Անցնել բովանդակությանը

Ամառու Տեյսհեյրան հայտարարում է նդաու լեզվով «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանության» լույսընծայման մասին

ՄԱՐՏԻ 2, 2021
ՄՈԶԱՄԲԻԿ

Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» նշանակալից լույսընծայումը Մոզամբիկում

«Նոր աշխարհ թարգմանությունն» այժմ հասանելի է 200 լեզվով

Աստվածաշնչի «Նոր աշխարհ թարգմանության» նշանակալից լույսընծայումը Մոզամբիկում

2021 թ. փետրվարի 28-ին «Քրիստոնեական Հունարեն Գրությունների նոր աշխարհ թարգմանությունը» լույս է ընծայվել նդաու լեզվով։ Այժմ «Նոր աշխարհ թարգմանությունը» ամբողջական կամ մասամբ հասանելի է 200 լեզվով։ Ընդ որում՝ նախորդ օրը՝ փետրվարի 27-ին, «Աստվածաշունչ. Ավետարան ըստ Մատթեոսի» գիրքը լույս ընծայվեց չուաբո լեզվով։

Երկու թարգմանությունների մասին հայտարարությունն էլ արեց Մոզամբիկի մասնաճյուղի կոմիտեի անդամներից մեկը՝ եղբայր Ամառու Տեյսհեյրան։ Քարոզիչները դիտեցին այդ ծրագրի տեսագրությունը։ Ծրագիրը հեռարձակվեց նաև հանրային հեռուստաընկերությամբ և մի քանի ռադիոկայաններով։ Ովքեր էլեկտրոնային սարքեր չունեն, նրանց համար Մատթեոսի Ավետարանը հասանելի կլինի նաև 64-էջանոց գրքույկի տեսքով։

Զամբեզիայի մարզում 1,4 մլն մարդ է խոսում չուաբո լեզվով։ Ընդհանուր առմամբ 492 քարոզիչ է ծառայում այդ լեզվով խոսող դաշտում։

Եղբայր Նիկոլաս Ալադիսը, որը ծառայում է Եհովայի վկաների գլխավոր վարչության թարգմանչական խմբերի սպասարկման բաժնում, նշում է. «Մատթեոսի Ավետարանի թարգմանությունը չուաբո լեզվով մեծ առաջընթաց է։ Նախկինում օգտագործվող թարգմանությունը բարդ էր, և ընկալելը դժվար էր»։

Նդաու լեզվով խոսող 1 500 քարոզիչ կա, և ընդհանուր առմամբ ավելի քան 1,1 մլն մարդ է այդ լեզվով խոսում կենտրոնական Մոզամբիկում։

Նախագծի ընթացքում երկրում երեք մեծ աղետ տեղի ունեցավ։ 2019 թ.-ին «Իդայ» ցիկլոնը մեծ ավերածություններ առաջացրեց Մոզամբիկում։ Հաջորդ տարի Մոզամբիկը մյուս երկրների նման սկսեց պայքարել COVID-19 համավարակի դեմ։ Այնուհետև 2021 թ. սկզբին «Էլոիզ» ցիկլոնը հարվածեց Մոզամբիկին։ Չնայած այս դժվարություններին՝ 5-հոգանոց թարգմանչական խումբը երկուսուկես տարում ավարտեց նախագիծը։

Նդաու լեզվով թարգմանող խմբի անդամներից մեկն ասում է. «Մինչև հիմա հավատս չի գալիս, որ այս դժվար պայմաններում մեզ հաջողվեց ավարտել նախագիծը։ Ինձ համար սա հրաշք է։ Արդյունքները գերազանցեցին մեր սպասելիքներն ու հնարավորությունները։ Ողջ փառքը Եհովայինն է»։

Եղբայր Ալադիսն էլ ասում է. «Նդաու լեզվով խոսող մեր եղբայրները, այդ թվում ՝ թարգմանիչները վերջին ժամանակներում շատ փորձություններ են ունեցել, որոնց պատճառով Աստվածաշնչի թարգմանության տևողությունը երկարել է։ Սակայն հիմա Քրիստոնեական Հունարեն Գրությունների այս պարզ թարգմանությունը մեծ նվեր կլինի մեր հավատակիցների համար, ինչպես նաև՝ քաջալերանքի ու թարմության աղբյուր»։

Ջեֆրի Ջեքսոնը, որը Կառավարիչ մարմնի անդամ է, ասում է. «Ցանկացած Աստվածաշնչի թարգմանություն զոհողություններ է պահանջում։ Այս բոլոր դժվարություններից, մասնավորապես՝ բնական աղետներից հետո տեղին է, որ նդաու լեզվով թարգմանված Աստվածաշնչի այս լույսընծայումը նշանակալից համարվի, քանի որ այն մեր կողմից 200-րդ լեզվով թարգմանված Աստվածաշունչն է։ Վստահ ենք, որ Աստվածաշնչի այս թարգմանությունը մեծ օրհնություն կլինի Մոզամբիկի՝ նդաու լեզվով խոսող բնակչության համար»։

Աստվածաշնչի այս թարգմանությունների կապակցությամբ՝ մենք ցնծում ենք մեր եղբայրների համար։ Հստակ է, որ Եհովային ոչինչ չի կարող հետ պահել իր նպատակները իրագործելուց (Եսայիա 43:13):