ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 2022
ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐ
Փորձություններով ու հաղթանակներով լի հարյուրամյակ Նիդերլանդներում
Այս տարի՝ 2022 թ.-ին, լրանում է Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում մասնաճյուղի հիմնադրման հարյուրամյակը։ Այդ տարիների ընթացքում եղբայրներն ու քույրերը անկոտրում հավատ ու մեծ քաջություն են դրսևորել։
Բարի լուրը Նիդերլանդներ հասավ 20-րդ դարի սկզբին, երբ Հայնրիխ Բրինկհոֆ անունով մի երիտասարդ հետաքրքրվեց Դիտարանի ընկերության և Աստվածաշնչի միջազգային ուսումնասիրողների միության տպագրած գրականությամբ։ Շուտով նա սկսեց իր սովորածը պատմել ուրիշներին, և ճշմարտության սերմերը կամաց-կամաց ծլարձակեցին։ 1920 թ.-ին եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը այցելեց Եվրոպա և Շվեյցարիայում մասնաճյուղ հիմնեց, որի հոգածությանը հանձնեց նաև մեր գործունեությունը Նիդերլանդներում։ 1921 թ.-ին եղբայր Ռադերֆորդը նշանակեց եղբայր Ադրիան Բլոկին՝ վերահսկելու Նիդերլանդներում իրականացվող գործունեությունը։ 1922 թ.-ին Ամստերդամում մասնաճյուղ հիմնվեց։
Նոր մասնաճյուղի գործունեության շնորհիվ քարոզչական գործը ավելի կազմակերպված դարձավ։ Եհովայի ծառաների թիվը մեծ թափով աճում էր։ Երկրորդ համաշխարհային պատերազմից կարճ ժամանակ առաջ մոտ 500 քարոզիչ ակտիվորեն տարածում էր բարի լուրը Նիդերլանդներում։
Պատերազմի ժամանակ նացիստները իրենց տիրապետության տակ վերցրին Նիդերլանդները։ Ոմանց նման՝ Եհովայի վկաներն էլ հալածանքի կիզակետում հայտնվեցին։ Օկուպացիայի ընթացքում երկրից արտաքսվեցին մոտ 300 նիդերլանդցի Վկաներ, որոնցից շատերը աքսորվեցին համակենտրոնացման ճամբարներ։ Մեր հավատակիցներից մոտ 130-ը զրկանքների և հիվանդության պատճառով մահացավ։ Չնայած այս հալածանքին՝ Նիդերլանդներում Վկաների թիվը շարունակում էր աճել։ Պատերազմի ավարտին՝ 1945 թ.-ին, այն արդեն հասել էր 3 125-ի։
Սակայն պատերազմի ավարտը վերջ չդրեց փորձություններին։ Կաթոլիկ եկեղեցին բուռն հակառակություն բարձրացրեց Վկաների դեմ, հատկապես՝ երկրի հարավային շրջաններում։ Օրինակ՝ 1952 թ.-ին կաթոլիկ եկեղեցին փորձեց խափանել Վենլոյում կայանալիք համաժողովը։ Եկեղեցու հրահրմամբ համաժողովի համար տարածքի վարձակալման պայմանագիրը չեղարկվեց։ Բայց դա չկանգնեցրեց մեր հաստատակամ եղբայրներին։ Նրանք բաց երկնքի տակ վրան կանգնեցրին և համաժողովը այնտեղ անցկացրին։
Հակառակորդները չնահանջեցին։ 1000 հոգանոց մի խառնամբոխ եկավ խափանելու ծրագիրը։ Կիրակի օրվա հետճաշյա ծրագրի ընթացքում ոստիկանները նույնիսկ խուզարկեցին համաժողովի տարածքը և ձերբակալեցին մի քանի եղբայրների։
Հակառակորդների բոլոր ջանքերը ձախողվեցին։ Մասնաճյուղի խորագետ առաջնորդությանը հետևելու շնորհիվ պատասխանատու եղբայրները ավարտին հասցրին համաժողովը։
Եհովան շարունակեց օրհնել իր ծառաների հաստատակամությունը։ 1983 թ.-ին Նիդերլանդների մասնաճյուղը տեղափոխվեց Էմմեն։ 2022 թ. դրությամբ Եհովայի վկաների թիվը Նիդերլանդներում գրեթե 30 000 է։
Նիդերլանդներում Եհովայի վկաների պատմությունը անհերքելիորեն փաստում է, որ Եհովան «երբեք չի լքի ու չի թողնի» իր ժողովրդին (2 Օրենք 31։6)։