ՀՈՒՆՎԱՐԻ 11, 2023
ՆՈՐՎԵԳԻԱ
Նորվեգիայի դատարանը կասեցրեց Եհովայի վկաների գրանցումը չեղարկելու փորձը
2022 թ. դեկտեմբերի 30-ին Օսլոյի շրջանային դատարանը որոշում կայացրեց, որով ժամանակավորապես կասեցրեց կառավարության կողմից մեզ՝ որպես կրոնական համայնքի գրանցումից զրկելու գործընթացը։ Դրա անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ Օսլոյի և Վիկենի նահանգապետը հայտարարեց մեր պետական գրանցումը չեղարկելու իր որոշման մասին։ Այս որոշումը մեզ թույլ է տալիս պահպանել գրանցումը այնքան ժամանակ, քանի դեռ հարցը չի քննարկվել դատարանի կողմից։ Երեխաների և ընտանիքների նախարարությունը վիճարկում է դատարանի որոշումը։
Շրջանային դատարանի որոշումը դրական ազդեցություն ունեցավ մեր եղբայրների և քույրերի, այդ թվում՝ մի քանի նշանված զույգերի վրա։ Նորվեգիայի կառավարությունը զույգին գրանցելու՝ հարսանեկան արարողությունը անցկացնելու թույլտվություն տալիս է միայն գրանցված կրոնական համայնքների անդամներին։ Երբ կառավարությունը հայտարարեց, որ պատրաստվում է չեղարկել Եհովայի վկաների գրանցումը, դա նշանակում էր, որ այն Վկաները, որոնք ամուսնություն գրանցելու լիազորություն ունեին, կկորցնեին այն։ Այդուհանդերձ, այժմ դատարանի որոշումը թույլ է տալիս, որ նշանված զույգերը ամուսնանան տեղի Թագավորության սրահում, և որ լիազորված Եհովայի վկան անցկացնի արարողությունը։
Եղբայր Անդրե Բյորնստադը և քույր Յասմին դե Անդրադե Մոնթելոն այն նշանված զույգերից են, որոնք անմիջականորեն տուժել են այդ որոշումից։ Նրանց մեկնաբանությունները ներառված էին 2022 թ. դեկտեմբերի 28-ին ներկայացված ցուցմունքում։ Եղբայր Բյորնստադը խոստովանեց, որ ոմանք կարող են զարմանալ, թե ինչու են ինքն ու իր հարսնացուն խիստ ցանկանում, որ իրենց ամուսնացնի Եհովայի վկաներից մեկը։ Նա նշեց. «Հավատն ու համոզմունքները անչափ կարևոր են մարդկանց համար, սակայն երբ ուրիշները դրանք չեն հարգում, մարդ ասես կորցնի իր ինքնության մի մասը»։
Նախքան Եհովայի վկաների գրանցումը չեղարկելու որոշումը կայացնելը Նորվեգիայի կառավարությունը զրկեց մեզ պետական դրամաշնորհների իրավունքից, որը ստացել էինք ավելի քան 30 տարի առաջ։ Կառավարությունը այս դրամաշնորհները բաշխել է երկրում գրանցված ավելի քան 700 կրոնական ուղղությունների միջև։ 2022 թ. դեկտեմբերի 21-ին Եհովայի վկաները հայց ներկայացրին Նորվեգիայի կառավարության դեմ՝ վիճարկելով պետական դրամաշնորհների իրավունքից զրկելու որոշումը։
Նորվեգիայի կառավարությունը դեմ է ընկերակցությունից զրկելու վերաբերյալ մեր աստվածաշնչյան համոզմունքներին և գործելակերպին։ Նահանգապետն այնքան հեռու գնաց, որ գրանցումը պահելու համար պահանջեց Եհովայի վկաներից փոխել ընկերակցությունից զրկելու կարգը։ Եհովայի վկաների դեմ այս գործողությունները հիմնված չեն որևէ փորձագիտական եզրակացության կամ դատական որոշումների վրա։
Նահանգապետը հայտարարեց, որ գրանցման կորուստը չի սահմանափակի կրոնական ազատությունը։ Սակայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր կազմակերպության գրանցման մերժման հետ կապված նախադեպերում վճռել է, որ նման գործողությունները ոտնահարում են Եհովայի վկաների կրոնական ազատությունը։ a
Եղբայր Յորգեն Պեդերսենը, ով Սկանդինավիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ է, ասում է. «Եհովայի վկաները Նորվեգիայում 130 տարուց ավելի խաղաղ կերպով դավանում են իրենց կրոնը։ Մեր հիմնարար իրավունքներն ու ազատությունները պաշտպանված են Նորվեգիայի Սահմանադրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով։ Եթե նորվեգական դատարանները որոշում կայացնեն մեր օգտին, դա է՛լ ավելի կամրապնդի Նորվեգիայի բոլոր քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները»։