ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 2023
ՄԻԿՐՈՆԵԶԻԱ
«Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է տեսել տրուկ լեզվով
2023 թ. հոկտեմբերի 1-ին Միկրոնեզիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ եղբայր Կառլիտո Դելա Կրուզը հայտարարեց տրուկ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին։ Հայտարարությունն արվեց Միկրոնեզիայում տրուկ լեզվով տեղի ունեցած հատուկ հանդիպման ժամանակ, որին ֆիզիկապես ներկա էր 83 հոգի։ Ծրագրին տեսակապի միջոցով միացել էր 435 մարդ, այդ թվում՝ Գուամի և Միացյալ Նահանգների տրուկախոս ժողովներում ու խմբերում ծառայող քարոզիչները։ Լույսընծայումից անմիջապես հետո թվային ձևաչափով տարբերակը հասանելի դարձավ բեռնելու համար։ Տպագիր օրինակները հասանելի կլինեն 2024 թ. հունվարին։
Տրուկ լեզվով հիմնականում խոսում են Չուուկ կղզիներում, որոնք գտնվում են Խաղաղ օվկիանոսի արևմտյան շրջանում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգների մաս են կազմում։ Եհովայի վկաները սկսել են Աստվածաշնչի վրա հիմնված հրատարակությունները թարգմանել տրուկ լեզվով 1978 թ.-ին։ Այսօր Չուուկ կղզեխմբի տրուկախոս երկու ժողովներում, Գուամ կղզու մեկ ժողովում և ԱՄՆ-ում գործող մեկ ժողովում, երեք խմբերում ու մեկ նախախմբում ծառայում են շուրջ 180 հավատակիցներ։
Թեև տրուկ լեզվով Աստվածաշնչի այլ թարգմանություններ էլ են առկա, սակայն դրանցում բացակայում է Աստծու անունը։ «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» մեջ Աստծու անունը վերականգնվել է բոլոր այն տեղերում, որտեղ այն պետք է լինի։ Եղբայր Դելա Կրուզը նշեց. «Վստահ եմ, որ Աստվածաշնչի այս թարգմանությունը կօգնի տրուկախոս բազում մարդկանց ոչ միայն իմանալ Եհովայի անունը, այլև մոտենալ նրան»։
Ուրախ ենք տրուկ լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման համար։ Այն կօգնի, որ է՛լ ավելի շատ մարդիկ, «ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ», ճանաչեն Եհովային (Գործեր 13։48)։