Անցնել բովանդակությանը

ՀՈՒՆԻՍԻ 17, 2015
ՆԵՊԱԼ

Եհովայի վկաները միավորում են իրենց ուժերը՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար

Եհովայի վկաները միավորում են իրենց ուժերը՝ Նեպալի երկրաշարժից տուժածներին օգնելու համար

ԿԱՏՄԱՆԴՈՒ (Նեպալ)։ Եհովայի վկաները Բանգլադեշից, Գերմանիայից, Հնդկաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից և Միացյալ Նահանգներից միավորում են իրենց ուժերը՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ Երկրաշարժը տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 25-ին Նեպալում։ Հազարավոր մարդիկ մահացան, այդ թվում մեկ Վկա և նրա երկու երեխաները։ Երկրորդ երկրաշարժը տեղի ունեցավ 2015թ. մայիսի 12-ին։ Սակայն այս անգամ Վկաների հաղորդած տեղեկության համաձայն՝ ոչ մի Վկա չի մահացել կամ լուրջ վնասվածքներ կրել, մեծ վնասներ չեն կրել նաև նրանց տները։

Եհովայի վկաները օրը երկու անգամ սնունդ են մատակարարում իրենց հավատակիցներին և այլ տուժածների

Առաջին երկրաշարժի հաջորդ օրը Նեպալում Եհովայի վկաների տեղի գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին Կատմանդուի հարթավայրում գտնվող բոլոր ժողովները։ Այս շրջանը առավել վնասվել էր երկրաշարժի հետևանքով. ավերվել էր Եհովայի վկաների 38 տուն, իսկ 126-ը վնասվել էր։ Անօթևան Վկաներին տեղավորեցին հավատակիցների տներում, Թագավորության սրահներում (երկրպագության վայրեր) և վրաններում։ Բացի այդ, Նեպալի գրասենյակը սկսեց սնունդ մատակարարել։ Հումանիտար օգնություն եկավ նաև Բանգլադեշից, Հնդկաստանից և Նեպալի այլ քաղաքներից՝ Բիրգանջից, Դամաուլիից, Մահենդրանագարից և Պոկհարայից։ Ներկա դրությամբ աղետից տուժածներին օգնելու կոմիտեի առաջնորդության ներքո կառուցվում են ժամանակավոր կացարաններ տուժածների համար։ Շինարարությանը մասնակցող Եհովայի վկա կամավորները ժամանել են Հնդկաստանից, Ճապոնիայից և Նեպալից։

Նեպալի՝ Եհովայի վկաների գրասենյակի կամավորները Բիրգանջ քաղաքից ստացած հումանիտար օգնություն են պահեստավորում

Նեպալում Եհովայի վկաների ներկայացուցիչ Ռուբեն Տապալիան նշում է. «Մենք մտածում ենք ոչ միայն տուժածների նյութական կարիքների մասին, այլև նրանց հոգևոր բարօրության։ Սնունդ, ջուր և ծածկ տրամադրելուց բացի, մենք ամեն ջանք թափում ենք, որպեսզի հովվական աջակցություն էլ ցույց տանք»։ Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Գարի Բրոն 2015թ. մայիսի 2-ից 5-ը այցելեց աղետի գոտում գտնվող տարբեր ժողովներ, ինչպես նաև առանձին ընտանիքների։ 2015թ. մայիսի 4-ին հատուկ կազմակերպված աստվածաշնչյան ծրագրի ժամանակ նա ելույթ ներկայացրեց, որը հեռարձակվեց նաև այդ տարածաշրջանի մյուս ժողովներ։ Բացի այդ, 2015թ. մայիսի 5-ին Նեպալ ժամանեց Կենջի Չիչին՝ Եհովայի վկաների՝ Ճապոնիայի մասնաճյուղի ներկայացուցիչը։ Նա նույնպես այցելեց տուժածների ընտանիքներին և Աստվածաշնչի վրա հիմնված քաջալերական ելույթներ ներկայացրեց։

Եհովայի վկաների գլխավոր վարչության ներկայացուցիչ Գարի Բրոն (աջից) կանգնած է կիսավեր շենքի առաջ

Եհովայի վկաների՝ Գերմանիայի մասնաճյուղը բուժաշխատողների խումբ կազմեց։ Այդ խմբի մեջ կային վիրաբույժ, անեսթեզիոլոգ, բուժքույր և բուժակ։ Եհովայի վկաները Բանգլադեշից, Հնդկաստանից և Ճապոնիայից այս խմբին տրամադրեցին անհրաժեշտ դեղորայք, ինչպես նաև վիրահատական և ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ շարժական սարքավորումներ։ Խմբի անդամները համագործակցում էին Նեպալի՝ աղետից տուժածներին օգնելու կոմիտեի հետ և հիվանդներին բժշկական օգնություն էին տրամադրում աղետի գոտում գտնվող Թագավորության սրահում, որը վերածվել էր օգնության շտաբի։

Օգնություն տրամադրող խումբը հաստատվել է Կատմանդուի Թագավորության սրահներից մեկում, որտեղ տուժած Վկաները ապաստան են գտել և սնունդ են ստանում

Ջեյմս Բրաունը՝ Եհովայի վկաների գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչը, նշում է. «Մենք գիտակցում ենք, որ աղետից տուժածները միայն ֆիզիկական օգնության կարիք չունեն այս սարսափելի դժբախտությունը վերապրելու համար, ուստի շարունակում ենք նրանց օգնել։ Ուզում ենք հավաստիացնել Նեպալի մեր հավատակիցներին, նաև մյուս տուժածներին, որ մենք կշարունակենք ինչպես նյութական, այնպես էլ հոգևոր օգնություն ցույց տալ նրանց։ Մենք անդադար մտածում ենք ձեր մասին և աղոթում ենք ձեզ համար»։

Մեդիա կոնտակտ(ներ)

Միջազգային: Ջ. Ռ. Բրաուն, Հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. +1 718 560 5000

Գերմանիա: Վոլֆրամ Սլուպինա, հեռ. +49 6483 41 3110

Ճապոնիա: Իչիկի Մատսունագա, հեռ. +81 46 233 0005

Նեպալ: Ռուբեն Տապալիա, հեռ. +977 9813469616