Անցնել բովանդակությանը

Քույրեր Պուշպա Գիմիրեն (ձախ կողմում) և Տիրթա Մայա Գելեն (աջ կողմում)՝ իրար շղթայված։ Լուսանկարն արված է նախքան 2019 թ. նոյեմբերի 4-ին Նեպալի կալանավայրից նրանց ազատ արձակվելը

ՆՈՅԵՄԲԵՐԻ 15, 2019
ՆԵՊԱԼ

Նեպալում երկու Եհովայի վկաներ անհիմն կերպով դատապարտվել են ազատազրկման և ազատ արձակվել, մինչ քննվում է նրանց գործը

Նեպալում երկու Եհովայի վկաներ անհիմն կերպով դատապարտվել են ազատազրկման և ազատ արձակվել, մինչ քննվում է նրանց գործը

Երկու Եհովայի վկա՝ Տիրթա Մայա Գելեն և Պուշպա Գիմիրեն, դատապարտվել էին երեք ամսվա ազատազրկման պարզապես իրենց հավատը դավանելու համար։ Այս իրավունքը պաշտպանված է Նեպալի օրենքով և միջազգային իրավունքով։ 2019 թ. նոյեմբերի 4-ին նրանք պայմանականորեն ազատ արձակվեցին՝ կրելով սահմանված պատժի ավելի քան մեկ ամիսը։

Դրանից ուղիղ մեկ տարի առաջ Գելե և Գիմիրե քույրերը ձերբակալվել էին Աստվածաշնչով հետաքրքրված մարդկանց հետ փողոցում զրուցելու համար։ 13 օր կալանքի տակ գտնվելուց հետո նրանք վճարեցին խոշոր չափի տույժ՝ 100 000 նեպալական ռուփի (մոտ 930 ԱՄՆ դոլար) և ազատ արձակվեցին։ Սակայն տեղի իշխանությունները շարունակեցին քույրերի դեմ հարուցված քրեական գործի քննությունը։

2018 թ. դեկտեմբերի 10-ին սկսվեց քույրերի դատավարությունը, և նիստը շարունակվեց մոտ տասը ամիս։ 2019 թ. սեպտեմբերի 25-ին Ռուպանդեհի շրջանային դատարանը երկու քույրերին երեք ամիս ժամկետով ազատազրկման դատապարտեց և սահմանեց տույժ 2 500 նեպալական ռուփիի (մոտ 23 ԱՄՆ դոլար) չափով։

Շրջանային դատարանը քույրերին մեղավոր ճանաչեց մարդկանց դավանափոխ անելու մեջ պարզապես կրոնական գրականություն ունենալու և այն տարածելու պատճառով։ Քանի որ Նեպալը Միավորված Ազգերի կազմակերպության անդամ է, ինչպես նաև վավերացրել է Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, կառավարությունը պարտավոր է երաշխավորել իր քաղաքացիների՝ իրենց կրոնական համոզմունքները փոխելու և դրանք ինչպես հանրորեն, այնպես էլ մասնավոր կերպով արտահայտելու ազատությունը։ Ինչ վերաբերում է Գելե և Գիմիրե քույրերին, նրանք ուրիշներին չէին ստիպում դավանափոխ լինել, այլ պարզապես կրոնական գրականություն էին տալիս նրանց, ովքեր հետաքրքրություն էին ցույց տալիս։ Սրա հիման վրա քույրերին ներկայացնող փաստաբանները 2019 թ. հոկտեմբերի 31-ին բողոք ներկայացրին վերաքննիչ դատարան։ Դատարանը որոշեց, որ կարիք չկա, որ քույրերը կալանավայրում լինեն բողոքարկման ընթացքում։ Ուստի նրանք ազատ արձակվեցին, քանի դեռ գործը քննության մեջ է։

Մենք աղոթում ենք, որ Եհովան շարունակի իր սուրբ ոգին տալ Գելե և Գիմիրե քույրերին, որպեսզի նրանք ունենան ուժ, ուրախություն և խաղաղություն, մինչ սպասում են բողոքի վերաբերյալ դատարանի որոշմանը (Հռոմեացիներ 15։13