Անցնել բովանդակությանը

Տեղի եղբայրներն ու քույրերը և Վկա փաստաբանները՝ Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում՝ առաջին ատյանի վարչական դատարանի առջև

ՕԳՈՍՏՈՍԻ 24, 2018
ՄՈՆՂՈԼԻԱ

Մոնղոլիան պաշտպանում է կրոնի ազատությունը. Եհովայի վկաներին վերագրանցում են

Մոնղոլիան պաշտպանում է կրոնի ազատությունը. Եհովայի վկաներին վերագրանցում են

2018 թ. հունիսի 14-ին Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորի քաղաքային խորհուրդը Եհովայի վկաներին շնորհեց մի վկայական, որով նրանք կրկին ստացան պետական գրանցում։

Վերագրանցման վկայականը, որը Եհովայի վկաներին հնարավորություն է տալիս պաշտոնապես գործելու Ուլան Բատորում

Մոնղոլիայում կրոնական կազմակերպություններից պահանջվում է ամեն տարի վերագրանցվել, և մեր եղբայրներին հաջողվել էր դա անել՝ սկսած 1999 թ.-ից, երբ առաջին անգամ կազմակերպությունը գրանցվեց։ Սակայն 2015 թ.-ին քաղաքային խորհուրդը մերժեց գրանցել մեր իրավաբանական անձը Ուլան Բատորում։ Իսկ 2017 թ. հունվարին քաղաքային խորհրդի որոշմամբ չեղյալ համարվեց իրավաբանական անձին տրված կրոնական գործունեություն իրականացնելու թույլտվությունը։ Խորհրդի ներկայացուցիչները հրաժարվեցին իրենց որոշումը հիմնավորող ապացույցներ տրամադրելուց։ Եղբայրները որոշեցին դատական կարգով վիճարկել քաղաքային խորհրդի որոշումը։

Վարչական դատարանում գործի քննության ժամանակ քաղաքային խորհրդի շահերը պաշտպանող փաստաբանը որպես ապացույց ներկայացրեց Ռուսաստանում մեր իրավաբանական անձինք լուծարելու մասին Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը։ Մեր փաստաբանները առարկեցին՝ նշելով, որ այդ որոշումը ենթարկվել է միջազգային քննադատությանը և բողոքարկվում է միջազգային դատական ատյաններում։ Բացի այդ, նշեցին նաև, որ Ռուսաստանի Գերագույն դատարանի որոշումը կայացվել է քաղաքային խորհրդի որոշումներից հետո, ուստի այն չի կարող քաղաքային խորհրդի որոշումների համար որպես արդարացում բերվել։

Վարչական դատարանը չեղյալ համարեց քաղաքային խորհրդի որոշումը՝ հանգելով այն եզրակացության, որ խորհուրդը որոշում է կայացրել չհաստատված տեղեկության հիման վրա և չի հիմնավորել գործունեության վտանգավոր լինելու հանգամանքը։ Դատարանը նաև սահմանեց, որ քաղաքային խորհուրդը ոտնահարել է եղբայրների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ կրոնը կամ համոզմունքը դավանելու ազատությունը։

Սույն գործով Եհովայի վկաների շահերը պաշտպանող փաստաբաններից մեկը՝ Ջեյսոն Ուայզը, նշում է. «Թեև հիմնարար իրավունքներն ու ազատությունները կախված չեն պետական գրանցումից, սակայն հաճախ դժվար է առանց խոչընդոտների դավանել կրոնը, եթե չկա պետական գրանցում։ Իրավաբանական անձ ունենալը հեշտացնում է նաև Աստվածաշնչեր և աստվածաշնչյան գրականություն ներմուծելը, պաշտամունքի վայրեր ձեռք բերելը և համաժողովի վայրեր վարձակալելը։ Ուրախ ենք, որ վարչական դատարանը չեղյալ համարեց Ուլան Բատորի քաղաքային խորհրդի որոշումը և սահմանեց, որ նման որոշումները բացասաբար են անդրադառնում Մոնղոլիայում կրոնի և միավորվելու մեր ազատության վրա»։