ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 2019
ՇՎԵԴԻԱ
Շվեդիան ճանաչել է, որ Եհովայի վկաները հանրօգուտ գործունեություն են իրականացնում
2000 թ. հունվարի 1-ից Շվեդիայի կառավարությունը «Կրոնական համայնքներին աջակցելու մասին» օրենքի հիման վրա պետական ֆինանսավորում է առաջարկում կրոնական կազմակերպություններին։ Ֆինանսավորվում են միայն կրոնական այն խմբերը, որոնք «նպաստում են այն հիմնարար արժեքների պահպանմանն ու ամրացմանը, որոնց վրա հիմնված է հասարակությունը», և որոնք «կայուն ակտիվ դեր են խաղում համայնքի կյանքում»։
Թեև Շվեդիան 2007 թ.-ից հավանություն էր տվել, որ կրոնական կազմակերպությունների մեծ մասը պետական դրամաշնորհներ ստանա, սակայն բազմիցս հրաժարվել էր դրանք Եհովայի վկաներին տալուց՝ քննադատելով քաղաքական հարցերում չեզոքություն պահելու վերաբերյալ մեր համոզմունքը։
Չունենալով որևէ այլընտրանք՝ մեր եղբայրները Շվեդիայի կառավարության որոշումը երեք անգամ բողոքարկեցին դատարանում։ Ամեն անգամ Գերագույն դատարանի վարչական պալատը սահմանում էր, որ մեր կազմակերպությանը դրամաշնորհներ չտալու մասին կառավարության որոշումը ապօրինի է և պետք է վերանայվի։
Ի վերջո 2019 թ. հոկտեմբերի 24-ին Շվեդիայի կառավարությունը փոխեց իր որոշումը և եկավ այն եզրահանգման, որ Եհովայի վկաները «բավարարում են բոլոր իրավական պահանջները»‵ պետական դրամաշնորհ ստանալու համար։
Նույն հարցը վերջերս բարձրացել էր Նորվեգիայում, որտեղ կառավարությունը պետական դրամաշնորհներ է տրամադրում բոլոր կրոնական կազմակերպություններին, այդ թվում՝ Եհովայի վկաների կազմակերպությանը։ Սակայն վերջին ամիսներին կառավարությանը դիմել էին Եհովայի վկաներին պետական դրամաշնորհներ տրամադրելու հիմքերը վերանայելու խնդրանքով, քանի որ վերջիններս չեզոք են քաղաքական հարցերում։ Ի պատասխան՝ մեր եղբայրները Նորվեգիայի կառավարությանը ճշգրիտ տեղեկություններ տրամադրեցին քաղաքական հարցերում չեզոքություն պահելու մեր տեսակետի վերաբերյալ։ Նրանք նաև կառավարությանը տրամադրեցին Շվեդիայի Գերագույն դատարանի վարչական պալատի, ինչպես նաև Գերմանիայի և Իտալիայի դատարանների և վարչական մարմինների՝ նմանատիպ հարցերի վերաբերյալ հօգուտ մեզ կայացրած որոշումները։
Ուրախ ենք, որ 2019 թ. նոյեմբերի 18-ին նորվեգացի պաշտոնյաները որոշում կայացրին, համաձայն որի՝ Եհովայի վկաները կշարունակեն պետական դրամաշնորհներ ստանալ։ Նրանք եկան հետևյալ եզրահանգման. «Ընտրությունների ժամանակ քվեարկելը նորվեգացի քաղաքացիների հիմնարար իրավունքներից է, սակայն դա պարտավորություն չէ։ Քվեարկելու իրավունքից հրաժարվելը թերևս Եհովայի վկաների համոզմունքներից է.... [սակայն կառավարությունը] չի կարող դիտել դա.... որպես նրանց պետական դրամաշնորհներից զրկելու օրինական հիմք»։
Այս որոշումների վերաբերյալ եղբայր Դագ-Էրիկ Քրիստոֆերսենը, որը ծառայում է Սկանդինավիայի մասնաճյուղում, ասում է. «Մենք ուրախ ենք, որ մեզ համարում են հասարակության վրա դրական ազդեցություն ունեցող համայնք։ Հույս ունենք, որ այն երկրները, որտեղ նման կարգ գոյություն ունի, հաշվի կառնեն այս որոշումը»։ Այս ամենի համար ողջ փառքը տալիս ենք Եհովային՝ Գերագույն Օրենսդրին (Եսայիա 33:22):