայացնող ցուցատախտակներ էր տեղադրել երկու շենքերում։ Եվ ապրիլի 7-ին՝ Հիշատակի երեկոյի օրը, բոլոր բանտարկյալները ցանկության դեպքում կարող էին դիտել Աստվածաշնչի վրա հիմնված ելույթը։
Հիշատակի երեկոյից հետո քահանան կապ հաստատեց եղբայրների հետ և բանտարկյալների համար Աստվածաշնչեր խնդրեց։ Եղած գրքերը նա արդեն բաժանել էր, սակայն դեռ կային մարդիկ, որ ուզում էին, բայց չէին ստացել։
Անչափ ուրախ ենք, որ նույնիսկ բանտի պատերը չեն կարող խոչընդոտել, որ Աստծու Խոսքը հասնի մարդկանց (Մատթեոս 24։14)։